Ուկրաինացի գործարարները զանգվածաբար լքում են երկիրը․ ԶԼՄ
Advertisement 1000 x 90

Ուկրաինացի գործարարները զանգվածաբար լքում են երկիրը․ ԶԼՄ

Օլիգարխներն ու գործարարները չարտերային չվերթերով և մասնավոր ինքնաթիռներով հեռանում են Ուկրաինայից։ Տեղեկությունը հայտնում է «Украинская правда»–ն։

Միայն փետրվարի 13-ին Կիևից գրեթե 20 ինքնաթիռ է մեկնել՝ տանելով երկրի ամենահարուստ մարդկանց։ ԶԼՄ–ի տեղեկություններով՝ վերջին 6 տարվա դիտարկումների ընթացքում մասնավոր չվերթերի այսպիսի քանակ չի եղել։

Օդ բարձրացած ինքնաթիռներից մեկը միլիարդատեր Ռինատ Ախմետովինն է եղել (առաջին տեղն է զբաղեցնում ուկրաինական Forbes-ում)։ Ինքը՝ Ախմետովը, դեռևս հունվարի 30-ին էր երկիրը լքել Կիև-Ցյուրիխ չվերթով։

«Украинская правда»-ի տվյալներով` Կիև-Վիեննա երթուղով 50 հոգանոց մասնավոր ինքնաթիռ է պատվիրել «Ընդդիմադիր հարթակ – հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր, միլիոնատեր Իգոր Աբրամովիչը: Հաղորդվում է նաև, որ առնվազն ևս ութ գործարար, որոնց թվում Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ կան, արդեն լքել են երկիրը:

Կիևից դուրս է եկել նաև Բորիս Կոլեսնիկովի (100 ամենահարուստ ուկրաինացիների վարկանիշում 55-րդ տեղն է զբաղեցնում) ինքնաթիռը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ ինքնաթիռը Պրահա է մեկնել ընդամենը տեխնիկական սպասարկման համար։

Ուկրաինայից դուրս է եկել նաև գործարար և օլիգարխ Վիկտոր Պինչուկը։

Կիև-Մյունխեն չվերթով փետրվարի 10-ին մեկնել է ուկրաինացի գործարար, պատգամավոր Վադիմ Նովինսկին:

Արտասահման է մեկնել նաև ուկրաինացի գործարար և քաղաքական գործիչ Ալեքսանդր Յարոսլավսկին, որի ավտոշարասյունը 4 օր առաջ մահացու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու:

Փետրվարի 13-ին Ուկրաինան լքել են գործարարներ Անդրեյ Ստավրիցերը (պաշտոնական վարկածով՝ մեկնել է գործուղման) և Վադիմ Նեստերենկոն, փետրվարի 12-ին՝ Վադիմ Ստոլարը և Վասիլի Խմելնիցկին, որը, սեփական մամուլի ծառայության հաղորդմամբ, թիմի հետ ուսուցման է մեկնել:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ արդեն 38 երկիր իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Ուկրաինայից։ Նրանց թվում են ԱՄՆ-ն, Մեքսիկան, եվրոպական գրեթե բոլոր պետությունները, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Իսրայելը և Ճապոնիան:

armeniasputnik.am



Նման նյութեր