Խաղաղօվկիանոսյան նավատորմին լուրջ համալրում է սպասում` «Անթեյ» 949ԱՄ արդիականացված ատոմային սուզանավեր։ Նավաշինության ոլորտում, ՌԻԱ Նովոստիի աղբյուրի համաձայն, դրանք ՌԾՆ-ի ցանկացած այլ նավերի համեմատ ի զորու են ավելի մեծ թվով թևավոր հրթիռներ կրել։ Իսկ բնութագրերի և մարտական հնարավորությունների առումով կմոտենան վերջին` չորրորդ սերնդի ատոմային սուզանավերին։
Հրթիռային հարթակ
Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում 949Ա նախագծի 8 ատոմային ստորջրյա հրթիռային հածանավեր են ծառայում։ Նավերը պարբերաբար երկարատև ժամանակով դուրս են գալիս Խաղաղ օվկիանոս պարեկություն իրականացնելու համար, մասնակցում զորավարժությունների։ «Անթեյները» Տու-22Մ3 ռմբակոծիչների նման ավիակիր հարվածային խմբերին հակազդելու համար ռուսական նավատորմի խաղաքարտերն են։ Դրանց միակ թերությունը տարիքն է։
Ամենաերիտասարդ «Տոմսկ» Կ-150 նավն այս տարի 26 տարեկան կդառնա, մյուսներն արդեն 30-ն անց են, ինչը ռազմածովային տեխնիկայի համար մեծ տարիք է։ Ու թեև հաջորդ սերնդի ատոմային սուզանավեր են կառուցվում, ՊՆ–ն չի շտապում դուրս գրել «Անթեյները»։
Արդիականացման ծրագիրը մշակել են 2010-ական թվականներին։ 949ԱՄ թարմացված նախագծի թևավոր հրթիռներով ատոմային առաջին սուզանավը կդառնա «Իրկուտսկ» Կ-132-ը (ծառայում է 1988 թվականից)։ Հածանավը վերանորոգման է կանգնած ավելի քան 13 տարի, սակայն մի շարք պատճառներով արդիականացումն իրականում մեկնարկել է միայն 2019 թվականին։ Ատոմային սուզանավերի վերադարձը Խաղաղօվկիանոսյան նավատորմ ակնկալվում է այս տարի։
Նախևառաջ կթարմացնեն «Իրկուտսկի» սպառազինությունը. «Գրանիտ» Պ-700 գերձայնային ծանր հականավային հրթիռներին կփոխարինեն ավելի թեթև և հզոր «Օնիքսները» և «Կալիբրները»։ Ընդ որում, դրանց թիվը կհասցվի մինչև 72 միավորի։ Նման զինանոց չունի ՌԴ ՌԾՆ–ի ոչ մի նավադրոշ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտություն չի եղել փոխել նույնիսկ «Անթեյի» կմախքը. ձևափոխվել են միայն մեկնարկային կոնտեյներները։
Ատոմային սուզանավի նոր կյանքը
Թևավոր հրթիռներով նման ատոմային սուզանավի մեկ ոչ լիարժեք համազարկը բավական է ավիակիր խմբին ոչնչացնելու համար (միանգամից մի քանի տասնյակ գերարագ զինամթերքի հակազդելու ՀՕՊ նավային համակարգ գոյություն չունի)։ Բացի այդ, «Անթեյների» մարտական հզորությունը միայն ավելանալու է։ Շատ շուտով սպառազինությունը կհամալրեն գերձայնային «Ցիրկոնները», որոնք տեղադրվում են նույն կայանքներում, ինչ «Կալիբրները»։ Նույնիսկ Արևմուտքում են ընդունում. ռուսական նորագույն հականավային հրթիռները խոցելու զենք գոյություն չունի։
Ամբողջը՝ armeniasputnik.am