Պե՞տք է երեխային առաջին դասարանում ուղարկել ծրագրավորման դասընթացների: Իսկ 9-րդում արդյոք ուշ չէ՞: Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք նա ծրագրավորման կարողություն ունի՞: Ի՞նչ սովորեցնել ծրագրավորումը հետաքրքիր և օգտակար դարձնելու համար:
Ծնողներից շատերը կցանկանան, որ իրենց երեխաները սովորեն ծրագրավորում և հետագայում կարողանան աշխատել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արագ զարգացում է ապրում, և ծրագրավորողների պակաս կա, խոշոր ընկերությունները չեն կարող հազարավոր թափուր աշխատատեղերը լրացնել։ Առաջիկա տարիներին, ըստ կանխատեսումների, այդ պակասը կպահպանվի, ինչը նշանակում է, որ ՏՏ ոլորտում դեռ լավ աշխատավարձեր և կարիերայի հնարավորություններ կլինեն։ Բացի այդ, այսօր ծրագրավորման նվազագույն կարողությունը առավելություն է, ինչպես լավ անգլերենը: Լեզվի իմացությունը, օրինակ, թույլ է տալիս աշխատել տվյալների հետ, օգնում է շատ մասնագիտություններ սովորել, որոնք հեռու են ՏՏ-ից՝ լրագրությունից մինչև բնագիտություն: Բայց ինչպե՞ս ձեռք բերել ունիվերսալ մասնագիտություն՝ ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ սովորեցնել երեխային:
Ո՞ր տարիքից սկսել
Այժմ ծրագրավորման բազմաթիվ դպրոցներ կան 1-3-րդ դասարանների երեխաների համար: Այնտեղ իրական կոդավորում չեն սովորեցնում, երեխաներին ծանոթացնում են, թե ինչպես են ստեղծվում ծրագրերը։ Դրա համար ամենից հաճախ օգտագործվում է Scratch-ի ուսուցման լեզուն. սա նաև ծրագիր է, որտեղ դուք կարող եք միավորել խաղեր, մուլտֆիլմեր, պարզ առաջադրանքներ բլոկներից, ինչպես գլուխկոտրուկը։ Սա նաև համայնք է, որտեղ բոլորը տեղադրում են իրենց նախագծերը: Այս ամենը սովորական դպրոցի ուսումնական ծրագրում չի դասավանդվում։ Scratch-ը ներկայացնում է տեղեկատվություն ուրախ և զվարճալի ձևով, որը մեծապես պարզեցնում է ծրագրային ապահովման աշխատանքը. ծրագիրը պարունակում է մոդուլներ, որոնք ներառում են գործիքները՝ սցենարներ, գրաֆիկա և ձայնային խմբագիր։ Կա նաև Scratch-ի հայկական ադապտացիան, որը կոչվում է «Աղուէս»։
«Աղուէս» ուսուցողական ծրագրավորման լեզուն և ծրագրային գործիքները կարող են օգտագործել բոլորը ուսուցողական նպատակով կամ պարզապես զվարճանալու համար։ «Աղուէս» ծրագիրը դպրոցական երեխաների մոտ զարգացնում է ալգորիթմական մտածողությունը։ Ծրագիրը հնարավոր է օգտագործել մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ ճշգրիտ գիտությունների հիմնարար սկզբունքների ուսումնասիրման, փորձերի մոդելավորման և պատկերավորման, նաև անիմացիայով ուղեկցվող դասերի ձայնագրության, ինտերակտիվ արվեստ և երաժշտություն ստեղծելու համար։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել համակարգչային խաղեր, մուլտֆիլմեր և անիմացիաներ։ Այն թույլ է տալիս սովորել ծրագրավորման հիմունքները՝ պարզապես խաղալով անիմացիոն կերպարների հետ։
Արժե՞ երեխային այդքան շուտ ծանրաբեռնել
