Այսօր ՄԱՐԴ է մահացել, այսօր ՀԱՅ է մահացել․․․ Ձեզ բացակա չենք դնի, ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ։ Մաքառելով ծանր հիվանդության ճիրաններում՝ նա չդադարեց պայքարել հայությունը ներսից խժռող բացիլների դեմ։
Ձեզ ենք ներկայացնում Վահան Իշխանյանի վերջին ծավալուն վերլուծությունը։
Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը
Երեք սփյուռքահայ մտավորականներ՝ Ժիրայր Լիպարիտյանը( Բոստոն), Ռոբերտ Այդաբիրյանը( Փարիզ) և Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս) հրատարակել են «Սպիտակ թուղթ» գիրքը, որն իր նպատակն է հռչակում քննել 2020 թվի 44-օրյա պատերազմի ու Հայաստանի պարտության պատճառները և այդ քննության հիման վրա խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական գործիչներին ու ղեկավարներին՝ Հայաստանի Հանարապետությունը ճգնաժամից դուրս բերելու համար։ Իսկ ինչպես իրենք են ասում՝ 2020-ի պարտությունը Հայաստանի հասարակության հիվանդության պատճառ էր․ «Այս Սպիտակ թուղթն այդ հիվանդություններն ախտորոշելու, ինչպես եւ հնարավոր բուժում առաջարկելու փորձ է»:
Այսպիսով՝ հեղինակները նախ Հայաստանի հասարակությանը կամ հասարակության մի հատվածին հիվանդ են հայտարարում, և՝ որ այդ «հիվանդության» պատճառն էր պատերազմն ու պարտությունը, ապա հավակնում են լինել այն բժիշկները որոնք կարող են բուժել հասարակության հիվանդությունները։ Ո՞րն է այդ հիվանդությունը։ Հեղինակներն ուղիղ խոսքով այդ հիվանդության անունը չեն տալիս, կփորձենք տեսնել, թե ինչ նկատի ունեն՝ հիվանդություն ասելով։
Բայց մինչ այդ՝ գիտենք, որ որևէ հասարակություն մի խումբ անձանց համար կարող է առողջ լինել, իսկ մեկ այլ խմբի համար՝ հիվանդ, օրինակ՝ ձախերի համար կապիտալիզմը հիվանդություն է, որի բուժումը մարդու կողմից մարդու շահագործումը վերացնելն է կամ նվազագույնի հասցնելը և հավասարություն ու արդարություն հաստատելը, իսկ ազատականների համար էլ ընկերվարությունն է հիվանդություն, իսկ բուժումը հնարավորին չափ ամեն ինչի մասնավորեցումն է ու մասնավոր սեփականության հիման վրա տնտեսության ու ազատ շուկայի հաստատումը։
Նույնն էլ այս պարագայում, գրքի ընթեցումից պարզ երևում է, որ հեղինակներն ունեն որոշակի գաղափարական ու քաղաքական հայացքներ, որոնց դիրքերից «հիվանդ» են հռչակում Հայաստանի հասարակության այն հատվածին, որի գաղափարներն իրենց համար անընդունելի են, ու իրենց, մասնավորապես՝ Ժիրայր Լիպարիտյանի շրջապատի խմբակային շահերը կամ գաղափարները ներկայացնում որպես այդ հիվանդության բուժում։
Բարեխիղճ կլիներ, եթե հեղինակները ոչ թե անաչառ բժշկի կեցվածքով իրենց գաղափարները քողարկեին «սպեղանու» անվան տակ, այլ բաց հանդես գային իրենց ներգրավվածության ու գաղափարական դիրքերից։
«Սպիտակ թուղթը» բաղկացած է երկու մասից՝ առաջին մասում հեղինակները ի մի են բերել իրենց կազմած հարցաթերթիկներին Սփյուռքի և Հայաստանի ու Արցախի (Արցախից մեկ հոգի) մտավորականների պատասխանները, իսկ երկրորդ մասում հեղինակների վերլուծությունն ու առաջարկներն են։
Այսուհանդերձ, այդ մտավորականների անունները միայն գրքի վերջում են հանդիպում՝ «Առնչվող փաստաթուղթ 2. Պատասխանողների/մասնակիցների ցուցակ» գլխում, որում ասվում է, թե 45 մտավորական է պատասխանել իրենց հարցաթերթիկին, սակայն ցանկում 25 անուն-ազգանուն կա։
Գրքի 1/3-ից ավելին՝ 60 էջ, մասնակից մտավորականների տեսակետներն են, սակայն թե նրանցից ով ինչ է ասել, ինչ դիրքորոշում ունի, չենք կարող պարզել, փոխարենը մասնակիցների դիրքորոշումները դիմազրկված անորոշ խմբերի են բաժանված՝ այսպիսի ձևակերպումներով․ «Մասնակիցների մեծ մասը համաձայն է նաեւ…»՝ այդ մեծ մասը քանի՞ տոկոսն է, չկա, «Մասնակիցների առաջին խումբը հակված է կարծելու…»՝ այդ ի՞նչ խումբ է, ովքեր են խմբի մեջ մտնում, կա՞ն երկրորդ, երրորդ խմբեր, կարծես չկան, «Մասնակիցներից շատերը հանդես են գալիս»՝ շատերը քանի՞սն են, «Թեեւ ոմանք համարում էին, որ պետք է…»՝ ոմանք ովքե՞ր են, քանի՞ հոգի՝ երկո՞ւ, երե՞ք, «Սակայն մեկ այլ խումբ պնդում էր, որ․․․»՝ այդ ո՞րն է մեկ այլ խումբը, անուն ունի՞, «Սակայն մեծ մասի համար հարցի պատասխանը շատ տարբեր էր….» և այսպես շարունակ։
Հեղինակներն ասում են, թե մասնակիցների «ընտրության չափանիշներն էին պրոֆեսիոնալիզմը, հանրային խոսույթին մասնակցության փաստը, մտավոր պարկեշտության զգացման արտահայտումը եւ անկեղծ մտահոգությունը՝ կապված այն հարցերի հետ, որոնք պետք է քննարկվեն։ Նախաձեռնողները կարծում են, որ ցուցակում ընդգրկվել են անհատներ, որոնք ներկայացնում են վերլուծաբանների ողջ քաղաքական սպեկտրը»։
Սակայն կասկածելի է, թե այս չափանիշները կիրառվել են։ Նախ՝ հեղինակներից մեկը՝ Ժիրայր Լիպարիտյանը, եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն ու գաղափարական համախոհը, նրա հրաժարականից հետո առաջ է տարել Տեր-Պետրոսյանի շրջապատի խմբակային շահերն արտահայտող քարոզչություն ընդդեմ նրանց, ովքեր տապալեցին իրենց իշխանությունը, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա նաև՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի։
Երկու խոսքով ներկայացնենք Տեր-Պետրոսյան- Լիպարիտյանի ու նրանց հակառակորդների դիրքորոշումները։
Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանի և նրանց հոսանքի մեջ մտնող կուսակցությունների՝ ՀՀՇ, որ հետո վերաձևավորվեց ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագիր» և այլն, դիրքորոշումն է՝ Արցախը երբեք չի կարող անկախ լինել, միջազգային հանրությունը երբեք չի ճանաչի Արցախի անկախությունը. Ժիրայր Լիպարիտյանն պատերազմից հետո ասում է. «Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը»։ Մյուս կողմից էլ, թե՝ Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով (այս մասին տե՛ս Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1998-ին անվտանգության խորհրդի նիստում)։ Նաև՝ Ադրբեջանը հզորանալով պատերազմով հետ կբերի իր տարածքները։ Հետևաբար, որպեսզի Հայաստանը զարգանա, անհրաժեշտ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել, որոնց գինը տարածքները զիջելն է, Արցախը Ադրբեջանին հանձնելը, նաև Թուրքիայի առջև Ցեղասպանության ճանաչման հարցը չդնել և միջազգային ասպարեզում էլ Ցեղասպանության ճանաչումը չհետապնդելը։
Այս դիրքորոշումը առաջ տանելու համար էլ 1997-ին նախագահ Տեր-Պետրոսյանը ընդունեց ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, որով տարածքները հանձնվում էին Ադրբեջանին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում էր ապագային, և գրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որում ուղղակի չի խոսում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, սակայն ամբողջ ենթատեքստը դա է։ Իսկ այդ մասին հայտնել է 1992-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի մարտի 5-ի համարին տված հարցազրույցում. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն»:
Իսկ Ժիրայր Լիպարիտյանն էլ, որ վերոնշյալ թեզերը 20 տարի շարունակ կրկնել է, առաջին անգամ խոստովանեց, որ իրենց ծրագիրը Արցախն Ադրբեջանի մեջ թողնելն էր, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Ալիևը խոսում էր, չէ՞, ինքնավար մարզի մասին, հիմա չի խոսում, ասում է՝ պատերազմով առի, և գնացեք ձեր քաղաքականության հետևանքը ապրեք և չեմ տա ձեզի այն, ինչ երկու տարի առաջ պատրաստ էի տալու»։
Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան թեզերը շարադրված են «Սպիտակ թուղթ»-ում.
«Արտաքին քաղաքականության օրակարգից հանել Ցեղասպանության ճանաչման եւ Ցեղասպանության հատուցումների պահանջները»:
«Հեղինակները չեն տեսնում անկախության (Արցախի) հավանականություն՝այս պատերազմից հետո, ինչպես դա եղել է նաեւ պատերազմից առաջ»:
«Հայաստանը կարգավորում է դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ու նվազեցնում կամ վերացնում իրական կամ թվացյալ գոյաբանական սպառնալիքները։ Այս հարցում Հայաստանն, անշուշտ, կունենա բոլոր միջազգային խաղացողների աջակցությունը»։
Նրանց ընդդմախոսները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, հանգուցյալ Վազգեն Սարգսյանի, նաև Հանրապետական և Դաշնակցություն, ԱԺՄ կուսակցությունների, ասում էին՝ ոչ, Հայաստանի աղքատացման պատճառը վատ կառավարումն է, Հայաստանը կարող է զարգանալ երկու հարևանների հետ փակ սահմաններով, և 1988 թվին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման նպատակն էր աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և Արցախը դուրս բերել Ադրբեջանի կազմից, և որ՝ Հայաստանը պարտավոր է շարունակել Արցախի ժողովրդի արդարացի պահանջին աջակցությունը (տե՛ս1998 թվի հունվարի 8-ին անվտանգության խորհրդում Տեր-Պետրոսյանի ելույթը ու նրա ընդդիմախոսների հակափաստարկները)։
«Սպիտակ թուղթը» շրջանցում է Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանի 1997 թվերին զիջումների գնալու անհրաժեշտության հիմնական փաստարկը՝ որ Հայաստանը փակ սահմաններով, շրջափակման մեջ չի կարող զարգանալ, քանի որ նրանց թիմին 1998-ին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանը իրոք զարգացավ։
Աղքատության մատնված երկիրը սկսել էր ուշքի գալ, մի քանի տարում երկրի ՀՆԱ-ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլիարդ դոլար էր, 10 տարի անց՝ 2008-ին 12 միլիարդ դոլար, 2000-ականներին ՀՆԱ-ի տարեկան աճը 10,5 տոկոս էր։ 1998-ին բյուջեն 300 միլիոն դոլար էր, 10 տարի անց՝ 2 միլիարդ դոլար, տարեկան տնտեսական աճը մոտ 12 տոկոս էր (միայն անասնագործության մեջ 2000-2007 թվերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տավարի գլխաքանակը, մինչև թռչնամիս ու ձու ներկրող երկրում 2000 թվից դրանց արտադրությունն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանվել)։
1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց՝ 2007-ին, աղքատությունն իջավ 25 տոկոսի, այսինքն՝ 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատությունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն՝ կրճատվեց մոտ 6 անգամ։ Լայնածավալ շինարարություն ընթացավ․ կառուցվեցին աղետի գոտու ստվար մասը, Երևանի Դավթաշենի կամուրջը, Դիլիջանի թունելը, Հյուսիսային պողոտան, սովետից մնացած բազմաթիվ անավարտ շինություններ և այլն։
Տնտեսության բարելավմանը զուգընթաց, արտագաղթի տեմպերը նվազեցին այնքան, որ արտագաղթը կանգնեց, 2004-2006 թվերին 35 400-ով ավելի մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։
Բանակցային գործընթացը, ի վերջո, հանգեց 2007-ին ընդունված Մադրիդյան սկզբունքներին, որը հիմնված էր նաև ինքնորոշման սկզբունքի վրա, որով անվտանգության գոտին տալու դիմաց Արցախը ստանում էր հանրաքվեով իր ապագան որոշելու իրավունք։ Հայկական կողմի հետևողականությունը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը, այս դեպքում` ի դեմս Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ու նույնիսկ Ադրբեջանը ընկրկում են համառության ու հետևողականության առջև և ստանձնում այն գաղափարը, այս դեպքում` ինքնորոշման գաղափարը, որի տակ ստորագրել են բազմաթիվ միջազգային փաստաթղթերում։
Սակայն 2018-ի իշխանափոխությամբ կրկին իշխանության եկան Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ժիրայր Լիպարիտյանի համախոհները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (Փաշինյանը և նրա շրջապատը 2008-ին Տեր-Պետրոսյանի ակտիվ աջակցիներն էին, Փաշինյանն այդ շարժման երկրորդ դեմքն էր, ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, և նա իր համախոհների հետ անջատվեց Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ից 2013 թվին, և երկու տարին անց ստեղծեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը), տապալեցին բանակցային գործընթացի ձեռքբերումները, Փաշինյանը հայտարարեց, որ իր սեփական կետից է սկսում բանակցությունները և, ի վերջո, երկիրը մխրճեց պատերազմի ու պարտության մեջ։
Վերադառնալով «Սպիտակ թղթին»՝ մտավորական մասնակիցները չեն ներկայացնում, ինչպես հեղինակներն են պնդում, վերլուծաբանների ողջ քաղաքական սպեկտրը, Լիպարիտյանի հայացքներին ընդդիմախոս վերլուծաբան գրեթե չկա նրանց թվում, եթե կա էլ, չենք իմանում, թե ովքեր են, կարծիքներն անդեմ են, փոխարենը գերակշռող մասը Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան գծի համախոհներն են՝ Աննա Գևորգյան, Արման Գրիգորյան, Ռաֆայել Թեյմուրազյան, Միշել Մարյանը, Թաթուլ Հակոբյան, Տիգրան Եգավյան, Վիգեն Չեթերյան և այլն։ Նույնիսկ Արցախից, ուր Տեր-Պետրոսյանը համախոհ գրեթե չունի, պեղել գտել են նրա համախոհ Վահրամ Աթանեսյանին, որ միակ մասնակիցն է Արցախից (տե՛ս նրա մասին՝«Ինչո՞ւ է ղարաբաղցի այս գործիչը ծառայում Ադրբեջանի շահերին եւ ինչ նպատակով»)։ Այսպիսով՝ հիմնականում համախոհների շրջանում հարցումներ անելով ու ստանալով ավելի շատ իրենց հայացքներին համապատասխան պատասխաններ՝ պատրանք են փորձել ստեղծել, թե ողջ վերլուծական սպեկտրը մասնակցել է գրքի ստեղծմանը, հետևաբար՝ հայ հանրությունն իրենց համախոհն է։
