«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրերին հայտնի դարձավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի միջև դեռ երկու ամիս առաջ կնքված լրացուցիչ համաձայնագրի մասին, որով 2022թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գնի նոր սակագներ են սահմանվել: Հայտնի դարձավ նաև, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է գազի նոր սակագների առումով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ բանաձևերի տեսքով ներկայացված նոր սակագները, դրանց հնարավոր տնտեսական ազդեցությունները:
Մինչ բուն թվերին անդրադառնալը՝ Թ. Ավետիսյանը նշեց, որ գազի սակագինը միջազգային շուկաներում էապես բարձրանում է, և դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով. «Մասնավորապես, 2020-ից հետո, երբ համավարակի սահմանափակումները մեղմվեցին, միջազգային շուկաներում գազի սակագինն էապես բարձրացավ: Բայց Հայաստանը ՌԴ-ից գազը ներկրում է ոչ թե միջազգային գներով, այլ ըստ համաձայնագրի, որտեղ սահմանի վրա 1000 խորանարդ մետրի համար 165 ԱՄՆ դոլար գին էր ամրագրված: Հիմա, փաստացի, մատակարարի ու ներքին բաշխման օպերատորի միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ գազի սակագինը սահմանի վրա փոխվում է»: