Ես հիմա լավ եմ հասկանում քո աղավնու անհանգստությունը. Ջան Դյունդար
Advertisement 1000 x 90

Ես հիմա լավ եմ հասկանում քո աղավնու անհանգստությունը. Ջան Դյունդար

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, լրագրող Ջան Դյունդարը, ով ճնշումների հետևանքով ստիպված լքել է Թուրքիան և բնակվում է Գերմանիայում, Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նամակ է հղել պոլսահայ մտավորականին: Ահավասիկ, ներկայացնում ենք «Ակոս»-ում հրապարակված նամակը:

«Մեկ ամիս է` պատրաստվում եմ հունվարի 19-ին Բեռլինի Գորկու անվան թատրոնում կայանալիք հիշատակի արարողությանը: Վերընթերցում եմ քո գրածները, կյանքի պատմությունը, քո մասին գրքերը: Լսում եմ ելույթներդ: Վերհիշում եմ հուշերը:

Այսօրվա վախի մթնոլորտում դիմադրության պատմություն կարդալը մարդուն քաջություն է տալիս:

Հիացմունքով եմ հիշում, թե ինչպես մեն-մենակ ասացիր պետությանը, սփյուռքին, եկեղեցուն` «սխալ եք»` դրանով իսկ վերածվելով ինչպես թիրախի, այնպես էլ նմանը չունեցող խղճի ձայնի:

Կարդացածներս ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան իրավացի էիր, խոսելիս, գրելիս, պաշտպանելիս երբեմն որքան միայնակ, որքան անհանգիստ, սակայն միաժամանակ որքան վճռական և քաջ էիր:

Ես հիմա լավ եմ հասկանում քո աղավնու անհանգստությունը և հակառակ դրա` միայնակ պտտվելու հաստատակամությունը:

Սակայն երբ գրում էիր, որ այս երկրում մարդիկ աղավնիներին չեն դիպչում, իրականում հավատո՞ւմ էիր դրան: Թե՞ դա պարզապես ցանկություն էր:

Կարո՞ղ էիր երազել, որ քո հետևից տասնյակ հազարավոր մարդիկ կքայլեին` բղավելով. «Բոլորս հայ ենք»: Կարո՞ղ էիր մտածել, որ քո երազած կարեկցանքը կստեղծես քո մահով:

Կարդալով այսօր ավելի շատ եմ գիտակցում, թե քեզ հետ ինչ ենք մենք կորցրել»: