Գարի Քյոսայան՝ Արարատից աշխարհին նայող հայացքը. անվանի ջազմենը ներկայացել է սուրբծննդյան համերգով
Advertisement 1000 x 90

Գարի Քյոսայան՝ Արարատից աշխարհին նայող հայացքը. անվանի ջազմենը ներկայացել է սուրբծննդյան համերգով

Աշխարհի հեղինակավոր դահլիճներում սփռվում են ջազի հնչյունները: Իսկ բեմերում անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քյոսայանն է:

Հունվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Գարի Քյոսայանը հանդիսատեսին նվիրեց հոգեպարար երաժշտության երեկո՝ «Սուրբ Ծննդյան համերգ» խորագրով: Մաեստրոն հանդես էր գալիս իր՝ «Գարի Քյոսայան» ջազ քառյակով, հայտնում է «Մագաղաթ» պատմամշակութային կայքը։ Հնչում էին ստեղծագործություններ համաշխարհային գանձարանից, ինչպես նաև Գարի Քյոսայանի հեղինակային գործերը: Որպես հյուրեր՝ համերգին հանդես եկան երգչուհիներ Սիրանուշ Գասպարյանը, Ալլա Սահակյանը, երգիչ Արսեն Ստեփանյանը: Նրանք արվեստասերներին մատուցեցին նաև ստեղծագործություններ, որոնք հնչեցին առաջին անգամ:

Քյսոսայանն այսօրվա ջազային աշխարհում մեծ անուններից է, որի ստեղծագործությունները հնչել են համաշխարհային ջազի դասական նմուշների կողքին: Իսկ Մաեստորն ստեղծում է գործեր, որոնք ջազի լեզվով աշխարհին պատմում են հայի հոգևոր ակունքների, հնամենի քաղաքակրթության մասին: Գրել է շուրջ 200 ջազային ստեղծագործություններ և երաժշտություն ֆիլմերի ու ներկայացումների համար: Նրա հոգուց ծնված հնչյունները հնարավոր չէ շփոթել մեկ այլ կոմպոզիտորի ստեղծագորությունների հետ:

Գարի Քյոսայան-արվեստագետի անցած ճանապարհն արժանի է գրքի ու ֆիլմի վերածվելու: Եվ ժամանակի ընթացքում, վստահ ենք, կստեղծվեն: Միայն մի փաստ կառանձնացնենք, որը բնորոշում է արվեստագետին. 1988-ից ի վեր շուրջ 15 տարի ջազի հայրենիքում ապրած ու ստեղծագործած արվեստագետը միշտ եղել է իր ազգի կողքին, ապրել Հայաստանով, մասնակցել մեր ազգային կյանքի նշանակալի իրադարձություններին: Դրա վկայություններից մեկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Մաեստրոյի նախաձեռնած «Ջազն ընդդեմ ցեղասպանության» ծրագիրն էր, որով աշխարհին հասցրեց մեր ազգի պատմական արդարության ձայնը:

Արդեն մի քանի տարի է, ինչ Գարի Քյոսայանը կրկին հաստատվել է Հայաստանում: Ապրում է իր գեղեցիկ ընտանիքի՝ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանի և իրենց դստեր հետ: Շարունակում է արարել և արվեստասերներին ընծայել համերգային երեկոներ, որոնք ոգեղեն ուժ են տալիս հանդիսատեսին:

…Մաեստրո Գարի Քյոսայանը հաճախ է Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին հոգևոր տոն պարգևել հանդիսատեսին: Եվ սա առանձնահատուկ խորհուրդ ունի. հայ քրիստոնյան ավանդության մեջ Ամանորի տոնը սկսել է եկեղեցիներ այցելելով՝ կարևորելով Սուրբ Ծնունդը՝ Աստվածհայտնությունը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Եվ արվեստագետն այս առիթով միշտ իր հարցազրույցներում ասում է. «Սուրբ Ծնունդը լույս է ամբողջ աշխարհի համար, ամբողջ մարդկության համար: Սուրբ Ծնունդը մարդասիրության, գթության փիլիսոփայությունն է քարոզում քրիստոնեութան միջոցով, քանզի ծնվեց Հիսուսը՝ մեր Տերը»:

Հունվարի 4-ի ամերգը սկսվեց Մաեստրոյի հեղինակային ստեղծագործությամբ՝ «Ուղերձ Արարատից»: Հետո մեկը մյուսին էին հաջորդում համաշխարհային ջազի լավագույն նմուշները՝ հարուստ ու բազմազան ծրագիր, որ նման էր մի չքնաղ կտավի. Մայս Դեվիս՝ «All brlues», Ջոն Լուիս՝ «Skating to Central park» , Ժոզեֆ Կոսմա՝ «Autumn leaves», Բոբ Վիլլս՝ «Christmas song», Պոլ Դեսմոնդ՝ «Take five», Միշել Լեգրան՝ «Windmills of your mind», Դոն Ռեդման՝ «Gee baby», Շառլ Ազնավուր՝ «She», Հոգգի Կարմայքլ՝ «Georgia… Այս մնայուն արժեքների կողքին արդեն իրենց տեղն ունեն Գարի Քյոսայանի ստեղծագործությունները՝ «Shining stars», «Armenia», «Night in Getseman», «Ave Maria», «For Christy», «Sunday blues» , որոնք հնչեցին երեկոյի ընթացում… Իսկ «Way from Nazareth», («Լույս Նազարեթից») ստեղծագործությունը հնչում էր առաջին անգամ:

