Տարվա ընթացքում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաների կողմից գնային քաղաքականության կտրուկ փոփոխություններ եղան: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի եւ հասկանա, ինչքանով էին այդ փոփոխությունները օբյեկտիվ. վարույթների ընթացքում արդեն պարզ կդառնա՝ իրավաչափ էին լաբորատորիաների գործողությունները, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, թեստավորման ինքնարժեքը ձեւավորվում է մի շարք բաղադրիչներից. հաշվի է առնվում ռեագենտների արժեքը, օգտագործովում սարքերի արժեքը եւ այլն: Նաեւ, նախարարի խոսքով, նման թեստավորում իրականացնելու համար պետք է «լաբորատոր ամբողջական համակարգ» ներդրված լինի:
Իսկ քանի որ լաբորատորիաները շահույթ հետապնդող կազմակերպություններ են, դրանք թեստավորումը ինքնարժեքով չեն իրականացնում, այլն նաեւ շահույթ պետք է ստանան: