«Սննդամթերքային» իրականություն՝ արտահայտված թվերով. oragir.news
Advertisement 1000 x 90

«Սննդամթերքային» իրականություն՝ արտահայտված թվերով. oragir.news

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ.-ին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններին, բազմամյա տնկարկների տարածություններին, համախառն բերքին ու միջին բերքատվությանը վերաբերող վիճակագրությունը։ Ներկայացված թվերի ուսումնասիրությունից ու նախորդ տարիների համապատասխան թվերի հետ համադրումից պարզ են դառնում մի շարք սննդամթերքների առումով մեր երեկվա պոտենցիալն ու այսօրվա տխուր իրականությունը։

2020թ.-ի աշնանը ցորենի ցանք է կատարվել (2021թ.-ի համար) 57.4 հազար հա-ի վրա։ 2021թ.-ին ցորենի բերքահավաք է իրականացվել 56.4 հազար հա-ից։ Հավաքվել է 95 հազար տոննա բերք։ Սրանից հինգ տարի առաջ՝ 2015թ.-ի աշնանը, ցորենի ցանք է կատարվել 105 հազար հա-ի վրա։ Բերքահավաքը իրականացվել է 104.7 հազարից։ Հավաքվել է գրեթե 342 հազար տոննա ցորեն։ 2021թ.-ի գարնանը գարի է ցանվել (սա ցանվում է հիմնականում գարնանը) 48.7 հազար հա-ի վրա։

Գրեթե 46 հազար հա-ից հավաքվել է գարու 34.2 հազար տոննա բերք։ 2016թ.-ին գարի ցանվել է գրեթե 68 հազար հա-ի վրա, բերքը հավաքվել է 67.7 հազար հա-ից։ Ստացվել է 187 հազար տոննա (սա ծառայում է որպես անասնակեր)։ Տնտեսության մեջ շատ օգտագործվող հատիկաընդեղեններից 2021թ.-ին մշակված 1095 հա-ից ստացվել է 2.7 հազար տոննա լոբի։ 2016թ.-ին լոբի մշակվել է ավելի քան 2 հազար հա-ի վրա և ստացվել է 4.7 հազար տոննա։ Անցած տարի տնկված 19.9 հազար հա կարտոֆիլից (Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է) ստացվել է 364 հազար տոննա բերք։

5 տարի առաջ կարտոֆիլի տունկ է կատարվել 28.8 հազար հա-ի վրա, և ստացվել է 606 հազար տոննա բերք։ 2021թ.-ին կաղամբ է մշակվել 2.2 հազար հա-ի վրա, և հավաքվել է 70 հազար տոննա բերք։ 2016թ.-ին համապատասխանաբար 4.3 հազար հա-ից ստացվել է 147 հազար տոննա։ 2021թ.-ին 4.1 հազար հա-ի վրա մշակվել է լոլիկ, ստացվել է 158 հազար տոննա բերք, 1.6 հազար հա սմբուկից ստացվել է 65.1 հազար տոննա բերք, և 1.8 հազար հա տաքդեղի տունկից՝ 51 հազար տոննա։ 2016թ.-ին լոլիկ մշակվել է 7.6 հազար հա-ի վրա, և ստացվել է մոտ 300 հազար տոննա բերք, սմբուկ՝ 2.1 հազար հա-ի վրա՝ 78.6 հազար տոննա բերք, տաքդեղ՝ 2.4 հազարի վրա՝ 80 հազար տոննա։ 2021թ.-ին 1.1 հազար հա սոխից ստացել են 29 հազար տոննա, 2016թ.-ին 2 հազար հա-ից հանրապետությունում արտադրվել է 54 հազար տոննա սոխ։

Հանրապետությունում, բնականաբար, սրանցից բացի արտադրվում է բազում այլ սննդամթերք ևս, ու բոլոր դեպքերում նույն պատկերն է. ընդամենը 5 տարվա ընթացքում ցանքատարածությունների մակերեսների կրճատում՝ հազարավոր հեկտարներով, հեկտարից բերքատվության նվազում՝ տոննաներով։ Ընդ որում, 2018թ.-ից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում ցուցանիշների կայուն անկումը շարունակվել է։

Նշենք, որ բազմամյա խոտաբույսերին ու անասնակեր հանդիսացող մյուս մշակաբույսերին չենք անդրադառնում միմիայն նյութը թվերով չգերծանրաբեռնելու համար։ Մինչդեռ այդ ճյուղերում ևս բացարձակապես նույն պատկերն է։

Անասնակերի նվազում, հետևաբար մսամթերքի ու կաթնամթերքի պակասություն։ Միանշանակ է, որ տեղի ունեցածը կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետևանք է, ու ներկայացումները, թե սննդամթերքի թանկացումները պայմանավորված են համաշխարհային շուկայում սննդամթերքի գների բարձրացումով, բազում դեպքերում պարզապես մանիպուլյացիա են այն պարզ պատճառով, որ ժամանակին Հայաստանը դրանք արտահանում էր, հիմա ներկրում է։

Շատ սննդամթերքների պարագայում էլ (հատկապես կենդանական ծագման) ունենք գերարտադրության պոտենցիալ, բայց դարձյալ ներկրում ենք։ Այդպիսին է իրականությունը՝ արտահայտված թվերով։

oragir.news