Հայաստանի մշակութային հաստատությունները վերջին սահմանափակումներից 2 շաբաթ անց անելանելի վիճակում են։
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը վերջին սահմանափակումների ազդեցությունը միանշանակ բացասական է գնահատում ու ներկայացնում հիմքերը։
«Առնվազն 3-4 անգամ այցելուների թիվը պակասել է։ Ստիպված ենք լինում ներկայացումներ չեղարկել։ Նախկինում շաբաթ-կիրակի օրերին խաղում էինք 2 ներկայացում, իսկ հիմա` մեկը, բայց տոմսերը մի կերպ են վաճառվում կամ չեն վաճառվում։ Շատ բարդ վիճակ է»,- Sputnik Արմենիային ասաց Բաբայանը։
Տնօրենի համար այս իրավիճակը սպասելի էր. մինչև սահմանափակումը մտցնելն էր հայտարարում, որ QR կոդի պարտադիր պահանջից հետո մարդիկ ոչ թե մարդիկ գնալու են պատվաստվելու, այլ ուղղակի դադարելու են տոմսեր գնել և մշակութային կենտրոններ այցելել։
«Ես անընդհատ տարբեր թատրոնների իմ կոլեգաների հետ զրուցում եմ, բոլոր տեղերում նույն վիճակն է։ Այնքան քիչ է հանդիսականը, որ անգամ QR կոդի ստուգման կամ ներկայացմանը հասցնելու խնդիր չկա։ Այսօր համենայնդեպս տվյալները ցույց են տալիս, որ այս սահմանափակումը որևէ կերպ չի խթանում պատվաստման գործընթացը, ընդհակառակը մարդիկ ուղղակի մշակութային կենտրոններ չեն այցելում»,-ասաց նա։
300 հանդիսատեսի համար նախատեսված թատրոնը լավագույն դեպքում 50 հանդիսատես է ունենում։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ևս փաստում է, որ այցելուների թիվը զգալի քչացել է։ Սակայն տնօրենը դա չի կապում միայն QR կոդի պարտադիր պահանջի հետ, նրա կարծիքով՝ մարդիկ ուղղակի զգուշանում են վարակվելուց։
«Օրինակ` ես պատվաստված եմ և հիվանդացել եմ, բայց հիմա զգուշանում եմ գնալ ինչ-որ մասսայական միջոցառումների և գիտեմ շատ մարդկանց, որոնք ևս զգուշանում են։ Կարելի է պատվաստված կամ թեստ հանձնած լինել, մտնել հասարակական տրանսպորտ ու վարակվել։ Շատ մարդիկ, որոնք նույն QR կոդն ունեն, այսօր վարակված են կորոնավիրուսով կամ գրիպով, չէ՞ որ գրիպն էլ է վարակիչ ու ոչ պակաս վտանգավոր հիվանդություն»,- ասաց Մխիթարյանը։
Նա լիահույս է, որ սահմանափակումները շուտով կհանվեն, բայց քանի դեռ դրանց անհրաժեշտությունը կա, մնում է ենթարկվել այդ պահանջին։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դեռևս դժվարանում է խոսել վերջին սահմանափակումների հետևանքից, քանի որ դեռ մեկ ներկայացում են խաղացել։
«Շատ բան չեմ կարող ասել, քանի որ դեռ մեկ ներկայացում ենք խաղացել, և դահլիճը լիքն է եղել, բայց շեշտեմ, որ մենք հանդիսատեսին նստեցնում ենք շախմատաձև, այնպես որ լիքը հարաբերական է։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ մենք ռեպերտուար կխաղանք, այդ ժամանակ արդեն հստակ կարձանագրենք իրավիճակը»,- ասաց նա։
Մկրտչյանի խոսքով՝ ամեն դեպքում օրենքը մնում է օրենք և պետք է սովորել ենթարկվել օրենքին։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ևս դժվարացավ խոսել սահմանափակման հետևանքներից, քանի որ երկար դադարից հետո այսօր առաջին անգամ են ցուցահանդես ունենալու, բայց հիմա էլ դժգոհությունների պակաս չկա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am