Կրիպտովիրուսները (ransomware) դառնում են տնտեսական գործոն։ Սա համեմատաբար նոր երևույթ է կիբեր-հանցագործությունների ոլորտում։ Հաքերները վարակում են զոհի համակարգիչը, բոլոր կարևոր ֆայլերը գաղտնագրում և հետագայում փրկագին պահանջում՝ ֆայլերը ապակոդավորելու համար։
Հաճախ հարձակման թիրախ են դառնում ոչ միայն անհատները, այլ մեծ կազմակերպությունները․ բանկերը, հիվանդանոցները, կրթական հաստատությունները։ Հասկանալի է, որ նման դեպքերում չվճարելը ունենում է հստակ տնտեսական էֆեկտ, քանի որ հաստատության աշխատանքն է կանգնում։ Կամ ստիպված են լինում վճարել, ինչն էլ ունենում է իր հերթին ֆինանսական ազդեցություն։ Միջինում պահանջված գումարների չափը աճել է $295֊ից 2015 թվականին մինչև $679֊ը 2016 թվականին։ Սակայն սա միջինացված ցուցանիշ է, և հաքերները մեծ հաստատություններից պահանջում են անհամեմատ ավելի մեծ գումարներ՝ իմանալով տվյալների կարևորությունը։
Քանի որ հաքերները վճարները թաքցնելու խնդիր ունեն, որպեսզի խուսափեն իրավապահներից, ապա հիմնականում փրկագինը պահանջում են բիթքոյինով (bitcoin)՝ կրիպտոփոխարժեքով, որի վճարումները անոնիմ են իրականացվում ինտերնետի միջոցով։ Դա իր հերթին ստեղծում է բիթքոյինի բավականին լուրջ պահանջարկ։
Որպեսզի մասշտաբները հասկանալի լինեն, նշենք, որ եթե 2015 թվականին կրիպտովիրուսների միջոցով շորթված գումարի չափը գնահատվում էր մոտ 24 միլիոն դոլար, ապա 2016 թվականին այն արդեն հասավ 1 միլիարդ դոլարի։ Հաշվի առնելով, որ բիթքոյինների ողջ կապիտալիզացիան տվյալ պահին հասնում է 13 միլիարդ դոլարի, կարելի է հասկանալ, որ մի կողմից կրիպտովիրուսներին օժանդակում է բիթքոյինը, իսկ մյուս կողմից՝ հենց բիթքոյինն էլ հանդիսանում է դրանց խթանող հանգամանքներից մեկը։
…Բացի դրանից, հարցման մասնակիցներից 23.7%-ը տեղյակ են այլ անձանց կամ կազմակերպությունների մասին, որոնք հանդիսացել են կրիպտովիրուսների կողմից հարձակման զոհ։ Ինչը կարող է նշանակել, որ նման հաքերային հարձակումների տնտեսական վնասը, հավանաբար, արդեն այնքան է, որ դրա հետ պետք է հաշվի նստել և դրա դեմ միջոցներ ձեռնարկել։
Փորձը ցույց է տալիս, որ իրազեկումը և ուսուցողական ծրագրերը թույլ են տալիս մինիմալի հասցնել հնարավոր վարակումները և դրանցից բխող վտանգները և վնասները։
Սամվել Մարտիրոսյան
Ամբողջությամբ՝ b4b.am