Վերջերս հագուստի որոշ խանութներ գնված ապրանքը հետ չեն վերցնում, հատկապես՝ երեկոյան զգեստները, կոշիկները:
«Գնացի, որ նվեր գնեմ, ասացի՝ դե, եթե չափսը սխալ լինի՝ կբերեմ, կփոխենք, խանութի վաճառողներն ասացին, որ ապրանքը հետ չեն կարող ընդունել, քանի որ երեկոյան զգեստ է: Հարցրի՝ այդ ո՞ր օրենքով, պատասխանեցին, թե այդպես է, որովհետև շատերը տանում, օգտագործում են, անգամ վնասված հետ են վերադարձնում: Այսինքն, եթե 1-2 հոգի զգեստը կամ կոշիկը օգտագործում են, մյուսները ինչո՞ւ պետք է դրա համար պատասխան տան»,- հարցրեց 168.am-ին դիմած քաղաքացիներից մեկը:
Խնդրի հետ կապված՝ զրուցեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով հայտնեց, որ օրենքով պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու սպառողի իրավունքը գործում է:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
«ՀՀ օրենքում փոփոխություն տեղի չի ունեցել, այն հստակ սահմանում է, որ ապրանքը վերադարձի ենթակա է, եթե չի օգտագործվել: Այսինքն, այնպես չէ, որ մարդը կարող է հագուստը առնի՝ գնա հարսանիք, հետո տանի հետ վերադարձնի: Որովհետև արդեն օգտագործել է: Ունեցել ենք դեպք, երբ քաղաքացին պնդում էր, որ ինքը տարել է, տանը փորձել, վերադարձրել է, հետո խանութի աշխատողն այդ մարդու Instagram-ի էջում այդ նույն մարդու նկարը ցույց տվեց՝ հագած նույն հագուստը: Այսինքն, ամեն ասած չէ, որ հալած յուղի տեղ ընդունում ենք: Բայց այն, որ, եթե մեկը հագուստն օգտագործել է, դա չի նշանակում, որ բոլոր սպառողների օրինական իրավունքները պետք է ոտնահարենք:
Ապրանքը վերադարձի ենթակա է, եթե չի օգտագործվել, ապրանքային տեսքը պահպանված է, գնապիտակները տեղում են: Սակայն, եթե կա հիմնավորում, ապա ապրանքը վերադարձի ենթակա չէ, հակառակ դեպքում, իհարկե, վերադարձի ենթակա է, և նշված դեպքի առիթով ասեմ, որ ի սկզբանե սխալ նախապայման է դնում բիզնեսը: Ռիսկերն է փորձում կառավարել և օգտագործում է օրենքով սահմանափակված գործիքակազմ»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Անի Կարապետյան