Ամանորին ընդառաջ Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Այս անգամ զինվորները ներկայացան նոր` ամանորյա շարքով: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նախագծի հեղինակ Հելեն Առաքելյանը ասաց, որ մեծ ցանկություն ուներ տղաների կողքին լինել պատերազմից հետո, որովհետև այլ կերպ չէր կարող:
«Եթե ցանկությունը կա, հնարը գտնում ես: Հնարը գտնվեց, հասկացա, որ կարող եմ իմ արվեստը բերել և ներկայացնել տղաներին, որովհետև, գիտեք, արվեստը բուժիչ հատկություն ունի, իսկ սա շատ մանրակրկիտ մատերով աշխատանք է, որը նյարդային համակարգը հանգստացնող մեծ հատկություն ունի: Սկզբնական շրջանում սա հենց այս նպատակով է իրականացվել, արվեստի միջոցով հանգստացնել և լինել իրենց կողքին: Ցուցահանդեսի մասին դեռ խոսք չկար, իսկ արդեն հետոն դարձավ ցուցահանդես: Ասեմ, որ ամեն ինչ շատ արագ ստացվեց և մենք 2 ամիս անց կազմակերպեցինք առաջին ցուցահանդեսը: Երբ տղաները ուրախ են, իսկ այս արվեստը ուրախացնում է, ես արդեն երջանիկ եմ և այս արվեստի շնորհիվ մենք ստեղծեցինք մի մեծ ընտանիք: Այժմ արդեն իմ աշխարհները կիսվել են, ընտանիքս Ամերիկայում է, իսկ այս մեծ ընտանիքս այստեղ է, շատ դժվար է թեկուզ ժամանակավոր բաժանումը»,- ասաց նա:
Հաշմանդամություն ունեցող զինծառայող Գևորգ Կարապետյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի ներկայությունն իրենց համար կարևոր է: Գևորգի խոսքով, սկզբում այն հոգեբանական աշխատանք էր, որը հետագայում դարձավ աշխատանք:
«Հիմա արդեն ունենք մեր կազմակերպությունը ՝ «Գեղեցկություն զինվորներից», որը զբաղվում է թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելով և վաճառքով: Ասեմ, որ ամենասկզբից ես չէ պատկերացնում ինձ՝ լինելով սպա, թիթեռներով կոմպոզիցիա պատրաստելուց, բայց հետագայում արդեն սովորեցինք աշխատել, որը նաև բավականին հանգստացնող է : Սա և´ արվեստ է, և´ աշխատանք , և նմանը չունի ո´չ Հայաստանում, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհում»,-ասաց նա:
Ծրագրի ղեկավար Սաթեն Միքաելյանն էլ ընդգծեց, որ «Գեղեցկություն զինվորներից»-ը Զինվորի տան նախագծերից է և երկու հիմական կարևոր խնդիր ունի՝ ապահովել վիրավոր զինվորներին հիմնական աշխատանքով, որպեսզի նրանք ունենան կայուն եկամուտ և երկրորդը՝ քանի որ այս հասարակական կազմակերպությունը բարեգործական է և շահույթ չի հետապնդում, ամբողջ կոմպոզիցիաների վաճառքից ստացվող գումարը ուղղվում է վիրավոր զինվորների ամենատարբեր խնդիրների լուծմանը: