Պարենային ապրանքների թանկացում արդեն նկատվում է, և կարծում ենք, որ այն կշարունակվի։ Այս մասին մարտի 17-ին քննարկման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Նա պարզաբանել է, որ դա պայմանավորված է պարարտանյութերի և ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճով, և այդ միտումը կշարունակվի։
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կարծում են, որ, եթե տեղի ունենա անասնագլխաքանակի և թռչունների անկում, ապա այն ավելի բացասական ազդեցություն կունենա, որովհետև անասունների վերականգնումն ավելի բարդ է։ Իսկ անասնագլխաքանակի կրճատման դեպքում մսի, կաթնամթերքի, հավկիթի, թռչնամսի թանկացում կլինի։
Հայաստանյան շուկայում մոտ երկու շաբաթում, քաղաքացիների պնդմամբ՝ թանկացել է հատկապես կաթնամթերքն ու հացաբուլկեղենը:
«Օրինակ, 400 գրամանոց թթվասերի արժեքը նախկին 550-ի փոխարեն՝ դարձել է 590 դրամ, փաթեթավորված գաթան՝ կրկին 500 գրամ, նախկին 650-ի փոխարեն՝ 840-890 դրամ: Եթե դեռևս ալյուրի կամ կաթի խնդիր չկա, այս թանկացումներն ինչո՞ւ են լինում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն այս ամենի բացատրությունն ունի:
«Ամբողջ աշխարհում թանկացում է, մեզ մոտ էլ հիմնականում ներկրվում է ապրանքը: Նույն ձեթը, շաքարավազը, կաթի փոշին: Այնպես չէ, որ ներկրվող երկրում գինը նույնը մնաց՝ այստեղ թանկացավ: Ուղղակի խնդիրն այն է, որ այլ երկրներում սուբսիդավորում են՝ աշխատավարձ, թոշակ են բարձրացնում, և այլն: Ինչ վերաբերում է թթվասերի թանկացմանը, մարդիկ ասում են՝ արդեն պատրաստի է, հնանալու է՝ թափեն, ինչո՞ւ են թանկացնում, ապա ասեմ, որ չեն թափում, տանում վերամշակում են: Ես հետևել եմ՝ խանութում նույն ապրանքը մեկ ամսում 10-20 դրամով թանկացել է, իսկ 4-5 ամիս հետո տեսնում ես՝ 20 տոկոսով թանկացել է»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
Հավելենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. փետրվարը՝ 2021թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%: 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ՝ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.4% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1% գնանկում:
Ձվի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ՝ նվազել է 1.0%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 11.0%-ով: 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է կարագի՝ 7.8% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ՝ արձանագրվել է 18.2% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում:
Պանրի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ՝ աճել է 17.2%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.8%-ով: 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ՝ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի՝ համապատասխանաբար՝ 6.8%, 7.6%, 8.0% և 31.8%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3%, 0.8%, 3.7% և 1.4% գնաճ:
Թարմ կաղամբի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ՝ աճել է 3.8 անգամ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ արձանագրվել է 5.6% գնանկում:
Անի Կարապետյան