Կասկածելի է նաև մասնակիցների պրոֆեսիոնալիզմն ու մտավոր պարկեշտությունը, առնվազն՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի, որը, այնքան տարված լինելով նախկին իշխանությունների դեմ քարոզչությամբ, հաճախ կեղծ տեղեկություններ է տարածում, օրինակ՝ «Մեդիալաբ»-ին տված հարցազրույցում ասում է, թե ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու պատճառը այն է, որ նախկին իշխանությունները բարձրացրել են Սևրի դաշնագրի հարցը. «Սաղ ազգով նստել, դարդ ենք անում՝ բա էս խի էսպես եղավ։ 20-25 տարի Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում դրվում է արկածախնդրությունը, պրիմիտիվ, մանկամիտ պահանջատիրությունը, Սևրը, Վիլսոնյան Հայաստանը, Թուրքիային պահանջներ ներկայացնելը, սրան մենք բախվելու էինք»։ Բացարձակ կեղծիք․ 20 տարի Հայաստանը ղեկավարած Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ երբեք Թուրքիային պահանջ չի ներկայացվել, Վիլսոնյան Հայաստան կամ Սևրի դաշնագրի հարց չի բարձրացվել, իսկ Գորիս-Կապան ճանապարհը փակվել էր այն պատճառով, որ Փաշինյանը 2020 թվի դեկտեմբերի 17-ի համաձայնությամբ այն տվել էր Ադրբեջանին (տե՛ս«Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը»)։
Այսուհանդերձ, մասնակիցների տեսակետների մեջ սպրդել են այնպիսիները, որոնք չեն համընկնում հեղինակների գաղափարներին, սակայն նույնիսկ այդ փոքրիկ տարակարծությունը հեղինակները չեն հանդուրժել ու քննադատության են ենթարկել։ Թեև բարեխղճությունը պահանջում է մասնակցների կարծիքները քննադատության չենթարկել, քանի որ նրանք հրավիրված են, որ ներկայացվեն Հայաստանի վերաբերյալ տարբեր տեսակետներ, կամ էլ հնարավորություն տալ քննադատությանը պատասխանել։ Օրիանկ՝ հեղինակները գրում են. «Անկարեւոր չէ այն հանգամանքը, որ մասնակիցների պատասխաններում քաղաքական-դիվանագիտական գործոնները հաճախակիորեն նշվել են որպես պարտությունը բացատրող առաջնային գործոններ: Կարելի է պնդել, որ նման կրկնությունն արտացոլում է մասնակիցների մտային կողմնակալությունը»:
45 մասնակցից ո՞րի մասին է խոսքը, այս պնդումը կարող է վերաբերել յուրաքանչյուրին կամ միայն մեկին։
Հեղինակներն իրենց այն համոզմունքը, որ պարտության պատճառը ոչ թե 2018-ին գունավոր հեղափոխությամբ իշխանության եկածների սխալ արտաքին ու ներքին քաղաքականությունն էր, այլ նախորդած 20 տարիների պետական քաղաքականությունը, այնքան կրքոտ են բրդում առաջ, որ հրավիրյալ մտավորականի հակառակ հայացքները պիտակում են «կողմնապահ»։ Այսինքն՝ ճշմարտության դիրքերում են բոլոր նրանք, ովքեր համաձայն են իրենց հետ, իսկ ովքեր այլ կարծիք ունեն, որակվում են կողմնապահ։
Նույնիսկ մասնակիցներին տրվող հարցաշարը կազմված է ղարաբաղյան խնդրի տերպետրոսյան-լիպարիտյանական ոգով։ Եթե շրջենք ասույթն այսպես՝ ասա՝ ինչ հարց ես տալիս, ասեմ՝ ինչ ես ուզում, վերաբերում է նրանց հարցերին։ Օրինակ՝ նրանք այսպիսի հարց են տալիս՝ Հայաստանը պե՞տք է շարունակի պաշտպանել Արցախի անկախությունը եւ արշավը՝ դրա ճանաչման համար:
Լիպարիտյանն իր հարցազրույցներից մեկում ասում է. « Եթե հիմա Արցախի անկախություն պահանջենք՝ ավելին ենք կորցնելու»։
Արցախի ժողովրդի իղձերի պաշտպանությամբ շահագրգռված հարցաշարում այսպիսի հարց կձևակերպվեր՝ Հայաստանն ինչպե՞ս պիտի շարունակի պաշտպանել Արցախի անկախությունը եւ արշավը՝ դրա ճանաչման համար:
«Սպիտակ թուղթը» երկու նպատակ է հետապնդում։ Առաջին, ցույց տալ, որ 44-օրյա պատերազմում պարտության մեղքը ոչ թե գործող իշխանությանն էր, այլ նախկին՝ 1998-2018 թվերին Հայաստանը ղեկավարողներինը։ «Սպիտակ թուղթը» Փաշինյանի կառավարության քողարկված աջակցությունն է։
Երկրորդ՝ Հայաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու ուղղությամբ ամեն ջանք պետք է թափի և հրաժարվի համազգային ծրագրեր հետապնդելուց, դուրս բերի ռուսական ռազմաբազաները ու դառնա տարածաշրջանում չեզոք երկիր։
Մեջբերումներ.
«Վտանգավոր է ողջ մեղքը գցելը մեկ մարդու եւ նրա կուսակցության վրա, երբ խնդիրները ավելի բարդ են, քան մեկ մարդը կամ կուսակցությունը, եւ երբ աղետը հասունանում էր ավելի քան երկու տասնամյակ»:
«Վերջին քսան տարիների ընթացքում ռազմական շինարարությունն ընթացել է սխալ ուղղությամբ»:
«Ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական կողմի 1994 թ. հաղթանակը հետզհետե հանգեցրեց անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոշտ ռազմատենչ պատկերացման: 1998 թ.-ից ի վեր հայկական կողմի ռազմավարական մտածողության մեջ իշխել է այդ պատկերացումը»:
Այս ամբողջը, թեզը, թե իբր պատերազմի ու պարտության պատասխանատուն ոչ թե գործող իշխանությունն է, այլ 1998-ից մինչև 2018 թիվը երկիրը ղեկավարողները, Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին ու Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաձայնության կետն է ու երկու կուսակցությունների քարոզչությունը։
Այլ կերպ ասած՝ պատերազմի ու պարտության պատասխանատուն 94 թվի հաղթանակն է, այդ պատերազմի հաղթանակը կերտողները՝ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, որի օրոք եղան հաղթանակները։
Դժվար է ասել, թե աշխարհում կա՞ այլ երկիր, որտեղ պատերազմի ու պարտության համար ոչ թե գործող իշխանությանը մեղադրեն, այլ նախկին իշխանություններին։ Մինչ պրպտելը տարբեր երկրների փորձը, ևս մեկ անգամ անհրաժեշտ է հերքել այս անհեթեթ պնդումը։
Պատերազմի և պարտության պատճառները
Առաջին՝ բանակցությունների տապալումն էր. Փաշինյանը հրաժարվեց նախորդ 20 տարիների բանակցային գործընթացի ձեռքբերումներից, նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմից հետո Սանկտ Պետրբուրգի և Վիեննայի՝ կրակի դադարեցման և վերահսկման համաձայնագրերից՝ հայտարարելով, թե իր սեփական կետից է սկսում բանակցությունները։ Իսկ տապալված բանակցությունների այլընտրանքը պատերազմն է (այս մասին մանրամասն տես՝«Հայաստանի երկընտրանքը. մի կողմում՝ գաղափարախոսություն, մյուս կողմում՝ արևմտյան շահերով առաջնորդվող սպառողական հասարակություն» նյութը)։
Երկրորդ՝ Փաշինյանը փչացրեց Հայաստանի միակ ռազմական դաշնակցի Ռուսաստանի հետ հարաբերությունները ու պատերազմի դուռ բացեց Թուրքիայի ու Ադրբեջանի համար (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը, ու երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ասաց, թե Հայաստանում թեժ վիճակ է, վարչապետ Փաշինյանը ծաղրեց նրան՝ ձեռքը ճակատին տանելով՝ հա, իրոք էս ամառը շատ շոգ է, ապա հաջորդեցին ռուսական ձեռնարկությունների դեմ քրեական գործերը, Պուտինի թշնամի նացիոնալիստ Շիշկինին ապաստան տալը, մյուս թշնամի Նավալնուց Հանրայինով Պուտինի դեմ հարցազրույց վերցնելը, ապա նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնմանը «Իմ քայլի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկելը (որից հետո պաշտոնը բարձրացվեց, ԱԺ փոխնախագահ դարձավ), Հովհաննես Իգիթյանի՝ քվեարկությանը չմասնակցելը, նաև՝ Պուտինին ստորացնելը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արարողակարգը խախտելով, նրան չդիմավորեց Երևանում։ Բայց սրանք այսբերգի երևացող մասերն են։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների ավերման ահազանգ էր Կրեմլի միջազգային պրոպագանդիստական հաստատության՝ RT-ի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանի՝ 2020-ի սեպտեմբերի խոսքը, որը խստորեն քննադատեց Հայաստանի իշխանություններին, որ «Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է», «երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով», «դուրս եք քշել ռուսաստանցի հայ բիզնեսմեններին», «մեդիան եւ սոցցանցերը ամեն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի վրա», «Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմը» և այլն։ Հայաստանի հակառուս իշխանությունը հետևողականորեն, ի շահ Արևմուտքի, խափանում էր բոլոր ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունները)։
Եվ երրորդ՝ 2018-ից հետո իշխանության եկածների սխալ սպառազինությունն ու պաշտպանության կազմակերպումը։
Պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար վճռորոշ դեր խաղացին թուրքական անօդաչու թռչող սարքերը՝ «Բայրաքթար»-ները, որոնք սկսել էին գնել 2020 թվականից։ Նրանց դեմն առնելու ամենարդյունավետ հակաօդային միջոցները համարվում են Ռուսաստանի նոր սերնդի «Պանցիր»-ները, որոնք Հայաստանի իշխանությունը չի գնել։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ասում է, որ ռուսական արտադրության վեցական «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերով հնարավոր կլիներ փակել ամբողջ տարածքը։ Եվ այդ համակարգերը ձեռք բերելու համար անհրաժեշտ կլիներ 90 միլիոն դոլար, մինչդեռ իշխանություններն իրենց 150 միլիոն դոլարի պարգևավճարներ են տվել միայն 2019-ին։
Պատերազմից հետո ծառայությունից դուրս եկած՝ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ասուլիսով բացահայտեց բազմաթիվ ռազմական թերություններ, որոնք հանգեցրել են պարտության,մասնավորապես՝ նա հայտնեց` 2016-ին սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռք բերման պլան է կազմվել, որով ձեռք են բերվել «Տոր», «Սմերչ», «Իգլա», նռնականետեր, հրետանային հրթիռներ։
