«Երբ առաջին անգամ լսեցի Համշենի բարբառով երգերից «Կուզիմ»-ը, հայկական ծանոթ բառեր էին, բայց դժվար հասկացվող։ Ես միանգամից սիրեցի այդ բարբառը և սկսեցի փնտրել այլ երգեր»,- ասում է երգչուհի և կիթառահարուհի Քրիստինա Սահակյանը, ում հետ զրուցել ենք երաժշտության, Համշենի երգերի ինքնատիպ կատարման մասին:
– Քրիստինա, 6 տարեկանից զբաղվել եք երաժշտությամբ, սովորել կիթառի, դաշնամուրի բաժիններում, բայց, կարծես թե մեծանալով՝ կիթառն եք գերադասել, քան դաշնամուրը, ինչո՞ւ:
– Այո, կիթառը ես ավելի շատ սիրեցի, քանի որ իմ սիրած երգերը կարողանում էի նվագել և կատարել, հատկապես ժողովրդական երգերը։
– Մանուկ ժամանակ բնակվել եք Մոսկվայում, ապա տեղափոխվել Մոլդովա, իսկ հայերեն սկսել եք սովորել երգերի միջոցով: Ձեզ միանգամից գրավել են Համշենի՞ երգերը:
– Երբ ես տեղափոխվեցի Հայաստան՝ սկզբից հայկական ժողովրդական երգերի հետ ծանոթացա ու փորձեցի կիթառով նվագել, շատ դրական արձագանք ստացա, իսկ Համշենի բարբառով երգերն ավելի ուշ գտա YouTube-ի ալիքով, հայկական մոտիվներ նկատեցի այդ երգերի մեջ, սակայն չէի հասկանում լեզուն։ Երգերի բառերի և թարգմանությունների հետ ինձ ծանոթացրեց համշենագետ Սերգեյ Վարդանյանը: Հայկական հին երգերի մեջ կա իմաստ, ջերմություն, սեր։ Այդ ամենը շատ դրական է ազդում հոգու վրա։
– Երգերի ընտրության հարցում որևէ մեկն օգնո՞ւմ է:
– Ինձ համար շատ կարևոր է, որ երգերը ես սիրեմ, որ կարողանամ լավ երգեմ, դրա համար միշտ ես եմ ընտրել երգերը։
– Համշենում եղե՞լ եք կամ շփում ունե՞ք համշենահայերի հետ:
– Համշենում չեմ եղել, բայց շատ եմ ուզում գնալ, երբ ամեն ինչ հանդարտվի։ Իսկ համշենահայերի հետ միշտ կապի մեջ եմ մնում, ինձ լավ երգեր են ուղարկում, որ սովորեմ, ձայնագրեմ:
– Ձեր ընտանիքում կա՞ն երաժիշտներ:
– Այո, իմ հայրը կիթառ էր նվագում ու երգում, երբ ես փոքր էի։ Դրա համար կիթառի հանդեպ սերն ինձ փոխանցվեց:
– Բացի Համշենի երգերից, նաև ժողովրդական երգեր եք երգում. հիմնականում Ձեր օրվա ապրուստն ինչպե՞ս եք վաստակում:
– Ցերեկն աշխատում եմ գեղեցկության սրահում։ Բացի հայկական ու համշենական երգերը՝ միջոցառումներին հունական երգեր եմ երգում:
– Երաժշտական բարձրագույն կրթություն ստացե՞լ եք:
– Ես ավարտել եմ երաժշտական դպրոց՝ կիթառի և դաշնամուրի բաժինը, կարմիր դիպլոմով (Մոլդովա)։ Իսկ երգը՝ Երևանի Մշակույթի համալսարանում:
– Հրավերները հիմնականում Հայաստանի՞ց են, թե՞ դրսից:
– 2018թ. դեկտեմբերին ինձ հրավիրեցին Լիբանան: Երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ համերգ ունեցա Այնճար քաղաքում, հայկական դպրոցում՝ աշակերտների համար, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի մոտ՝ սաների համար:
– Քրիստինա, շոու-բիզնեսի ներկայացուցիչները ևս փորձում են կատարել Համշենի երգեր, անգամ տեսահոլովակներ են նկարահանում: Դուք կարծես այս հարցում չեք շտապում. պատճառը ֆինա՞նսն է:
– Ես ուզում եմ ավելի շատ երգեր ձայնագրել իմ YouTube-ի ալիքի համար, դրա համար շատ գումար չեմ ուզում ծախսել տեսահոլովակի համար, կամ շատ հասարակ վիդեոներ եմ նկարում։
– Ի՞նչ երազանքներ ունեք:
– Իմ երազանքներից մեկն է՝ ավելի հայտնի դառնալ ոչ միայն Հայաստանում, ինչպես նաև ունենալ սեփական ստուդիա՝ երգեր ձայնագրելու համար:
Անի Կարապետյան