Օրերս Նարեկացի արվեստի միությունում տեղի էր ունեցել «Պոստ ֆակտում… Անցյալը սահմանում է ապագան» ֆիլմի ցուցադրությունը, որտեղ փաստերով հերքվում են Կոմիտասի կողմից քրդական երաժշտության թեմայով դիպլոմային աշխատանք պաշտպանելու վերաբերյալ լուրերը: Ֆիլմում նաև հերքում են այն կեղծ տեղեկությունները, թե իբր Կոմիտասի առաջին լեզուն եղել է եզդիերենը:
ֆիլմում հիշատակվում է «Ուսուբ բեկ» գրքի մասին, որտեղ պատկերված էր Կոմիտասի նկարը եզդի ցեղապետ Ուսուբ բեկի հետ: Ըստ երաժշտագետ Մարինե Աշուղյանի՝ նկարն ակնհայտորեն կեղծիք է, ֆոտոշոփի արդյունք:
Կինովավերագրող Գագիկ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ այդ գրքի շնորհանդեսին մասնակցել են Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
Խնդրի առիթով զրուցեցինք Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում չժխտեց գրքում Կոմիտասի և Ուսուբ բեկի նկարի ֆոտոշոփ լինելը.
«Գրքում էլ այդ մասին կա գրված, բայց ինչ վերաբերում է նկարին, ապա այն գոյություն ունի: Նկարիչ Փանոս Թերլեմեզյանն է նկարել Կոմիտասին և Յուսուբ աղային ու վաճառել է Կ.Պոլսում՝ իր ցուցահանդեսի ժամանակ: Ավելին, Թերլեմեզյանը իր հուշերում գրել է.«Մասիսի լանջին Կոմիտասին և Յուսուբ բեկին միասին նկարեցի, որը վաճառվեց Կ.Պոլսի իմ ցուցահանդեսում»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով.
«Աղմուկ բարձրացնողները կիսագրագետ մարդիկ են: Կոմիտասը ամառները, քանի որ տունը հեռու էր, մնացել է այս կամ այն դասընկերոջ տանը: Մի տարի էլ եզդու տուն է գնացել»:
Ինչ վերաբերում է քրդական երաժշտության թեմայով դիպլոմային աշխատանք պաշտպանելուն, Ամատունի Վիրաբյանը նշեց, որ դրա մասին ոչինչ չի կարող ասել, չնայած հավատում է, գուցե նման բան եղել է.
«Գրքի հեղինակն է գրել, երևի ինչ-որ տեղից օգտվել է: Ես չեմ խորացել, 2 էջ գրախոսական եմ գրել ու դրա համար և՛ հայերը, և՛ եզդիները ինձանից նեղացել են: Գրել էի, որ Ջհանգիր աղան նախքան Անդրանիկի կողմից գերի վերցվելը թուրքերի կողմից էր կռվում, քանի որ թուրքերը նրան տարել ու նշանակել են ջոկատի հրամանատար: Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես այդպես գրել, ինքը մեր սուրբն էր: Հայերն էլ, թե ինչո՞ւ եք եզդուն բարձրացնում: Բայց այդ եզդին եղել է մեր խորհրդարանի անդամ, կռվել է Սարդարապատում, Բաշ-Ապարանում»,-եզրափակեց Ազգային արխիվի տնօրենը: