Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը համարվում է հունվարի 22-ը: Իսկ ինչո՞ւ է «համարվում»։ Իրականում մաեստրոն ծնվել է մեկ օր առաջ՝ 21-ին։ Բայց երեք տարի անց այդ օրը մահացել է Լենինը։ Այդ կապակցությամբ 15 հանրապետություններում ամենամյա սուգ է հայտարարվել։ Համընդհանուր սգի ժամանակ տոնակատարություն չկազմակերպելու համար հեռատես հայրը փոխել է որդու ծննդյան օրը:
Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործություններում մանրանկարչի վարպետությամբ էր հայկական մեղեդին համադրում եվրոպական ու ռուսական ելևէջների հետ, և երևի հենց դա է պատճառը, որ նրա անկրկնելի հարմոնիկ համակցություններն այսօր էլ են զարմացնում երաժիշտներին։
Նրա ընտանիքում երաժիշտներ չեն եղել, թեև հայրը երբեմն ֆլեյտա էր նվագում սիրողական մակարդակով։ Իսկ Առնոն արդեն երեք տարեկանում նվագում էր տան հին ու մաշված հարմոնիկան, 9 տարեկանում գրեց «Պիոներական մարշը»՝ իր առաջին ստեղծագործությունը։ Բայց այս երկու տարեթվերի միջև կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ․ Առնոյին նկատեց Արամ Խաչատրյանը։
Հայկական ամենասովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրին ապշեցրեց հրաշամանուկի տաղանդը։ Ապշեցուցիչ էին անգամ փոքրիկ Առնոյի ֆիզիկական համամասնությունները՝ խոշոր ձեռքեր, անհավանական մեծության քիթ։
Լսելով վեց տարեկան տղային` Խաչատրյանն արձանագրեց․ «Նա ընտրյալ է»։ Այդ օրից իր վեր Արամ Իլյիչը լամպից հայտնվող ջինի նման սկսեց հայտնվել Առնո Բաբաջանյանի ստեղծագործական կենսագրության ամենաանհրաժեշտ պահերին…
Երգը ստեղծելիս Բաբաջանյանը միշտ նախապես գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա բացառիկ նրբությամբ էր զգում յուրաքանչյուր մենակատարի վոկալային առանձնահատկությունները, իսկ չէ՞ որ նրա հետ ամենատարբեր կատարողներ էին աշխատում՝ Լյուդմիլա Զիկինայից մինչև Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաևից մինչև Ժան Տատլյան։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am