Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում:
Հեղափոխությունից հետո Հայաստանի զանգվածային լրատվության միջոցները հեղեղված են մեր տարբեր մակարդակի պաշտոնյաների ու նրանց հարազատների ստացած ահռելի եկամուտների մասին հրապարակումներով։ Ընդ որում, այդ հրապարակումների համար հիմք են հանդիսանում խիստ պաշտոնական փաստաթղթեր։ Խոսքը պաշտոնյաների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մասին է, որոնք տեղադրված են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Հայտարարագրերում առավել ուշագրավ կետերից մեկը վերաբերվում է նվերներին. պարզվում է՝ նոր Հայաստանի պաշտոնյաները նախկիններից պակաս հոժարակամ չեն նվերներ ստանալու հարցում և նույնքան ջանասիրաբար էլ թաքցնում են այդ նվերների նախապատմությունները:
ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը նվիրատվություն է ստացել հողամաս Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Արամ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2017 թ.-ից եւ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի 10 մլն դրամ գումար, մեկ անհատական բնակելի տուն եւ «Mercedes Benz E 500» մակնիշի մեքենա։ Նույն տարվա տարեկան հայտարարագրից երեւում է, որ Հովհաննիսյանը որպես ժառանգություն ստացել է բնակելի տուն, հողամաս եւ «VAZ21061» մակնիշի ավտոմեքենա: Ժառանգության ընդհանուր արժեքը մոտ 6 մլն դրամ է։ Հաջորդ տարվա՝ 2018-ի տարեկան հայտարարագրում Հովհաննիսյանը նշել է, որ ստացել է բնակելի տուն։ Որպես նվիրատվություն ստացած այդ տան արժեքը 25 մլն դրամ է։
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ, ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է նվիրատվություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ: Ինչ վերաբերում է 800 000 դրամ նվիրատվությանը, այն ստացել է ծնողներից 4 ամսվա ընթացքում՝ ամսական 200 000 դրամի չափով:
2020-ին Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած Համլետ Մանուկյանը նվիրատվություն է ստացել միանգամից 5 ավտոմեքենա՝ OPEL,TOYOTA. MITSUBISHI, VOLKSWAGEN, PORSCHE:
Երևանի նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում նշել է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանը 2018-ին ստացել էր 22 միլիոն 250 հազար դրամի նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված գույք:
Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որպես նվիրատվություն։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նույնպես ճոխ նվիրատվություններ է ստացել։ Դիցուք` Էլբեկ Երեմի Քյարամյանը՝ գրանցված Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 2016 թվականի հունվարի 29-ին նոտարական վավերացմամբ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր է կնքել Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հետ՝ նրան նվիրաբերելով կամ անհատույց սեփականության հանձնելով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը՝ հողամասով եւ շինությունով ամբողջությամբ։
Ինչպես տեսնում ենք՝ վարչապետ դառնալուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են միլիոններ գնահատվող գույք ստանալ որպես նվեր, սակայն Փաշինյանը այլևս իրավապահներին չի ուղարկում իր թիմակիցների ստացած նվերների աղբյուրները ստուգելու, կոռուպցիոն ռիսկ էլ այլևս չի տեսնում…