Բացի խաղողից այլ մրգային գինիները՝ գինի մակնշմամբ այլևս չեն կարող արտահանվել ռուսական շուկա, ՌԴ-ում հունվարի 1-ից գինի է կարող է կոչվել միայն խաղողից պատրաստվածը: Հայկական արտադրողների համար այսպիսով խնդիրներ են առաջանում, օրինակ Հայաստանում պատրաստվող նռան գինին ռուսական շուկայում խանութներում պետք է հայտնվի ոչ թե գինիների, այլ ավելի էժան ալկոհոլային ըմպելիքների շարքում՝ ընդ որում «պտղային ալկոհոլային արտադրանք» անվանմամբ: Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, նախատեսվում է սահմանել նռան գինու առանձին կատեգորիա, այսինքն` խմիչքի առանձին տեսակ, որը կարող է կոչվել «Գրանատուս»:
Ըստ Մուրադյանի՝ Հայաստանում մոտ 6 մլն լիտր մրգային գինի է արտադրվում, որից 4.7 մլն լիտրն արտահանվում է, ընդ որում վերջին տարիներին այդ ծավալն ամեն տարի աճում է: Հայաստանից արտահանվող մրգային գինիների մոտ 80 տոկոսը հենց ռուսական շուկա է արտահանվում: Նռան գինին Հայաստանում հիմնականում պատրաստում են մաքուր նռից, բնական խմորումով, և այն, այսպես ասած, դարձել է ազգային խմիչք: Եվ համարել, թե դա ոչ բնական, արոմատացված խմիչք է, Մուրադյանն անթույլատրելի է համարում: «Դրա համար մենք արտադրողների հետ մտածում ենք ստեղծել նռան գինու առանձին կատեգորիա և այդ նոր կատեգորիայով շուկայահանել»,-ասաց նա՝ նկատելով, որ սակայն դրա համար ժամանակ է պետք:
Իսկ մինչև դա հայկական մրգային գինի արտադրողները խնդիրներ են ունենալու՝ ռուսական շուկա արտահանում անելու հարցում: Ռուսական ներմուծող կազմակերպությունները, օրինակ, կարող են չցանկանալ աշխատել խաղողից բացի այլ հումքից գինի արտադրողների հետ, քանի որ ռուսական շուկայում հնարավոր է, որ դրա վաճառքը նվազի: «Ռուս սպառողը շատ զգայուն է նման փոփոխությունների նկատմամբ: Եվ, եթե մրգային գինիները՝ այլ մակնշմամբ տեղադրվեն այլ դարակների վրա, վաճառքները կարող են լուրջ նվազել»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
Խաղողի և գինու միջազգային կազմակերպությունը ևս քննարկում, աշխատանքներ է տանում՝ արգելելու խաղողից բացի այլ մրգերից պատրաստված խմիչքները գինի կոչելը, մակնշելը: «Եվ ինչքան շուտ մտածենք, թե ոնց ենք մեզ դիրքավորվում, ինչքան շուտ մտածենք, թե ինչպես ենք մեր ունեցածը պաշտպանում, այնքան ավելի լավ մեզ համար: Այս պահի դրությամբ կարող ենք ինչ-որ ժամանակավոր լուծում տալ, բանակցել, որ թույլ տան կես տարով կամ ինչ-որ ժամանակով այդպես մակնշել, բայց վաղ թե ուշ այդ խնդրի առաջ կանգնելու ենք»,-նկատեց Մուրադյանը:
Նա վստահեցրեց, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ բանակցում են, փորձում են տարբեր ճանապարհներով այդ խնդիրը լուծել: Անգամ բանակցել են, որ մրգային գինին ըմպելիք չկոչվի, այլ կոչվի գինեգործական արտադրանք, որը ավելի ընկալելի կլինի մարդկանց կողմից: Ըմպելիք բառի կիրառումը կարող է թյուրըմբռնում առաջացնել, կարող են մտածել, որ արոմատացված, գունավորված խմիչք է:
«Գևորգյան գինու գործարանը» (Gevorkian Winery)ռուսական շուկա գինի է արտահանում դեռ 2009 թվականից: Ընկերությունը միայն ՌԴ տարեկան արտահանում է 200-250 հազար շիշ գինի՝ այդ թվում մրգային գինի: Ընկերությունն ունի 7 տեսակի մրգային գինի՝ նռան մոշի, սերկևիլի, հոնի, ելակի, բալի, ծիրանի: Արդեն իսկ նախորդ տարվա դեկտեմբերին արտահանումն իրականացրել է «պտղային ալկոհոլային ապրանք» մակնշմամբ:
«Ներմուծող կազմակերպությունը շատ լավ հասկանում էր, որ եթե «մրգային գինի» գրված լինի, չի կարող վաճառել: Դրա համար մենք պիտակները փոխեցինք: Ռուսաստանում կան մրգային գինի արտադրողներ, որոնք պատրաստում են փոշիներից, համերից: Եվ պետությունը, այսպես ասած, ցանկանում է դա կանխել»,-ասաց գործարանի հիմնադիր տնօրեն Վահագն Գևորգյանը:
Այսուհետ ևս ընկերության մրգային գինիները ռուսական շուկա արտահանվելու են այդ մակնշմամբ: Սակայն Գևորգյանը նշեց. «Ռուսական խանութներում գինու դարակն առանձին է, իսկ մնացած խմիչքներինը, օրինակ կոկտեյլային գինիներինը, որոնք էժան են, առանձին են: Այսինքն` մրգային գինին դրվում է էժանագին խմիչքների դարակաշարի վրա: Նռան գինին ևս ընկնում է այդ դասակարգման մեջ: Վաճառքը քչանալու է: Այսինքն՝ դրանք չեն նույնականացվելու որպես գինի, այլ՝ որպես էժան ապրանք: Հիմնական խնդիրը դրա մեջ է»,-ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ հիմա նախատեսում են կառավարություն նախագիծ ներկայացնել՝ հենց նռան գինու առնչությամբ:
«Ուզում ենք նռան գինու համար հայկական առանձին ստանդարտ ստեղծել ՝ որպես առանձին խմիչքի տեսակ: Ինչպես Ֆրանսիայում կոնյակն ու շամպայնն են, այդպես էլ նռան գինու համար որոշենք մի անուն, որով կկոչվի խմիչքը: Ուզում ենք նռան գինու անունը դնել օրինակ «Գրանատուս», որը լատիներեն նշանակում է նուռ: Այսինքն` կունենանք հայկական ազգային խմիչքի տեսակ: Այսինքն՝ այլևս չենք ասելու նռան գինի, ասելու ենք «Գրանատուս»: Դրանով մենք ստանդարտն ենք տալիս, հետո պետք է փորձենք այդ ստանդարտը ԵԱՏՄ-ի շրջանակով անցկացնել, որ դա անցնի անդամ երկրներում: Այսպիսով` մենք դուրս կգանք այդ էժան դասակարգումից, կունենանք առանձին խմիչքի ստանդարտ»,-ասաց Գևորգյանը:
Դրանից հետո նպատակ կա այն միջազգայնորեն հաստատել, որից հետո էլ «Գրանատուսը» ձևակերպել որպես աշխարհագրական նշում (GI), այսինքն՝ միայն Հայաստանում արտադրվածը հնարավոր կլինի այդպես կոչել:
Գևորգյան տեղյակ է նաև, որ հայ պաշտոնյաները նռան գինու առնչությամբ ռուսական կողմի հետ արդեն բանակցել են ԵԱՏՄ-ի շրջանակում, կա նախնական համաձայնություն: