«Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է»: Ահա սա էր Քառօրյա պետերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին ու նրա ամենամոտ ընկերոջ`կապիտան Արթուր Խաչատրյանի կարգախոսը։ Նրանց ծանոթացրեց ծառայությունը, բաժանեց` պատերազմը։
Սպիտակ կտորով ծածկված հուշարձանը, առջևում գտնվող ցայտաղբյուրը արդեն մի քանի օր է, ինչ անտարբեր չեն թողնում Նորագավիթի կենտրոնական փողոցով անցնողներին։ Մարդիկ գալիս են, ուսումնասիրում, ճանաչողները` հուզվում, ափսոսում, հեռանում… Այսօր`դեկտեմբերի 19–ին, 44-օրյա պատերազմի մասնակից, կապիտան Արթուր Խաչատրյանը կդառնար 32 տարեկան։
Արթուրի հայրական տանն ամենուր նրա լուսանկարներն են, պատվոգրերն ու մեդալները, որոնցից միայն մեկն է հետմահու։ Արթուր Խաչատրյանին պետք է մայորի կոչում տային, երբ պատերազմը սկսվեց։
Ծնողների հայրենասիրությունը դաստիարակության միջոցով որդիներին անցավ, երևի հենց այդ պատճառով էլ թե՛ Արթուրը, թե՛ նրա ավագ եղբայրը` Արմենը, զինվորական դարձան։
«Արթուրս գերազանցությամբ ավարտեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը, բայց երբեք իր մասնագիտությամբ չաշխատեց։ Մեզանից թաքուն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու գնաց բանակ։ Այնուհետև 7 տարի ծառայեց Մարտակերտում։ Այնտեղ ծանոթացավ Քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ։ Միշտ հիանում էր նրա ծառայությամբ։ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015 թվականին, Արթուրս հանդիպեց իր սիրելիին` Ռուզաննային ու ամուսնացավ, աղջկան էլ տարավ Մարտակերտ»,–պատմում է մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը։
Նա հիշում է, թե ինչպես Քառօրյա պատերազմի օրերին հղի հարսին արկակոծության ժամանակ մի կերպ տեղափոխեցին Հայաստան, բայց Արթուրը չեկավ. ընկերոջ` Արմենակի հետ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս Մարտակերտում։
Ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության. հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:
Դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am