1970–ականներից սկսած ամբողջ աշխարհում քննարկվում էր Պերուի հարավում գտնվող Նասկա սարահարթում` ուրվանկարների, երկրաչափական պատկերների և զարմանալի գծերի տեսքով տասնյակ հազարավոր գեոգլիֆների առեղծվածը: Այդ պատկերները սփռված են 50 քառակուսի կմ տարածքում և ավելի քան մեկ տասնամյակ է` գրավում են գիտնականների ուշադրությունը։ Դրանք բազմաթիվ կիլոմետրեր ձգվող և հորիզոնի հետևում թաքնվող հասարակ ուղիղ գծերից մինչև կենդանիների ու միջատների հսկայական և բարդ նկարներ են։
Կատարյալ ուղիղ գծերն անցնում են հորիզոնի մյուս կողմ` հատելով ցամաքած գետերի հուները, բարձրանալով բլուրների վրա` միաժամանակ չշեղվելով սեփական ուղուց, թեպետ նույնիսկ ժամանակակից գեոդեզիական մեթոդները թույլ չեն տալիս հատված տեղանքում մինչև 8 կմ երկարությամբ ուղիղ գիծ անցկացնել այնպես, որ շեղումը չգերազանցի0.1 աստիճանը։
Դրանց գլխավոր գաղտնիքն այն է, որ երևում են միայն մեծ բարձրությունից, այսինքն դրանք կարելի է տեսնել միայն ինքնաթիռից։ Իսկ Նասկայի մշակույթը, որը, ինչպես համարվում է, ստեղծել է այս ամենը, թվագրվում է մ.թ.ա. 500 թվականի և մ.թ. 500 թվականի միջև։
Հասկանալի է, որ օդապարիկներ ու առավել ևս ինքնաթիռներ հնդկացիների նախնիները չեն ունեցել։ Ում համար են դրանք ստեղծվել և ինչպես։ Մինչ օրս ո՛չ հնագետները, ո՛չ երկրաբանները այս ֆենոմենին որևէ հասկանալի բացատրություն չեն կարողացել գտնել։ Ընդ որում, այն դեպքում, երբ այնտեղ լեռնագագաթների մի մասը կտրված է բավական հարթ կտրվածքով, ինչն ընդհանրապես անհնար է բացատրել ո՛չ բնական պատճառներով, քանի որ բնության մեջ նման բան չի լինում, ո՛չ էլ արհեստական, քանի որ հին ժողովուրդները պարզապես չպետք է տեխնիկա ունենային նման արդյունք ստանալու համար։ Բայց արդյունքը, ինչպես ասում են, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։
Ձեռքով նույնպես գրեթե անհնար է դա անել։ Ավելին, անկախ նրանից, որ անապատի մակերեսն այստեղ այնպիսին է, որ գեթ մեկ անգամ ավտոմեքենան այստեղով անցնելիս անիվների հետքեր է թողնում, Նասկայի սարահարթում արահետների հետքեր գրեթե չկան։ Այսինքն, հարյուրավոր և հազարավոր մետր երկարությամբ գծեր արած հողային աշխատանքներ իրականացնող այդ մարդիկ որևէ տեղ նույնիսկ իրենց ոտնահետքը չեն թողել։
Նասկայի գծերի շուրջ մշակութային շերտեր ևս չեն հայտնաբերվել, այդ պատճառով թվագրել դրանց ստեղծումը, ինչպես և լեռնագագաթների կտրվածքները, այդպես էլ չի հաջողվել։ Կարճ ասած` առեղծված առեղծվածի հետևից։ Եվ որքան խորանում ես, այնքան ավելի մեծ առեղծված է ի հայտ գալիս։
Նման գտածոներն աշխարհում այդքան էլ շատ չեն, որոշ տեղանքներում երբեմն պերուական պատկերների նմանակներ են հայտնաբերում, բայց ոչ այս մասշտաբների և քանակի։ Բայց, անկախ իրենց մեծությունից, Միջազգային տիեզերակայանից անզեն աչքով անհնար է տարբերել նույնիսկ Նասկայի սարահարթի պատկերները։
Պետք է ասել, որ Հայաստանը, որպես բարձրլեռնային երկիր, Պերուի հետ շատ ընդհանրություններ ունի։ Ռուս գիտնականները, որոնք բազմիցս եղել են և՛ այնտեղ, և՛ մեզ մոտ, մի շարք նմանություներ են նկատել։ Նույնիսկ մի անգամ Սյունիքում` մասնավոր կենդանաբանական այգում, Պերուից բերված լամաներ տեսնելով փաստել են, որ լիարժեք նմանություն կա։
Օրինակ` «Մհերի դուռը» «Աստծո դարպասներն են»։ Պերուացիները նաև սեփական անալոգներն ունեն, դրանք իրենց մոտ կոչվում են Արամու Մուրու (նույնպես Աստծո դարպասներ), ինչը հիշեցնում է լեգենդար հայ արքաներից մեկի անունը (Ուրարտուի թագավոր Արամե (Արամու, – խմբ.), որով մինչ օրս անվանում են տղաներին։
Ընդ որում, եթե մեզ մոտ «Մհերի դռան» մասին հիշողությունները միայն ավանդույթի տեսքով են մնացել, ապա ժամանակակից հնդկացիները մինչ օրս իրենց սրբատեղիների մոտ որոշակի ծեսեր են անցկացնում, որոնք կապված են գիտակցության փոփոխված վիճակի հետ։
Կարճ ասած` հետաքրքիր և գրեթե անբացատրելի համընկնումները քիչ չեն, սակայն կա մի բան, որն արտաքինից ընդհանրապես Նասկայի գծերի հետ որևէ նմանություն չունի, փոխարենը գերազանցում է այն իր մասշտաբներով։ Դա Արագածի փեշերին, ընդ որում ոչ միայն բուն լեռան լանջերին, այլև նրա շուրջ գտնվող լեռնազանգվածների վրա գտնվող կիկլոպյան ամրոցների մնացորդներն են։ Այսօր շինության ստորին շարքերի մնացորդի տեսքով հնագույն այդ ամրոցների միայն հիմքերն են պահպանվել, բայց ամենազարմանալին ոչ այնքան այն է, որ դրանք էլ հազարավոր մետրերի վրա են սփռվում, այլ այն, որ դրանք տեսանելի են տիեզերքից։ Այդ պատճառով դրանք յուրաքանչյուրը կարող է տեսնել Google Earth ծրագրով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am