«2017-ի պլանի համար 2 դիվիզիոն «Տոր» պետք է ձեռք բերվեր, և գումարի 10 տոկոսը վճարված էր։ Պլանում նշված էր` գումարը որտեղից պետք է հատկացվեր։ Նաև 1 դիվիզիոն «Սմերչ» պետք է գնեինք՝ «Իսկանդերի» համակարգը կատարելագործեինք։ Սակայն 2018-ին պլանը փոխեցին ու գնեցին ՍՈւ-30 (առանց սպառազինության), ԶՕՈւ 23-22, ՕՍԱ-ներ (որոնց հրթիռները այլևս չեն արտադրվում)։ Դրանցից քանի՞սն են կրակել այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկը»,- ասաց Հակոբյանը։
Հակոբյանի նշած մյուս խոշոր սխալն այն է, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը հրամանով կանգնեցնում է բանակի համալրումը, փոխարենը՝ ճակատ ուղարկում կամավորականների։
Բայց «Սպիտակ թղթի» ամենաակնհայտ աջակցությունը Փաշինյանին հետևյալ նախադասությունն է. «Պետական ռեսուրսների համընդհանուր թալանը մինչեւ 2018 թ.»։
Եթե պետական բյուջեից պաշտոնյաներին առատորեն պարգևավճարներ տալը և աշխատավարձները կրկնակի բարձրացնելը թալան է, ապա 2018 թվից հետո Հայաստանի պատմության մեջ երբեք այդպես չեն բարձրացվել նախարարների աշխատավարձերը. վարչապետ Փաշինյանը, խախտելով օրենքը, ըստ որի՝ նախարարի աշխատավարձը չպետք է գերազանցի բազային (ցածր) աշխատավարձը 12 անգամից ավելի, 2019-ին նախարարների աշխատավարձը գաղտնի հրամանով կրկնապատկել է, և բազային աշխատավարձից 24 անգամ ավելի դարձրել (տես՝«Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է»)։ Երբեք բյուջեից այդքան շատ գումար պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, որպես պարգևավճար, չեն տրվել, ինչքան Փաշինյանի իշխանության ժամանակ՝ 2020 թվին պատերազմի և կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ թեստերը 15 հազար դրամ արժեին, տրվել է 78.6 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար, իսկ Փաշինյանի կառավարման ամբողջ ընթացքում՝ 204 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար է տրվել(տես՝« 204 միլիոն դոլարի պարգևավճար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»)։
Եթե առանց մրցույթի պետական գնումները կոռուպցիա է և թալան, ապա երբեք այնքան շատ մեկ աղբյուրից պետական գնումներ չեն կատարել, ինչքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք (տես«Մեկ անձից գնումներն ընդհանուր պետական գնումներում բավականին շատ են»[8])։ Պետական գնումներն ու պատվերները հաճախ կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորների կամ հենց բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ձեռնարկություններից (տես՝«Քո գրպանից. ԱԺ խոսնակի անխոս եղբայրը՝ կրկին խոշոր մրցույթի հաղթող»,«Քո գրպանից՝ 834 000 դոլար վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրպանին» և այլն)։
«Սպիտակ թուղթը» իր գաղափարական հակառակորդներին պիտակավորում է «ոչմիթիզական», «առավելապաշտ», «անիրատես», «ցնորքների հետևից ընկնող» և այլն, սակայն ամբողջ գրքում ոչ մի հղում, ոչ մի ուղղակի խոսք չկա, թե կոնկրետ ում են վերաբերում նրանց պիտակները։ Երեք հեղիկնաներն էլ գիտնականներ են՝ Այդաբիրյանը՝ միջուկային ինժեներ, Փափազյանը՝ քաղաքագետ, Լիպարիտյանը՝ պատմաբան, ուրեմն նրանք լավ գիտեն տեքստ գրելու մշակույթն ու էթիկան, և եթե դրանք չեն կիրառել «Սպիտակ թղթում», ուրեմն, Հայաստանն ու հայ հասարակությունը, որոնց ուղղված է գիրքը, այնքան հարգանքի արժանի չեն նրանց համար, ինչքան այն գիտական հանդեսները, որոնց պատշաճ հղումներով ու հիմնավորումներով տեքստեր կուղարկեին։
Կեղծիքները քողարկելով գիտական շղարշի տակ՝ փորձում են ավելի մեծ կշիռ հաղորդել «Սպիտակ թղթին»։ Ուրեմն ինչպե՞ս հավատանք մասնակիցների ընտրության պարկեշտության չափանիշին, երբ մասնագիտական տարրական պարկեշտություն չեն ցուցաբերում հենց հեղինակները։
Այսուհանդերձ, նրանց պիտակավորումներից ենթադրվում է, թե ինչին են նրանք «հիվանդություն» անվանում, որը պատրաստվում են բուժել Լիպարիտյան-Այդաբիրյան-Փափազյան «բժիշկները»։
1. «Հիվանդություն». Ղարաբաղը դուրս թողնել բանակցային գործընթացից։
Գրքում մի քանի անգամ կրկնվում է Քոչարյանի հասցեին Տեր-Պետրոսյան-ՀԱԿ-Փաշինյան֊ական այն մեղադրանքը, թե նա Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից. «Բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալը, օրինակ, այդ թերություններից մեկի ախտանշանն էր, որը թույլ տվեց, որ գերիշխի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական պատումն այն մասին, որ հակամարտությունը պետությունների միջեւ տարածքային խնդիր է»:
«Նախ՝ կարեւոր մի փաստ: Ղարաբաղի ղեկավարության դերն իր ապագան որոշելու հարցում սկսեց նվազել 1998 թ.-ին»:
Այս «կարևոր փաստը» հեղինակներն իրենց կողմից մտցրել են մասնակիցների գլխում։ Բայց սա փաստ չէ, կամ առնվազն փաստ է միայն Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան-Փաշինյան շրջանակների համար։ Չմտնելով քաղաքական կողմերի բանավեճերի մեջ՝ կարևոր է ներկայացնել այլ տեսակետ, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել մինչ 1998-ը՝ մինչ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալը։
Panorama.am կայքը մամուլի հրապարակումների հիման վրա հետազոտություն է արել, որում փաստվում է որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել մինչ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետ, ապա նախագահ դառնալը։
Մի քանի մեջբերումներ․
ՀՀՇ-ի պաշտոնաթերթ «Հայք» թերթը 1997թ․ 28 հունվարին «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով» վերտառությամբ հաղորդում է, որ Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀՇ կուսակցությունից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը հունվարի 26-ի Վեհաժողովում ելույթում ասում է. «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»:
«The Armenian Reporter»-ը 1997թ․ 25 հունվարին ներկայացնում է ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի խոսքը. «Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության»:
«Լրագիր»-ը 1997թ․ 25 հունվարին ներկայացնում է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասյան հեռանկարները» խորհրդաժողովում արտահայտած մոտեցումները. «Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ ելույթ ունենալով»։ Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը 1997 թ․ փետրվարի 4-ին հաղորդում է , որ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Եվրոպայում աշխատանքային այցի ժամանակ «քննադատեց Ադրբեջանի քաղաքականությունը որպես բանակցական գործընթացի ձախողում և փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդյունք չէ բանակցությունների և որը հետևաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտյանը նշեց նաև, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցությունների շարունակումն այնպես, ինչպես կար նախկինում և կարևորեց ԼՂ-ի մասնակցությունը ուղիղ բանակցություններում»:
«Մոլորակ» թերթը 1997-ի հունվարի 30-ին հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ասել է․ «Դեռ ավելին, բանակցություններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության…։ Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտության լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական»։
«Հայք»-ը 1997 թ․ փետրվարի 8-ին հաղորդում է որ Ժիրայր Լիպարիտյանը «հաստատեց Անդրկովկասին նվիրված լոնդոնյան կոնֆերանսում իր արտահայտած այն դիրքորոշումը, թե այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: «Բանակցությունների ընթացքը դինամիկ ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարվում ինչ-որ մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարվել: Ուղղակի բանակցություններին Հայաստանը դեմ չէ»: Ըստ Լիպարիտյանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները: Բայց խորհրդակցությունների ձևը դեռևս հաստակ չէ»:
«Ռեսպուբլիկա Արմենիի»-ին 1997թ․ հունվարի 31-ին տված հարցազրույցում՝ հարցին, թե ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհը, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանում է. «Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարավոր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների միջոցով: Եթե Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպիսի պայմաններ, որ հայերը մտափոխվեն անկախ պետություն ստեղծելուց»:
Լրագրողն ասում է․ «Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախության ճանաչում, ինչին Բաքուն երբեք չի գնա»: Լիպարիտյանը պատասխանում է․ «Իսկ դուք ի՞նչ գիտեք, գուցե անհատական հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի ավելի լավ հասկանալ իրար»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին 1997թ․ փետրվարի 22-ին տված հարցազրույցում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է. «Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս»։ Panorama.am-ից մեջբերումների ավարտը։
Բայց գլխավոր հարցը՝ Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանի՝ ղարաբաղյան կարգավորման փուլային լուծմանը հենց դեմ էր Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովուրդը, և եթե դեմ էր, ինչո՞ւ են նրանք այդքան կրքոտությամբ խոսում Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու դեմ, չէ՞ որ, դուրս թողնելով, Ղարաբաղի ժողովրդին հաշվի չառնելով, ավելի հեշտությամբ կլուծեին իրենց փուլային ծրագիրը։ Հենց Տեր-Պետրոսյանն է խոստովանում BBC-ին տված հարցազրույցում, որ փուլային լուծումը չհաջողվեց ղարաբաղցիների պատճառով, թե իբր ղարաբաղցիները մաքսիմալիստ էին (տես՝«Первый президент Армении о распаде СССР и Карабахе»)։
Եվ տերպետրոսյանական շրջանակները սկսեցին հակաղարաբաղցիական քարոզչություն, որի բարձրակետը դարձավ 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կոչը․ «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։
Եվ երկրորդ՝ նրանց փաստարկն այն է, թե, Ղարաբաղը դուրս թողնելով բանակցություններից, կոնֆլիկտը վերածվեց Հայաստան-Ադրբեջան հակամարտության։ Բայց՝ ճիշտ հակառակը, իրենց փուլային լուծման մեջ Ղարաբաղը սուբյեկտ չէ, իսկ հետագայում ընդունված Մադրիդյան սկբունքները հիմնված են տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժ չկիրառելու սկզբունքների վրա, այսինքն՝ այդ փաստթղթով Ղարաբաղին տրվում է ինքնորոշման իրավունք, և նրա անկախության ճանաչման հնարավորություն է բացվում։ Ահա, թե ինչու Ալիևը 2016-ին ասում էր․ «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
2-րդ «հիվանդությունը»՝ ոչմիթիզականություն
Մյուս մեղադրանքն այն է, որ նախորդ իշխանությունները եղել են ոչմիթիզհողական, այսինքն՝ մերժել են հողային որևէ զիջում Ադրբեջանին։ Սպիտակ թուղթը գրում է. «Այն, ինչ մնաց Ղարաբաղյան հիմնախնդրից, կասկածելի հռետորաբանությունն է, որն ուղղված էր ներքին սպառմանը, բայց լսվեց բոլորի կողմից. հռետորաբանություն, որում գերակշռում էր «ոչ մի թիզ հողի» «ազգային» գաղափարախոսությունը՝ հիմնված «հաղթողի իրավունքների» վրա»։
