Այո՛, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս անգամ հայերի դեմ կռվում էին նաև թուրքերը և վարձկան ահաբեկիչները, օդից խփում էին «Բայրաքթարները» և իսրայելական արտադրության անօդաչուները։ Բայց այն ժամանակ՝ 90-ականների առաջին կեսին էլ, հակառակորդը մեզնից մի քանի անգամ շատ զինամթերք ուներ՝ արկեր, փամփուշտներ, «Գրադի» հրթիռներ։ Ի վերջո, մեծ դժվարությամբ, հաճախ օգտագործելով նաև անձնական կապերը, հաջողվեց ինչ-որ չափով շտկել այս անհամամասնությունը։
Վարձկաններն այն ժամանակ էլ անպակաս էին։ Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա ժամանակի ընթացքում Ստեփանակերտի գործարաններից մեկը վերածվեց վնասված տանկերի վերանորոգման ձեռնարկության,որի շնորհիվ կարգի էին բերվում նաև ադրբեջանական խփված հրասայլերը։
Բայց ամենավտանգավորը, այսպես ասած, օդային ճակատում ստեղծված իրավիճակն էր։ Ադրբեջանի տարածքում միշտ էլ ռազմական օդանավակայաններ եղել են, և խորհրդային զորքերի հեռանալուց հետո Բաքվի տրամադրության տակ էին մնացել մի քանի տասնյակ ինքնաթիռներ, որոնցով նրանք ռմբակոծում էին ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։
Հայերը գրեթե ոչինչ չունեին, ավելին, սակավաթիվ ինքնաթիռներից մեկը հենց հայերն էլ խոցեցին։ Զավեշտի նմանվող այս իրական դրվագի մասին մի առիթով ինձ հենց այդ ինքնաթիռի օդաչուն է պատմել։ «Մի անգամ, երբ իրավիճակը Արցախի ճակատներից մեկում օրհասական դարձավ, հրամանատարությունը որոշեց այնուամենայնիվ օգտագործել ինքնաթիռներից մեկը, որոնք, այսպես ասած, «սև օրվա» համար էին նախատեսված։ Ինձ տվեցին այն հատվածի քարտեզը և կոորդինատները, որտեղ պիտի ռմբահարեի հակառակորդի դիրքերը, ու ես թռա։
Սակայն, տեղ հասնելով, բոլորովին այլ պատկեր տեսա՝ մերոնք առաջ էին շարժվել և, ինչպես երևում է, արդեն գրավել էին այն դիրքերը, որոնք պիտի ռմբակոծեի։ Որոշեցի մի պտույտ էլ գործել և այդ ընթացքում կապվել ու ճշտել հրամանատարությունից, թե ինչ անեմ։ Երբ մոտենում էի Ստեփանակերտին, ինձ խփեցին։ Հենց ղարաբաղցիները։ Դե ինչ անեին, մարդիկ պատերազմի ընթացքում օդում բացի ադրբեջանական ինքնաթիռներից և ուղղաթիռներից ոչինչ չէին տեսել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am