Հնդկաձավարի գինը հատել է 1200-1300-ի սահմանները. hraparak.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնդկաձավարի գինը հատել է 1200-1300-ի սահմանները. hraparak.am

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները գնալով նշմարվում են նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Տնտեսական շուկայում աստիճանաբար սկսել են աճել թե սննդի, թե այլ ապրանքների գները։ Hraparak.am-ը հետևում է շուկայում տիրող իրավիճակին։ Այսօր շրջայց ենք կատարել մի քանի մանր խանութներ և «Էվրիկա» սուպերմարկետի Շենգավիթի մասնաճյուղ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում երևանյան խանութներում։

«Այս պահին ունենք հնդկաձավարի խնդիր։ Ներմուծող ընկերությունները՝ «Վ․Ա․Ս․ Գրուպը», «Անուշ լինին», «Պրեմիեր Ֆուդսը», այս պահին չունեն հնդկաձավար։ «Վա վա Ֆուդը» տվել է դրական պատասխան։ Քանի որ բոլոր խանութներն այս պահին ունեն հնդկաձավարի խնդիր, այդ իսկ պատճառով ուշանում է, չեն հասցնում բաժանել։ Ապրանքները կստանանք բավականին բարձրացված գներով»,- մեզ հետ զրույցում ասաց «Էվրիկայի» Շենգավիթի մասնաճյուղի տնօրեն Լևոն Ուդումյանը։

Վերջինիս խոսքով, մատակարարումների հետ կապված խնդիր կա։ Մի մեքենան Վերին Լարսից ճողոպրել է և շուտով կլինի Հայաստանում։ Ըստ Ուդումյանի, ընկերությունները կստանան պատերազմից առաջ պատվիրված հնդկաձավարը։

«Դեֆիցիտը պայմանավորված կլինի նաև Ռուսաստանից մարդկանց արտահոսքով, քանի որ այնտեղ կլինի աշխատուժի խնդիր։ Միգուցե իր սահմաններում խախանդ է, բայց բերքի մշակման առումով արդեն խնդիր կլինի, ըստ այդմ` կառաջանա դեֆիցիտ։ Ինքնարժեքը կարող է թանկանա։ Եթե ապրանքը 2 օրում կարար Ռուսաստանից հասներ Հայաստան, արդեն 15 օր է, ինչ մեքենաները Վերին Լարսում են։ Այնտեղ վարորդին են հավելյալ գումար տալիս, կեցության հարց կա։ Այո, մոտավորապես 15 տոկոս աճ է նկատվելու։ Վախենում եմ դեֆիցիտն այնքան խորանա, որ 1 կիլոգրամ հնդկաձավար չկարողանանք գտնենք։ Թանկացման հետ կարելի է համակերպվել, բայց դեֆիցիտի՝ ոչ»,-ասաց Լևոն Ուդումյանը։

Տնօրենի խոսքով, բացի բրնձեղենից, որը ներկրվում է Ասիայից, նպարեղենի բոլոր մյուս տեսակների գները թանկացել են, իսկ ոսպի ու հնդկաձավարի գներն էլ եկել իրար են հավասարվել։ Մեր այն հարցին, թե հայաստանյան շուկան կկարողանա՞ սեփական մակարոնեղենի արտադրությունով ապահովել շուկան, Լևոն Ուդումյանը կարծում է, որ՝ այո։

«Այս պահին կա ալյուրի ներմուծում, բայց ցորենի՝ ոչ։ Մենք` ինքներս, Ռուսաստանից մակարոնի ներմուծող ենք, մեր պաշարները, կարելի է ասել, վերջացել են, չգիտենք էլ՝ կարող ենք բերել, թե ոչ։ Որ ընկերություններն այս պահին որ բերել են, գիտենք, որ ներկրման գումարը մոտ 1 կիլոգրամը 450-ի շրջանակներում է արդեն, տեղականի 1 կիլոգրամի գինը 320 դրամ է։ Եթե ինքներս շարունակենք ներմուծումը, դրա վրա ավելացնելու ենք 1-2 տոկոս, բայց եթե գնենք երկրորդ ձեռքից՝ մոտավորապես մի 7-8 տոկոս։ Այսինքն, 1 կիլոգրամ ներմուծված մակարոնը, որը ձեռք ենք բերել 450 դրամով, վաճառելու ենք 480-490 դրամով։ Այս պահին ռուսական մակարոնեղենը մեր սուպերմարկետի ցանցերում վաճառում ենք ինքնարժեքից ցածր»,-ասաց Լևոն Ուդումյանը։

Նշենք, որ այսօր խանութներում 1 կիլոգրամ հնդկաձավարն արդեն վաճառվում է 1200-1300 դրամ։ Ներկրող «Այլոֆթ» ընկերությունը խանութներին տալիս է 1 կգ-ն 950 դրամով, դրան կավելանան խանութների դրած տոկոսները։

hraparak.am