Դպրոցներից շատերում ծրագրավորման հետ ծանոթությունը սկսվում է 7-րդ դասարանից՝ նվազագույն ծավալներով. սա, ըստ մասնագետների շատ ուշ է։ Համաշխարհային պրակտիկայում երեխաները սկսում են տարրական դպրոցից կամ դպրոցից առաջ: Մի շարք երկրներում նախադպրոցականներին ծրագրավորում են սովորեցնում առանց համակարգչի. խնդիրն այն է, որ երեխաներին մատների վրա բացատրեն, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան: Երեխային տեխնոլոգիան շատ պարզ է թվում: Նա ունի հեռախոս, պլանշետ, նա դիտում է տեսանյութեր, խաղում է խաղեր: Նա կարծես թե կարողանում է ամեն ինչ անել: Նա չի մտածում, թե ինչպես է տեխնոլոգիան աշխատում: Սա մակերեսային վերաբերմունք է ձևավորում աշխարհի նկատմամբ: Պետք է երեխային սովորեցնել մտածել։ Մի կտոր երկաթը գիտելիքի օգնությամբ կառավարող երեխան կարող է կառավարել ինչ-որ բան աշխարհում։ Այս գաղափարը պետք է հնարավորինս շուտ բացատրել նրան: Սա պետք է փորձեն բոլոր երեխաները: Ոչ բոլոր երեխաները կցանկանան ծրագրավորել ավագ դպրոցում: Բայց բոլորը պետք է փորձեն գրել այնպիսի ծրագիր, որը կստիպի էկրանի վրայի կատվին քայլել՝ հասկանալու համար, որ պարզ հրամաններով կարելի է կառավարել մեքենան։
Միջին դպրոցում երեխաները, ովքեր սիրում են ծրագրավորումը, կարող են սկսել լրջորեն զբաղվել ծրագրավորմամբ: Կան մի քանի ուղղություններ։ Առաջինն արդյունաբերական ծրագրավորումն ու ճարտարագիտությունն է։ Երեխան կարող է սկսել սովորել կատարել այնպիսի աշխատանք, ինչպիսին ծրագրավորողներն են անում ընկերություններում: Այս դեպքում նա կարող է փորձել տարբեր մասնագիտացումներ՝ աշխատել տվյալների հետ, մեքենայական ուսուցում, բջջային և վեբ մշակում, խաղերի ստեղծում և այլն։ Հայաստանում նման օրինակները շատ են, և 168.am-ը պարբերաբար պատմում է նրանց մասին։
Օրինակ, Միխայիլ Մարտիրոսյանը դեռ 15 տարեկանում պատրաստում էր անվտանգության համակարգ RaspberryPi-ով՝ Python ծրագրավորման լեզվով։ Այս ծրագիրը կարողանում էր ճանաչել մարդկանց դեմքերը, և եթե տվյալ անձը անծանոթ է համակարգին, համակարգը նկարում է ու ավտոմատ կերպով նկարն ուղարկում է օգտատիրոջ էլ․ հասցեին` նշելով նաև, թե ժամը քանիսին է ֆիքսվել տվյալ կադրը։ Միխայիլը պատմում է, որ մանկուց հետաքրքրվել է տարբեր սարքերով և դրանց աշխատանքի սկզբունքով։
«2016 թվականին, երբ որ ես իմացա, որ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում բացվելու է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, առանց երկար մտածելու՝ գրանցվեցի։ Քիչ ժամանակ հետո հասկացա, որ ՏՏ ոլորտը հենց ինձ համար է, և ես սկսեցի ամեն ինչի մեջ ավելի մանրամասն խորանալ։
Ընկերների հետ ազատ ժամանակն անցկացնելուց բացի, Միխայիլն իր հիմնական զբաղմունքը համարում է ինքնակրթվելն ու freelance հարթակներում աշխատանքը։ Նա իր ապագան տեսնում է Հայաստանում և կարծում է, որ իմաստ չկա սահմաններ հատել արտասահմանում կրթություն ստանալու համար․ դրա փոխարեն՝ կարելի է նույն գրքերը կարդալ համացանցի միջոցով, գտնել տեղեկատվություն google-ի միջոցով, ինքնակրթվել և ստանալ նույն կրթությունը։
Մեկ այլ օրինակ է Արման Բարսեղյանը, ով 14 տարեկանում իր մշակած հավելվածով ներկայանում էր միջազգային կոնֆերանսների։ Խոսքը Zoomar լրացված իրականության (AR) հավելվածի մասին է, որը թույլ էր տալիս սքանավորել պատկերներ ու դիտել դրանք եռաչափ տարբերակով:
Zoomar-ն իրենից ներկայացնում է mobile հավելված, որի մեջ կիրառվում է AR տեխնոլոգիան, հավելվածի միջոցով հասարակ պատկերները «կենդանանում» են և իրականությունը դարձնում ավելի հետաքրքիր 3D մոդելների համալրման միջոցով։ Հավելվածը հնարավոր է կիրառել տարբեր բնագավառներում: Օրինակ՝ կրթական համակարգում օգտագործելիս կարելի է հետաքրքրացնել կնեսաբանության դասը՝ ցուցադրելով կմախքի 3D մոդելով:
Հավելվածի միջոցով երեխաները կարող են տեսնել հեքիաթի հերոսներին, նկարվել նրանց հետ: Հավելածը կարելի է օգտագործել նաև տուրիզմի ոլորտում՝ պատրաստելով հուշարձանների 3D մոդելները և ցուցադրելով, թե ինչպիսին են դրանք եղել նախկինում: Հավելվածը կարելի է օգտագործել նաև ռեստորանների մենյուներում՝ տեսնելով կերակուրների նկարները։
Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ունի ունակություններ
Հարցի պատասխանը պարզ է։ Պետք է տեսնել, թե որքան է դա նրան դուր գալիս: Պատահում է, որ նույնիսկ հատուկ ծրագրավորման դպրոցներ հաճախող երեխաները չեն հետաքրքրվում ծրագրավորմամբ։ Բայց այնուամենայնիվ, ավելի հաճախ երեխաները, ովքեր սիրում են մաթեմատիկա և համակարգչային գիտություն, ցանկանում են սովորել ծրագրավորում։
Տարրական դպրոցում մաթեմատիկայի և համակարգչային գիտության դասերին երեխաները սովորում են լուծել պարզ ալգորիթմական խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, «մեքենաները ճիշտ կարգով դասավորել՝ օգտագործելով փակուղիները»: Եթե երեխային դուր են գալիս նման առաջադրանքները, ապա նա, ամենայն հավանականությամբ, ապագայում կկարողանա լուծել ծրագրավորման խնդիրներ։ Եթե երեխան սիրում է աշխատել համակարգչով, խաղալ դրանով, փորձել տարբեր ռեժիմներ, գործառույթներ, սա նույնպես ցույց է տալիս, որ նա կարող է հաջողության հասնել: Չնայած դրան, չի կարելի այս ամենը միանշանակ ցուցիչ համարել։
Միջնակարգ դպրոցում որոշակի առարկաների նկատմամբ երեխայի հակումները տեսանելի են դառնում։ Երեխաների համար, ովքեր կողմնորոշված են դեպի հումանիտար առարկաները, քիմիան և կենսաբանությունը, ծրագրավորել սովորելը հաճախ անհետաքրքիր և դժվար է: Այդ դեպքում չես կարող ստիպել նրան։ Կամ պատահում է, որ նա ընդհանուր առմամբ սիրում է ՏՏ ոլորտը, բայց չի սիրում երկար ժամանակ կոդ գրել և մեծ նախագծեր անել։ Այդ դեպքում կարող եք փորձել դիզայնի, ինտերֆեյսեր ստեղծելու ոլորտը։
Օրինակ, Ժաննա Հարությունյանը, ում մասին մենք արդեն պատմել ենք, համեմատաբար ավելի ուշ է սկսել հետաքրքրվել ծրագրավորմաբ։
