Ավստրալիայում 20-ամյա դերասան է զոհվել հրազենային վերքից, որը նա ստացել էր բարում Bliss n Eso հիփ-հոփ խմբի համար երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Այդ մասին հայտնել է ABC News-ը:
Ոստիկանությունում նշել են, որ տղամարդը մահացել է «արտադրական միջադեպի» հետևանքով: Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն, հոլովակի նկարահանումների ժամանակ օգտագործվել է զենք, սակայն հայտնի չէ՝ այն հրազեն է եղել արդյոք, և ինչ փամփուշտներով է լիցքավորված եղել՝ մարտական, թե ոչ մարտական:
Տեղի ունեցածի փաստով կատարվում է հետաքննություն:
Դերասանի մահվան մասին հաղորդագրությունը հաստատել են Bliss n Eso-ի մենեջերները: Խմբի ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպի ժամանակ ռեփերները նկարահանման հրապարակում չեն եղել:
Ավստրալական Bliss n Eso հիփ-հոփ խումբը հիմնվել է 2000 թվականին: Խմբի դիսկոդարանը ներառում է հինգ ստուդիական ալբոմ: