Ծխողին այլընտրանք կա, ասում են՝ դուրս արի, ծխի, նարգիլե ծխողին ի՞նչ այլընտրանք կա. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ծխողին այլընտրանք կա, ասում են՝ դուրս արի, ծխի, նարգիլե ծխողին ի՞նչ այլընտրանք կա. hraparak.am

Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման ու իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը: Այդ օրվանից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը: Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանք. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150․000-200․000 դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50․000 դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից:

«Նարգիլե սիրողների միություն» հասարակական կազմակերպության համակարգող Ժորա Փանոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կողմ են ծխախոտի կիրառումն օբյեկտներում արգելելուն, մինչդեռ վերապահումներ ունեն նարգիլեի հետ կապված․ «Որպես ՀԿ նախագահ, անդամների հետ խորհրդակցելով, կողմ եմ, որ բացօթյայում ծխելը թույլատրեն, իսկ որպես ակումբի սեփականատեր, նաեւ մարդ՝ կողմ եմ, որ բացօթյայում ծխելն արգելվի, եւ գնան փակ տեղեր, որտեղ մարդկանց վնաս չեն տալիս։ Օրենքը գործում է, խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Չծխող մարդն իրավունք ունի պահանջել՝ իր առողջությանը վնաս չտալ, ծխող մարդը գիտակցաբար իր առողջությանը վնաս է հասցնում, թող այնպես անի, որ մյուսներին չվնասի»։

Նա նշեց, որ պետք է մասնագիտացված նարգիլե ակումբներ լինեն, որտեղ մարդիկ կարող են գնալ․ «Անհավասար մրցակցային պայմաններից խուսափելու համար պետք է այնտեղ խոհանոց չունենա, այսինքն՝ հանրային սննդի ակումբ չլինի։ Նարգիլե ակումբ լինի, որտեղ մարդիկ գնում են, ալկոհոլ են խմում, նարգիլե են ծխում՝ ոչ մեկին վնաս չպատճառելով։ Այսինքն՝ չծխող մարդուն անհանգստություն չեն պատճառում»։

Փանոսյանի խոսքով՝ իրենց միության մեջ գրանցված նարգիլեի մասնագիտացված ակումբներ կան, որոշները գործում են, որոշները՝ ոչ․ «Մի մասի մոտ խոհանոցի, բարի առեւտուրն է ավելի շատ, բայց մասնագիտացված կոնկրետ տեղերը, որտեղ մարդիկ գնում են նարգիլե ծխելու, այդ բոլոր տեղերում մատուցում են այնպիսի խառնուրդով նարգիլե, որոնց մեջ չկա ծխախոտային հումք եւ չկա նիկոտին։ Բայց ոչ մի նարգիլեի սիրահար չի ուզում դրանից ծխի, ոնց որ մարդուն ստիպեն, ասեն՝ գնա «Չիբուխ» ծխի, ոնց որ ասեն՝ գնա ամենավատ սիգարետը ծխի»։

Օրենքի հետեւանքով նարգիլե ակումբներում հաճախորդների թիվը կտրուկ նվազել է, տեղեր կան՝ նույնիսկ 70-80 տոկոսով․ «Կոնկրետ մասնագիտացված ակումբների մասով, որտեղ կոնկրետ խառնուրդով աշխատելու պայմաններից չեն օգտվում, սիրահարները գնում են, տանն են ծխում, ինչն ավելի վնասակար է։ Ծխողին այլընտրանք կա, ասում են՝ դուրս արի, ծխի, նոր ներս մտի, իսկ նարգիլե ծխողին ի՞նչ այլընտրանք կա, ինքը հո չի՞ կարա դուրս գա, պլիտա վառի, պատրաստվի։  Մի քանի հիմնարկություն փակվել են, որոշներն էլ կորուստներ են կրում»։

hraparak.am



Նման նյութեր