«Ծրագրավորմամբ հետաքրքրվելու ինչ-որ կոնկրետ տարիք չկա, բայց քանի որ «Արմաթը» շատ հմտացած է այս գործում և որոշել է, որ 11 տարեկանից է կարելի գալ, մտնել այս ոլորտ, ես նույնպես կարծում եմ, որ 11 տարեկանն այն հարմար տարիքներից մեկն է, երբ կարելի է որոշել դառնալ ծրագրավորող։ Դա չի նշանակում, որ ավելի փոքր տարիքի երեխան չի կարող ոլորտում լինել, քանի որ վառ օրինակներ ունենք։
Ես անձամբ սկսել եմ հետաքրքրվել ծրագրավորմամբ 15-16 տարեկանից։ Դա ինձ շատ է խանգարել և ուրախ եմ, որ «Արմաթը» բացվեց, հակառակ դեպքում ես պետք է տնտեսագետ դառնայի։
Ես ծրագրավորմամբ սկսել եմ հետաքրքրվել ամենահեշտ ծրագրերից, հետո ծրագրերի, մրցույթների միջոցով ինքս կատարելագործվել եմ։ Ինձ ոչ թե պետք էր մարդ, ով ինձ կսովորեցնի, այլ ես այդ ամենը արել եմ ինքնուրույն՝ առցանց։ Այսպես սովորեցի մի քանի ծրագրավորման լեզու։ Իրականում բարդն ամենասկզբում է։ Եթե սկզբում ինչ-որ մեկը լինի, ով մենթորություն կանի, հետո արդեն երեխաները ոգևորությամբ կշարունակեն այդ գործը»,- պատմում է Ժաննան։
Մեր հերոսներից մյուսը՝ Օնիկ Հակոբյանը, 12 տարեկանում արդեն խաղ խաղացողից դարձել էր խաղ ստեղծող։
«Երբ խաղեր եմ խաղում, գտնում եմ տարբեր ալգորիթմներ, որոնք կիրառում եմ իմ խաղերում։ Հիմա ուսումնասիրում եմ եռաչափ մոդելավորում և առաջիկայում պատրաստվում եմ մոդելավորել իմ ապագա առանձնատունը»,- ասում է նա։
Հնարավո՞ր է առցանց սովորել
Ուսուցիչները կարծում են, որ հնարավորության դեպքում ավելի լավ է ընտրել դեմ առ դեմ պարապմունքները, որտեղ կենդանի շփում կա ուսուցչի հետ։
Ընդհանուր առմամբ, այսօր արդեն կարելի է առցանց սովորել, եթե հնարավոր չէ ձեր երեխային ուղարկել դասընթացների։ Բայց կարևոր է աշակերտին մենակ չթողնել նման դասընթացներում: Կարևոր է, որ լինի մենթոր, որը կօգնի: Առցանց դասընթացը պետք է ուղեկցվի նրանով, որ մոտակայքում ինչ-որ մեկը կարող է անհրաժեշտության դեպքում հուշել կամ ուղղորդել՝ ուսուցիչ, ծնող, եղբայր, ավելի փորձառու դասընկեր: Երեխաներին կարելի է ուղղորդել, հուշել, օգնել լուծելու իրենց խնդիրները, քանի որ երբեմն աշակերտը դա անում է՝ չիմանալով, թե որտեղ և ինչպես փնտրել սխալը, ինչ անել չաշխատող ծրագրի հետ։
Օնիկ Հակոբյանին, որքան էլ զարմանալի թվա, կորոնավիրուսն օգնեց, քանի որ մի քանի ամիս խմբակ հաճախելուց հետո Օնիկը ստիպված էր տանը մնալ։ Այս ընթացքում նա շատ տեսանյութեր էր դիտում ռոբոտաշինության մասին և մասնակցում էր օնլայն դասընթացների։
«Դասընթացներն իրենց արդյունքներն անմիջապես տվեցին։ Այս ընթացքում ստացել եմ վկայականներ The Hour of Code-ից՝ ճիշտ և անթերի աշխատանքի համար։ Հետո փորձեցի powerbank պատրաստել։ Սկզբում տնեցիների մոտ մտավախություն կար, որ ինձ կվնասեմ, կամ չեմ կարողանա։ Բայց իմ մեջ կարծես խոսում էր ուրիշ Օնիկ, որն ասում էր, որ պետք է փորձեմ նոր գաղափարների իրագործմամբ զբաղվել։ Ցույց տվեցի ուսուցչուհուս, նա հիացավ և ողջունեց ինձ։ Նա ոգեշնչեց ինձ, որ հաջորդիվ ձեռնամուխ լինեմ գաղափարներս կյանքի կոչելուն։ Այսպես փոքրիկ քայլերով սկսվեց իմ մուտքը ՏՏ ոլորտ։ Դրան հաջորդեց լուսարձակիչը, մոտոցիկլը, փոքրիկ մեքենան և այլն»,- պատմում է Օնիկը։
Սիրարփի Աղաբաբյան