«Մեզ թվում է՝ աշխարհում ճանաչված ենք որպես հնագույն ազգ, այնինչ ինքներս ինքնաճանաչման խնդիր ունենք»։
«Գիտությունն էլ է ռազմաճակատ, մենք էլ մեր պատերազմն ենք վարում»։
«Մշակույթը ստեղծողինը չէ, այլ նրանը, ով պատրաստ է հոգ տանել, պահպանել այն»:
Ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը Հայաստանում միակն է, որ եռաչափ մոդելավորմամբ ներկայացնում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ճարտարապետությունը: «Ինձ համար հետաքրքիր է այն, ինչ քիչ է ուսումնասիրված: Նախաքրիստոնեական շրջանը մեր պատմության լուսանցքում է․ հասկացա, որ կա կարիք այն նորովի, ըստ արժանվույն ներկայացնելու»:
Ռուբենը թեև միակն է իր գործում, բայց այն, ինչ անում է, մեկ մարդու գործ չէ: Հազարամյա ճարտարապետության վերակազմումը, պատմական հագուստների վերարտադրությունը կատարվում է հնէաբանների, մարդաբանների, երկրաբանների, պատմաբանների աշխատանքի շնորհիվ:
Գիտելիք և գիտական աղբյուրների հասանելիություն. առանց սրանց, հնարավոր չէ ճանաչել որևէ ժամանակաշրջան՝ ասում է ճարտարապետը՝ ընդգծելով, որ թե՛ ճարտարապետության վերակազմությունը և թե՛ հագուստի վերականգնումն ունեն գիտական հիմք և ոչ՝ գեղարվեստական, ստեղծագործական:
Ճարտարապետ-վերակազմողն իր աշխատանքներից առանձնացնում է Արտաշատ մայրաքաղաքի ամրոցաշինական կառույցների եռաչափ վերակազմությունը. «Հայոց Կարթագեն որակված մայրաքաղաքի եռաչափ մոդելավորումը պատվախնդիր գործ էր։ Պատահական չէ, որ վերակազմությունը հրապարակվեց Գերմանիայում լույս տեսած հայկական ճարտարապետությանը նվիրված ժողովածուում: Կարևոր է նաև Էրեբունի և Կարմիր բլուր (Թեյշեբաինի) հնավայրերի մի շարք կառույցների վերակազմությունը»,-նշում է Ռուբեն Սարգսյանը:
Արցախը ևս մասնագետի ուշադրության կենտրոնում է: Տիգրանակերտի ամրաշինական կառույցների վերակազմումը պատրատ է, Ռուբենն այն հեղինակել է Տիգրանակերտի պեղումների ղեկավար Համլետ Պետրոսյանի, ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանի ուսումնասիրությունների հիմամբ: «Պատրաստվում ենք Տիգրանակերտի մասին մի քանի լեզուներով գիրք հրատարակել։ Չի կարելի հապաղել, գիրքը պետք է հրատարակվի, քանի ադրբեջանցիները չեն հասցրել խեղաթյուրել փաստերը: Գիտությունն էլ ռազմաճակատ է, մենք էլ մեր պատերազմն ենք վարում»:
Ռուբենի համար կարևոր է մարդկանց հետաքրքրությունն իր աշխատանքի նկատմամբ․ասում է՝ այդպիսով, առանց մեծ ջանքերի, հնարավոր է ճանաչել այս կամ այն ժամանակաշրջանը, պատմությունը:
«Մեզ թվում է՝ աշխարհում ճանաչված ենք որպես հնագույն ազգ, այնինչ ինքներս ինքնաճանաչման խնդիր ունենք»,-ասում է նա։
Այս հարցում ճարտարապետ-վերակազմողը փոքրիկ հաջողություն է համարում Պանամայում կայանալիք միջազգային մրցույթին իր վերարտադրած հագուստների ներկայացվածությունը: Հայաստանը ներկայացնող երիտասարդը կրելու է ուրարտական ու երվանդա-արտաշեսյան հագուստ: Պատմական հանդերձի վերարտադրությունն ամրագրում է՝ դեռ նախաքրիստոնեական շրջանում ունեցել ենք պետականություն, ազնվականություն, բարձր մշակույթ:
Ռուբեն Սարգսյանին իր ոչ սովորական գործում ոգևորում է նաև այն, որ իր մասնագիտությամբ սկսել են հետաքրքրվել պատանիները: