1908 թ. հիմնված Պոլսի «Արաքս» հայկական ֆուտբոլային թիմի այս լուսանկարն արվել է 1910 թ. ապրիլին: Ֆուտբոլիստների թվում են` հայկական անդրանիկ մարզական հանդեսի` «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը (Մեծ Եղեռնի զոհ), և Հայկ Ճոլոլյանը (Մեծ Եղեռնի զոհ):
Արեւմտահայերի մոտ ամենատարածված ու մասսայականություն վայելող մարզաձեւը ֆուտբոլն էր: Հայերը տարված էին այդ խաղով, ու միայն Կ.Պոլսում Առաջին աշխարհամարտի տարիներին շուրջ 40 ակումբ էր գործում: Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում, որից հետո ֆուտբոլային տենդը տարածվել էր ամբողջ կայսրության տարածքով: Լավագույն թիմերից էր «Արաքսը», որը մարզումներն անցկացնում էր Կ. Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»: «Արաքսը» մեծ համբավ ուներ ու հաճախակի էր երկրպագուներին ուրախացնում իր հաղթանակներով: Պատահական չէր, որ 1911թ. թիմը դարձավ «Ռումելի» միջազգային լիգայի հաղթող: Հայկական ակումբները շատ կազմակերպված էին ու ֆուտբոլային հստակ կանոնակարգ ունեին: Նրանք շատ մեծ կարեւորություն էին տալիս նաեւ ֆուտբոլիստների մարզահագուստին: Գրեթե բոլոր թիմերն ակումբների տարբերանշանով մարզահագուստ ունեին:
Հայկական ակումբների թվի ավելացմանը զուգահեռ «Մարմնամարզ» պարբերականը սկսեց իրականացնել Կ.Պոլսում ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը: Պարբերականի խմբագիր Շավարշ Քրիսյանի վկայությամբ, երբ թերթը նոր էր սկսել լույս տեսնել, ընդամենը 2-3 ակումբ կար, սակայն երբ 6 ամիս անց դրանց թիվը դարձավ 18, այդ գաղափարը կյանքի կոչելն արդիական դարձավ: «Մենք ջանադիր պիտի ըլլանք ոչ միայն Եւրոպայի եւ Ամերիկայի նշանավոր մարմնամարզիկներուն վրայ հիանալու ու հիշեցնելու, այլ եւ կարելնիս պիտի ընենք, որպեսզի մեր մէջէն նմանները եւ նոյնիսկ լաւագոյնները արտադրենք»,- գրում էր պարբերականը: Ազգային լիգայի ստեղծումը, ըստ Շավարշ Քրիսյանի, հայկական բոլոր ակումբների միջեւ մշտական հարաբերություններ հաստատելու, փոխադարձ մրցումներ կազմակերպելու եւ օտարների առաջ պարծենալու համար էր: Պարբերականը իր համարներում սկսեց դիմել բոլոր հայկական ակումբներին՝ տալու իրենց համաձայնությունը: Կարճ ժամանակ անց թերթն իր նպատակին հասավ: Այդ գաղափարը ոգեւորության մի հսկայական ալիք առաջացրեց՝ դառնալով նաեւ նոր ակումբների ստեղծման պատճառ: Առաջին ակումբը բացեց Գուրու-Չէչմէի փոքրաթիվ հայ երիտասարդությունը: Այդ օրինակը վարակիչ դարձավ նաեւ մյուս թաղամասերի համար: «Մարմնամարզին» հաջողվեց Կ.Պոլսի հայկական ակումբներին մի գաղափարի շուրջ համախմբել: Ակումբները փոխադարձ համաձայնությամբ ու իրենց կարողությունների հիման վրա կազմեցին 1-ին ու 2-րդ լիգա: Հանդես էին գալիս մի շարք թիմեր, ու, թերթի վկայությամբ, չեմպիոնության համար պայքարը միշտ շատ թեժ էր լինում: Թեեւ սուլթանական ռեժիմը պարբերաբար արգելում էր ֆուտբոլը, սակայն հայերը շարունակում էին հավատարիմ մնալ իրենց սիրելի խաղին:
Աղբյուրը՝ «Հայ մարզիկները եւ 1915-ը»:
Հակոբ Բաբայանի էջից