Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր կարծիքներ են հայտնում, որ Զաքյան-Խորենացի փողոցների հարող մանկական զբոսայգում գուցե նպատակահարմար չէր պեղումներ իրականացնել, քանի որ այնտեղ կարող են հայտնաբերվել ոչ հայկական կառույցներ:
Նման հարցեր նաև ինձ էին տալիս, երբ ժամանակին տեղադրել էի Երևանի իսլամական դամբարանի նկարներ:
Երևանն ունի հազարամյակների պատմություն և այդ պատմության յուրաքանչյուր փուլ մեր ժառանգությունն է, որին մենք ուղակի պետք է տեր կանգնենք: Հակառակ մոտեցումներով, ըստ ինձ, մենք մեզ դարձնելու ենք շատ խոցելի:
Իսկ հիմա մանկական զբոսայգում պեղված մի կառույցի մասին: Այն իրար զուգահեռ քարերով և սալաքարերով ծածկվող մի հետաքրքիր կառույց է, որը խիստ հիշեցնում է ջրատար կամ ջրահեռացման համակարգ: Ըստ երևույթին, գործ ունենք կանատների կամ ինչպես մեզանում ավելի է հայտնի՝ քյահրիզների համակարգի հետ:
Ըստ մի շարք հետազոտղների՝ դեռևս Աքեմենյան Իրանից առաջ ՈՒրարտուում արդեն գործել է կանատներ հիշեցնող համակարգ:
Առաջին նկարում Էրեբունի ամրոցում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից պեղված ջրատար համակարգն է (Ք. ա. 8-րդ դար), որը շատ է հիշեցնում մանկական զբոսայգու վերը հիշատակված կառույցին, որը ներկայացրել եմ հաջորդ նկարներում: Ավելին, ինչ-որ տեղ Էրեբունի ամրոցի այս ջրատարը կարելի է համարել մանկական զբոսայգու կառույցի նախատիպը: Այսինքն, Երևանի տարածքում գործ ունենք ջրատար կամ գուցե ջրահեռացման համակարգի օգտագործման ավանդույթների շարունականության հետ, ինչը խիստ կարևոր հանգամանք եմ համարում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գործընկերներիս՝ նման կարևոր բացահայտումների համար, ինչպես նաև՝ շնորհակալ եմ բոլոր պատկան մարմիններին և անձնաց, որ ձեռնամուխ եղան այդքան կարևոր պեղումների իրականացմանը:
Միքայել Բադալյանի էջից