«Այդ ինչպե՞ս է, որ ԱԺ տարածքում ծխել կարելի է, հյուրանոցի տարածքում՝ ոչ․ ո՞ր տրամաբանությամբ». Բաբկեն Պիպոյան
Advertisement 1000 x 90

«Այդ ինչպե՞ս է, որ ԱԺ տարածքում ծխել կարելի է, հյուրանոցի տարածքում՝ ոչ․ ո՞ր տրամաբանությամբ». Բաբկեն Պիպոյան

Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով, բայց գործարարների խոսքով՝ որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար:

Այս հարցով ապրիլի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տնտեսվարողներ, Կառավարությունից ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի խոսքով՝ խնդիրը հրատապ է, քանի որ սրճարանային բիզնեսը նաև սեզոնային է, և սրճարանում ծխելն արգելելու պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ կարող են տնտեսական վնասներ կրել: Վահե Հակոբյանը նշել է, որ տնտեսվարողներից ստացած առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի և կփորձի լուծումներ գտնել: Նրա գնահատմամբ՝ խնդրին ոչ թե կարճաժամկետ, այլ համակարգային լուծումներ են անհրաժեշտ:

«Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը, ով ներկա է եղել քննարկմանը, կարծում է, որ հանդիպում պետք է լինի նաև Առողջապահության նախարարության հետ: Ըստ նրա՝ որոշակի փոփոխություններ պետք է արվեն, լինի անցումային ժամանակահատված, և բացօթյա տարածքում ծխելը թույլատրվի:

«Առաջարկում ենք, որպեսզի բացօթյա սրահներում թույլատրվի ծխելը: Կա նաև մասնագիտացված սրահների հարցը. եթե մարդը գնում է նարգիլե, սիգար ծխելու, այդտեղ կարող է սնունդ չլինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահե Գևորգյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նշեց. «Ունենք չմտածված օրենք, ու այն ֆունդամենտալ փոփոխությունների պետք է ենթարկվի, որպեսզի մի կողմից՝ 100 տոկոսով պաշտպանենք չծխողների իրավունքները, մի կողմից՝ պետք է կարողանանք կանխարգելման համար մաքսիմալ էֆեկտ ունենալ: Այսօր սուպերմարկետում վաճառվում է ծխախոտ՝ փակ ստենդով, մեկը մոտենում, ծխախոտի անունն է տալիս, դա աղմուկով բացում են, ու մարդկանց ուշադրությունը գրավում է ստենդը: Կարծում եմ՝ այն դրամարկղից պետք է հեռու լինի կամ լրիվ առանձնացված խանութներում վաճառեն ծխախոտը, ու մինչև 18 տարեկանների մուտքն այնտեղ արգելված լինի: Ավելի խիստ բան կարող էին բերել, բայց մենք բերել ենք օրենք, որը վնաս չի, օգուտն էլ քիչ է, վերահսկողության մեխանիզմը՝ ևս: Այդ ինչպե՞ս է, որ ԱԺ տարածքում ծխել կարելի է, հյուրանոցի տարածքում՝ ոչ: Այդ ո՞ր տրամաբանությամբ: Կողմ կլինեմ, որ նույն բացօթյա տարածքում ծխելու համար սահմանվեն չափորոշիչներ: Ասենք՝ սեղանների միջև կարող է 3 մետր հեռավորություն լինել:

Անի Կարապետյան



Նման նյութեր