Շիրակցի մի խումբ խոշոր ֆերմերներ ուսումնասիրել են Կառավարության կայացրած պարարտանյութի սուբսիդավորման մասին որոշումը, դրան առնչվող ծրագիրը ու եկել են այն եզրահանգման, որ սուբսիդավորման անվան տակ դուրս գրված գումարները գյուղացուն չեն հասնում։
Ֆերմերների պնդմամբ՝ կառավարության հաստատած ծրագրով Շիրակի մարզին պետք է հատկացվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական, 50 տոննա կալիումական պարարտանյութ, այսինքն՝ մարզին հատկացվող պարարտանյութն ամբողջությամբ սուբսիդավորված է, և պետբյուջեից դուրս է գրվել 4.9 մլրդ դրամ գումար: Սակայն ֆերմերների համար անհասկանալի պատճառով պարարտանյութի տրամադրումը սահմանափակել են՝ մինչև 3 հեկտար հողատարածք ունեցողների համար։ Հետևաբար՝ հարց է առաջանում, ի՞նչ նպատակով են այդ սահմանափակումները, ինչ-որ մարդկանց գրպանն են ուզում լցնել։
168.am-ի հետ զրույցում շիրակցի ֆերմեր Գևորգ Ավագյանն անդրադառնալով բարձրացրած խնդրին՝ ասաց, որ այս խնդրի մասին արդեն օրեր շարունակ բարձրաձայնում են, նույնիսկ գյուղի ճանապարհներն են փակել, որպեսզի իրենց բողոքը տեղ հասնի, սակայն որևէ արդյունք չի եղել։
«Մի հոգավոր կար, որ ուզում էր մատ թափ տար, իրեն ինչ պետք է՝ ասել ենք, բազմիցս զգուշացրել ենք։ Ասածս այն է, որ սուբսիդավորման այս եղանակով մարդկանց դրդում են, որ դիմեն հանցագործության։ Այսինքն՝ գնան փաստաթուղթ կեղծեն, օրինակ, եթե մարդն ունի 80 հեկտար վարելահող, այդ մարդուն իրենք սուբսիդավորում են 3 հեկտարը, մեկ պարկ պարարտանյութին սուբսիդավորում են 9 հազար դրամ։ Մատակարարները մեկ պարկ պարարտանյութը վաճառում են 23 հազար դրամ, որից 9 հազար դրամն է սուբսիդավորվում, այսինքն՝ մարդիկ 14 հազար դրամով պարարտանյութ պետք է գնեն։ Ես չգիտեմ՝ էլ ինչ ասեմ, միայն այս խնդիրը չէ, խնդիրներ ունենք նաև ոռոգման ջրի հետ կապված։ Կոպիտ ասած, կառավարությանը չի հետաքրքրում, թե գյուղացին 14 հազարը որտեղից կարող է տալ մեկ պարկ պարարտանյութ գնելու համար։ Հիմա փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ստորագրել են, որ մարզի համար 5000 տոննա ազոտական պարարտանյութ կսուբսիդավորեն։ Սուբսիդավորման համար իրենք պետական բյուջեից 4,9 մլրդ դրամ գումար են հանել։ Այս ծրագրից ոչ բոլորը կարող են օգտվել, մինչև մարտի 21-ը ժամկետ են տվել, որ մարդիկ հայտ ներկայացնեն, բայց մարտի 17-ից գրել են, որ վաճառք կա, մատակարարում իրականացրեք։ Ասում եմ՝ եղբայր, որոշման մեջ գրված է, որ մարտի 21-ին բոլորը հայտ պետք է ներկայացնեն, 2 օրվա ընթացքում համայնքի ղեկավարը հայտերն ուղարկի մատակարարներին, որից հետո մատակարարները կկարողանա՞ն գին որոշեն։ Այս ամենը ցնդաբանություն է»,- նշեց Գևորգ Ավագյանը։
Ըստ ֆերմերի՝ այս պահին Կառնուտի ջրամաբար ջուր չեն լցնում, այն փակ է, Արփի լճից ջուրը Կառնուտի ջրամբար լցնելու փոխարեն՝ ջուրը ցնում են Ախուրյանի ջրամբար, որտեղից էլ գնում է Թուրքիա։
«Մենք բողոքի ակցիաներով իրենց զգուշացրել էինք, մեր մարզպետն էլ խոստացավ, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալներին կկանչի մարզ։ Մարզպետն ասում էր՝ ցույցեր մի արեք, մի բողոքեք, ու հիմա իր խոսքն օդի մեջ է մնացել, հիմա իր խոսքն էլ չի անցնում։ Պատկերացրեք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Քերոբյան չէ, Քերողյանը գալիս է մեր մարզ ու ասում՝ անարդյունավետ է հողը մշակել։ Մեզ ասում է, որ Շիրակում անարդյունավետ է գյուղատնտեսությամբ զբաղվելը, դրա համար էլ սերմացուն չեն սուբսիդավորում։ Հետո գնում է կառավարության նիստում ասում, թե՝ հողերը անմշակ չթողնեք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Գևորգ Ավագյանի խոսքով՝ լավ իմանալով իշխանության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, սպասելիքներ չունի, որ որևէ բան կփոխվի։
«Մի բառ կա՝ «մուտիլովչիկ», սրանք դա են, սրանցից ի՞նչ ենք ուզում։ Մենք մեր ասածն ասել ենք, իրենք էլ թող գնան ջուրը տան թուրքին, սա է իրենց համար լավ։ Ավելի լավ է այդ ծրագրից մենք՝ որպես ֆերմեր, չօգտվենք, քան անուն հանենք, թե օգտվում ենք։ Պարարտանյութի մատակարարների հետ էլ ենք խոսել, ասում են՝ ախպեր ջան, դեռ որևէ բան պարզ չէ, դեռ պետք է պարարտանյութը բերեն, Հայաստանում լցնեն պարկերի մեջ, որից հետո հասկանան, թե ինչ են անում»,- եզրափակեց Գևորգ Ավագյանը։
Հիշեցնենք, որ այս որոշումը կառավարությունն ընդունել է մարտի 3-ին, որտեղ մասնավորապես նշված է, որ մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութ ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2022 թվականի համար կկազմի շուրջ 4.9 մլրդ դրամ, որի հաշվարկման համար հիմք է հանդիսացել մարզպետարաններից ներկայացված պահանջարկը, որը կազմել է 27324տ (ազոտական՝ 25611տ, ֆոսֆորական՝ 933տ, կալիումական՝ 780տ)։
Զվարթ Խաչատրյան