Կարելի՞ է արդյոք նշիկաբորբը՝ անգինան, բուժել պաղպաղակի օգնությամբ։ Ինչպես հավաստիացնում են քիթ-կոկորդ-ականջաբան Վլադիմիր Զայցեւը եւ ընդհանուր պրակտիկայի բժիշկ, թերապեւտ Լարիսա Ալեքսեեւան, պաղպաղակն օգնում է վերացնել բորբոքումը, բայց լուրջ ազդեցություն չի թողնում օրգանիզմի վրա։
Ինչպես նշում է URA.RU-ն, մասնագետների խոսքով՝ անգինայի ժամանակ, եթե դեղեր չկան, կարելի է պաղպաղակ ուտել, այն կարող է թեթեւացնել այդ հիվանդության եւ սուր ֆարինգիտի ընթացքը, բայց ոչ բոլոր պացիենտների մոտ։
«Այսինքն՝ ինչ-որ մեկին այն կօգնի, եւ սպազմը թույլ չի տա, որ բորբոքումը զարգանա. արագ կմարի հենց սկզբում։ Բայց եթե բորբոքումն արդեն ընթանում է, ապա, իհարկե, անգինան բուժվում է հակաբակտերիալ դեղամիջոցներով»,- ասել է Զայցեւը։
Ալեքսեեւան, իր հերթին, նշել է, որ սառնությունը նվազեցնում է բորբոքումը եւ այտուցները։ Բայց թարախային անգինան պաղպաղակով բուժելն անհնար է։ Այդ հիվանդության դեպքում պետք է ընդունել բժշկի նշանակած հակաբիոտիկները։
Մասնագետների խոսքով՝ պաղպաղակը կարող է դառնալ ապաքինող միջոց երեխաների ադենոիդների վիրահատությունից հետո։ Սառնությունն առաջ է բերում լորձաթաղանթների եւ անոթների սպազմ, ինչն էլ օգտակար է։
«Երբ երեխայի ադենոիդները հեռացրել են եւ նրա մոտ արնահոսություն կա, նրան պաղպաղակ են տալիս, որպեսզի քիթ-ըմպանում արնահոսությունն արագ դադարի։ Տալիս են երկու բաժին պաղպաղակ հենց սառցախցիկից»,- ասել է Զայցեւը։