Ավելի հարուստ շրջաններում ապրող մարդիկ ավելի լավ հիշողություն ունեն եւ դեմենցիայի զարգացման ավելի ցածր ռիսկի են ենթարկված: Այսպիսի եզրակացության են եկել Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է JAMA Network Open ամսագրում:
Հետազոտողները վերլուծել են 2016-2020 թվականներին հավաքագրված տվյալները՝ որպես երկարաժամկետ հետազոտության մի մաս, որում ներգրավված են եղել 40-70 տարեկան առանց դեմենցիայի 4656 մասնակիցներ: Պարզվել է, որ ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակը կապված է հիշողության ավելի լավ ցուցանիշների եւ դեմենցիայի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ:
Ըստ գիտնականների՝ առողջ ապրելակերպը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը կամ կանխարգելել այն, ուստի կարեւոր է, որ յուրաքանչյուրի համար հասանելի լինեն մարզասրահները, հասարակական լողավազանները, կանաչ տարածքները եւ առողջապահությունը: Համարվում է, որ դեմենցիայի դեպքերի մինչեւ 40 տոկոսը հնարավոր է կանխարգելել ճիշտ կենսակերպի անցնելով:
Դեմենցիա են անվանում մի խումբ հիվանդությունները, որոնք մարդու ճանաչողական եւ ֆիզիկական կարողությունների աստիճանական վատթարացում են առաջացնում։ Դեմենցիան առավել հաճախ հանդիպում է 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ, եւ դրա համար արդյունավետ դեղամիջոցներ չկան: