Մոսկվայի Առողջապահության վարչության գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան խոսել է կակաոյի օգտակար հատկանիշների մասին, հաղորդում է Лента պարբերականը։ Բժշկի խոսքով՝ ըմպելիքը լավացնում է տրամադրությունը և ուղեղի աշխատունակությունը։
Ստարոդուբովան բացատրել է կակաոյի օգուտը․ կոֆեինի և թեոբրոմինի ալկալոիդները տոնուսային ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Բացի այդ, այս սննդամթերքը պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, մագնեզիումը և երկաթը: Կակաոն հարուստ է A, E պրովիտամիններով, նիացինով, թիամինով և ռիբոֆլավինով։
«Բացի այդ, կակաոյի հատիկները պարունակում են պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմի բջիջները վնասվելուց, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգ»,- ընդգծել է մասնագետը։
Սննդաբանը հիշեցրել է, որ կակաոյի փոշին պատրաստվում է կակաոյի հատիկներից՝ դրանցից ձեթը քամելուց հետո։ Ըմպելիքը խմելիս նա հորդորել է հաշվի առնել դրա կալորիականությունը, որը կախված է ավելացված շաքարի, կաթի կամ սերուցքի քանակից։
«Դուք կարող եք ընտրել կամ պատրաստել ցածր շաքարի պարունակությամբ կակաոյի ըմպելիք, իսկ սերուցքի փոխարեն օգտագործել ցածր յուղայնությամբ կաթ. այս ըմպելիքը կլինի ավելի օգտակար և համեմատաբար ավելի քիչ կալորիական», – խորհուրդ է տվել Ստարոդուբովան:
Բժիշկը հորդորեց օրական օգտագործել ոչ ավելի, քան մեկ կամ երկու բաժակ կակաո, քանի որ դա կարող է ավելացնել սննդակարգի ընդհանուր կալորիականությունը, բարձրացնել սրտի կծկումների հաճախությունը և բերել քնի խանգարման։