Եկեք անկեղծ լինենք։ Երևի ճիշտ են այն պնդումները, թե ցանկացած վիճահարույց հարցով բանավոր պայմանավորվածությունները ոչ միայն առ ոչինչ են, այլև խիստ վտանգավոր, քանզի կողմերից յուրաքանչյուրը դրանք մեկնաբանում է սեփական շահերից ելնելով ու հաճախ պարզապես անհնար է զատել՝ ո՞վ է խեղաթյուրում իրականությունը։ Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը ձեզ օրինակ։
Տեսեք, թե ինչ էր ասում Իլհամ Ալիևը հանդիպման հենց նախօրեին. «Անցած ամիսներին Հայաստանը դեմ էր ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, բայց հիմա մեզ հաջողվեց համոզել դրա անխուսափելիությունը, և նրանք համաձայնեցին։ Այսպիսով, կա համաձայնություն. ներկայումս մենք քննարկում ենք այդ միջանցքի՝ Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը, որը Ադրբեջանից հասնում է Հայաստան, իսկ այնտեղից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», – պնդել է Ալիևը եվրոպական թերթերից մեկին տված հարցազրույցում։ Նկատեք՝ նա խոսում է հենց ավտոմոբիլային հաղորդակցության մասին, որն արդեն երկար ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական վիճաբանության գլխավոր առարկան է. արդյոք Հայաստանի տարածքով ի վերջո ավտոմոբիլային ճանապարհ կանցնի՞, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։
Այնինչ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի ներկայությամբ էին ընթանում բրյուսելյան բանակցությունները, հանդիպումից հետո փաստել է, որ ավտոմոբիլային ճանապարհի հարցում որևէ պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Բա հենց դրա համար են շատերն այդքան մեծ վերապահումներով ընդունում «բանավոր պայմանավորվածություն» կոչվածը. թուղթ չկա, ուրեմն մեկնաբանիր՝ ինչպես սիրտդ կուզի։
Ի դեպ, Եվրոպայից վերադառնալով, Հայաստանի վարչապետն էլ կառավարության նիստում բառ անգամ չի ասել ավտոմոբիլային ճանապարհիմասին, փոխարենը բավական մանրամասն անդրադարձել է երկաթուղուն։ Մեջբերեմ. «Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը»։ Ուշադրություն դարձրեք՝ այս դեպքում էլ խոսքը միայն ու միայն «պայմանավորվածության» մասին է, կրկին ոչ մի թուղթ չկա։
Չկա նաև հստակություն՝ արդյոք մաքսակետե՞ր են տեղադրվելու Ադրբեջանի և Նախիջևանի սահմանին։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է. «Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ»:
Այնինչ Իլհամ Ալիևը դրանից առաջ զգուշացրել է՝ եթե Հայաստանը մաքսատներ տեղադրի, մենք կպահանջենք նույնն անել Լաչինի միջանցքում։
Ընդհանրապես, այդ երկաթուղին, որն անցնելու է Հայաստանի տարածքով և կապելու է Նախիջևանը Բաքվին, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ` Մհեր Գրիգորյանի գնահատմամբ, դրա կառուցումը կպահանջի մոտ 200 միլիոն դոլար։ Որտեղի՞ց այդ գումարը։ Չէ՞ որ նույնիսկ հայաստանցի պաշտոնյաներն են խոստովանում, որ մենք արդեն ֆինանսական դժվարություններ ունենք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված, արդյոք նոր երկաթգծի կառուցումը չի՞ խորացնի պրոբլեմը։
Կա նաև այսպիսի հանգամանք։ Երբ ասում ենք, որ երկաթուղային կոմունիկացիաների բացման շնորհիվ մենք հնարավորություն կստանանք Ադրբեջանի տարածքով հասնելու մինչև Ռուսաստան, արդյոք հաշվի՞ ենք առնում, որ Հայաստանով անցնող հատվածն ընդամենը մոտ 45 կիլոմետր է լինելու և այնքան էլ մեծ թվով խաղաղապահներ չեն պահանջվի դրա անխափան գործունեությունն ապահովելու համար։ Մինչդեռ Ադրբեջանի տարածքով է ձգվելու երկաթուղու 750 կիլոմետրանոց հատվածը։ Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ հնարավոր է խաղաղապահների օգնությամբ վերահսկել այդ հսկայական տարածքը։ Իսկ եթե ոչ մի երաշխիք չկա, այդ ո՞ր հայաստանցի գործարարը իր բեռները կուղարկի Ռուսաստան հենց Ադրբեջանի տարածքով։
Հույս ունենանք այնուամենայնիվ, որ առաջիկայում շատ բան կպարզվի, և գոնե ինչ-որ չափով կցրվի անորոշության մշուշը. չէ՞ որ վարչապետն ինքն էր օրերս առաջարկել բրյուսելյան հանդիպումից հետո հանդիպել Ազգային ժողովի պատգամավորների հետ և պատասխանել նրանց բոլոր հարցերին։ Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա խոստացված հանդիպումը խորհրդարանականների հետ, բայց արդեն այսօր հաստատ կարելի է կանխատեսել՝ դժվար հարցերի պակաս չի լինելու։