Քարածխի գներն աճում են, քանի որ Ասիայում վերավաճառողները մեծ քանակություններ են ձեռք բերում՝ վախենալով Ինդոնեզիայից ներկրումների ուշացման հետևանքներից, քանի որ էներգառեսուրսների համաշխարհային դեֆիցիտը շարունակվում է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Արդեն իսկ քարածխի մեծ չափաբաժին, որը ներկրվել է Ավստրալիայից, անցել է մեկ այլ վերավաճառողի մեկ խորանարդ մետրի համար 300 դոլարով։
Վերավաճառողները նշել են, որ դա ամենաթանկ բեռներից մեկն է, որը երբևէ տեղափոխվել է և կարող է քարածխի գնային ինդեքսը բարձրացնել անցած տարվա հոկտեմբերի նկատմամբ։
Ծովային քարածխի շուկան գտնվում է անկանոն իրավիճակում այն բանից հետո, երբ Ինդոնեզիան՝ աշխարհում ամենամեծ արտահանողը, հայտարարեց, որ հունվարին արտահանումը դադարեցնում է, որպեսզի լրացնի պաշարը էլեկտրաակայաններում։
Ճապոնական կոմունալ ընկերությունները շուկայում քարածուխ են փնտրում արդեն փետրվար և մարտ ամիսների համար։
Սա վերջին մի քանի ամիսներին քարածխի արդեն երկրորդ գնաճն է։ Անցած աշնանը էլեկտրաէներգիայի պակասը էներգետիկ խնդրի էր հանգեցրել աշխարհում հզորությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը ձեռք է բերել աշխարհի սննդի պաշարների մեծ մասը։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Չինաստանի պահեստարաններում է պահպանվում ցորենի 50 % -ը և բրնձի պաշարների ավելի քան 60 %-ը։