Համերգի եզրափակիչ ակորդը հանդիսացավ Սուրբ Ծննդյան հայտնի երգը՝ Ջոն Ֆրենսիս Ուայդի «Adeste fidelis»-ը, որը կատարեցին բոլոր արտիստները:

– Ջազն իմպրովիզ է ազատության չափի մեջ: Սիրում է լավ մթնոլորտ ստեղծել: Ջազն ինձ համար ապրելակերպ է, որի մեջ ամեն ինչ մտնում է՝ սեր, հավատ…Եթե չսիրես, չես կարող ջազ նվագել, -այս միտքը պատկանում է Մաեստրոյին:

Եվ ահա Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ օր ապրել Գարի Քյոսայան –արվեստագետի ապրելակերպով, որը պետք է վերածենք պատգամի ու քրիստոնեկան արժեքները դարձնենք մեր կյանքին ուղեկից:

«Պետք է շարունակենք գոյատևել և աշխարհում տարածել մեր քաղաքակրթության լույսը»

… «Սուրբ Ծննդյան համերգ» խորագիրը կրող երեկոյի տպավորությունը դեռ երկար կմնա ներկաների սրտում: Մեզ հաջողվել է զրուցել երգչուհի, դերասանուի, համերգի կազմակերպիչ Ալլա Սահակյանի հետ:

-Հարգելի՛ Ալլա, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ մեր անվանի Մաեստրոյի՝ Գարի Քյոսայանի համերգային երեկոն: Ի՞նչ խորհուրդ ուներ հենց Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին նման գեղեցիկ համերգ ընծայել արվեստասերներին:

-Մենք ամեն ինչ միասին էինք մտածել: Գարին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ համերգներ էլի է ունեցել: Տարիներ առաջ շատ հետաքրքիր համերգով հանդես եկավ Հայաստանի Ազգային Պատկերասրահում՝ այդ մթնոլորտում ներկայացնելով նաև իր գեղանկարները:

Մենք ուզում էինք տարին սկսել հոգևոր լիցքերով: Իսկ ջազն ինքնին հոգևոր մտածողի երաժշտություն է: Ուզում էինք մարդկանց լույս պարգևել: Գիտենք, որ հայ Առաքելական եկեղեցու օրացույցով հունվարի 5-ի երեկոյան տեղի է ունենում Ճրագալույցի Սուրբ Պատարագը: Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնն է: Եվ այսպես համերգի օրն ընտրվեց հոնվարի 4-ը: Ծրագրում ընդրկեցինք ինչպես Գարի Քյոսայանի ստեղծագործությունները, այնպես էլ համաշխարհային ջազի լավագույն նմուշները: Վստահ ենք, որ հանդիսատեսը զգաց ջազի ամբողջ գեղեցկությունը:

Համերգը սկսեցինք «Ուղերձ Արարատից» ստեղծագործությամբ, որն իր խորհուրդն ուներ: Սա Սուրբ Ծննդյան համերգ էր:

-Մաեստրոն թողարկել է մի քանի ալբոմներ, որոնք ընդգրկում են նաև իր ստեղծագործությունները: Ու դրանցով ջազային աշխարհը ճանաչել է հայ ինքնության արմատները, մեր ակունքները: Ի՞նչ նոր սկավառակ է պատրաստվում թողարկել առաջիկայում:

-Մաեստրոն այս պահին նոր սկավառակի վրա է աշխատում, որը կոչվելու է «Armenia»: Սկավառակում ընդգրկվելու է 10 ստեղծագործություն: Մոտակա ժամանակներս հանդիսատեսը կլսի նոր, գեղեցիկ ստեղծագործություններ: Արվեստասերներին կմատուցվեն նոր գոհարներ, որոնք արդեն ձայնագրվել են ինչպես արտասահմանցի արտիստների, այնպես էլ հայ կատարողների հետ:

-Մաեստրո Գարի Քյոսայանը տարիներ շարունակ իր նախագծերի շնորհիվ Հայաստան է բերել բազմաթիվ հռչակավոր ջազմենների, համատեղ համերգներ կազմակերպել այդ արտիստների հետ, որոնք իրենց ազգային շունչն ունեն: Կուզենայի խոսենք ջազի լեզվով մշակույթների երկխոսության մասին:

-Այո, Գարին շատ երաժիշտների է բերել Հայաստան, որոնք համաշխարհային դեմքեր են: Կարելի է, ասել, նրանք բոլորը պրոֆեսորներ են, ջազի այսօրվա հսկաներ: Նրանք համերգներից հետո Մաեստրոյին միշտ ասել են.

-Այնքա՜ն շնորհակալ ենք, որ մեզ ծանոթացրեցիք Հայաստանի, նրա հոգևոր, հնագույն ակունքների հետ, հայկական հարմոնիային…

Ու սա ասում են բոլորը: Նրանք համարում են, որ Գարիի գործերը ջազի լավագույն նմուշներից են: Դրանք բոլորին գրավում են իրենց ներդաշնակ հարմոնիաներով:

Աշխարհի բեմերում շարունակելու են հնչել Գարի Քյոսայանի ստեղծագործությունները՝ ջազի լեզվով մարդկությանը պատմելով արարչական Լույսի կրող ազգի քաղաքակրթական ակունքների մասին: Իսկ Գարի Քյոսայանը ճշմարիտ արվեստի քուրմերից է, ով շարունակելու է Արարատից ուղերձ հղել աշխարհին՝ «զմիմյանս սիրելու» և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու ուղերձը:

style.news.am