Սա գրեթե բառացի ՀԱԿ-Տեր-Պետրոսյանական ձևակերպումներ են, այսպես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 21-ի գրության մեջ ասում է. «Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը»:
Թաթուլ Հակոբյանը գրում է. «Փաշինյանին անկյուն մղելու եւ ոչմիթիզական դարձնելու մեջ մեղքի ու պատասխանատվության բաժին ունեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, որոնց կառավարության 20 տարիներին անողոքաբար մսխվում էր խաղաղությունը»։
Ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Թաթուլ Հակոբյանը, այլև «Սպիտակ թուղթ»-ի հեղինակները որևէ հղում չեն տալիս, որ որևէ ղեկավար պնդած լինի, թե ոչ մի թիզ հող չի զիջելու։ Իսկ փաստերն այլ բան են ասում. 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքներով և հետագայում՝ բանակցությունների այլ փաստաթղթերով՝ Կազանյանով և այլնով, հայկական կողմը պարտավորվում էր տարբեր փուլերում 5 + 2 շրջաններ վերադարձնել Ադրբեջանին, որի դիմաց Ղարաբաղի ժողովուրդը պիտի ստանար հանրաքվեի միջոցով ինքնորոշման իրավունք։
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Չի կարելի փոշիացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ամրագրված իրավունքը» գրության մեջ գրում է. «Մադրիդյան և հետագայում Կազանյան փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության երեսուն տարիների թերևս կարևորագույն ձեռքբերումներից է։ Այնտեղ սևը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է հետևյալը․
«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում […]: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տրվել կարգավիճակի յուրաքանչյուր հնարավորություն։
44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը»:
Այսուհանդերձ, «Սպիտակ թուղթը» «Հավելված Ա. Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի բանակցային դիրքորոշումների համառոտ ակնարկ» գլխում նկարագրում է Հայաստանում չորս ղեկավարների ժամանակաշրջանների դիրքորոշումները, որտեղ 1998-2008 թվերի մասին ասվում է. «Գրավյալ տարածքների մեծ մասը վերադարձնելու համար Հայաստանը պահանջում է կա՛մ անհապաղ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կա՛մ համաձայնագիր՝ տեսանելի ապագայում հանրաքվե ապահովելու»։ Թեև խեղաթյուրված է այդ 20 տարիների քաղաքականությունը՝ որևէ տեղ որևէ ղեկավար չի պահանջել անհապաղ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, իսկ ընդունված փաստաթղթերով ոչ թե «գրավյալ տարածքների մեծ մասն է» վերադարձվում, այլ բոլոր 7 շրջանները, այսուհանդերձ, հենց այս պարբերությունը հակասում է իրենց պնդմանը, թե նախորդ իշխանությունները «ոչմիթիզական» էին։
3.-րդ «հիվանդություն»՝ անիրատեսություն, առավելապաշտություն, պատրանքներ և վեհ նպատակներ
«Կառավարությունն ու քաղաքական առաջնորդները պետք է գիտակցեն, որ կարգախոսները, վեհ նպատակների հռչակումն ու բարոյական արժեքները ճանապարհային քարտեզ չեն՝ երկարաժամկետ, նպատակաուղղված վերականգնման համար»։
«Կառավարությունը չպետք է պետական հաստատությունների ու գերատեսչությունների վրա դնի պատասխանատվություններ ու նպատակներ, որոնց նրանք չեն կարող հասնել, որպեսզի ցույց տա, որ հավակնում է վեհ ծրագրերի եւ գաղափարների»:
Թե որ կառավարությունը ինչ վեհ գաղափարներ է դրել պետական գերատեսչությունների վրա, և ինչ ասել է՝ վեհ գաղափար, «Սպիտակ թուղթ»-ը լռում է, չի խոսում։ Ուրեմն ընթերցողը պետք է ենթադրի՞, օրինակ, վեհ գաղափա՞ր է անվճար կրթությունն ու առողջապահությունը, կացարան ունենալու իրավունքը, որ Հայաստանում Սովետի փլուզումից հետո տիրապետող դարձած ազատական գաղափարախոսությունը հետզհետե վերացնում է, ապա արդեն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելը, միջազգային հանրության ու Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։
«Սպիտակ թուղթ»-ը գրում է. «Այս կուսակցություններից ու առաջնորդներից շատերը որոշակի պատասխանատվություն են կրում այդ ճգնաժամերի համար, իրենց իրականացրած անիրատեսական, հաճախ պատրանքների վրա հիմնված քաղաքականությունների համար, ինչպես նաեւ ակտիվորեն այնպիսի քաղաքականություններ խրախուսելու կամ դրանց հետ համաձայնելու համար, որոնք հանգեցրին պատերազմի եւ այնուհետեւ՝ պարտության»։
«Կոշտ հռետորաբանությունն ու առավելապաշտությունը չեն վերացնի անհավասարակշռությունը, բացառությամբ ներքին քաղաքական սպառման համար»։
Թե ովքեր են այդ կուսակցություններն ու առաջնորդները և ինչ հիմնավորմամբ են մեղադրվում անիրատեսության և պատրանքների վրա հիմնված քաղաքականության, առավելապաշտության ու կոշտ հռետորաբանության մեջ, «Սպիտակ թուղթ»-ն անբարեխղճորեն լռում է։ Եվ, ինչպես տեսնում ենք, կրկին պատերազմի ու աղետի պատասխանատվությունը գործող իշխանության վրայից հանում ու մեղադրում է նախկին իշխանություններին, նրանց, որոնց ժամանակ Հայաստանը հարաբերականորեն խաղաղ ու կայուն է եղել։
Իսկ թե ինչ պատրանքների ու առավելապաշտության մասին են ասում, կրկին լուռ են, պետք է ենթադրել, որ այդ «պատրանքը» Արցախի անկախությունն է։
Որպեսզի համոզիչ լինի այն, որ Ղարաբաղի անկախությունը երբեք չի ճանաչվելու, «Սպիտակ թուղթ»-ն անդրադառնում է Հայաստանի ռազմական դաշնակցի՝ Ռուաստանի նախագահի խոսքին. «Ռուսաստանի նախագահը, որ միջնորդ հանդիսացավ հրադադարի հայտարարության համար, պատերազմից հետո ավելի քան մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, որ նա ավելի վաղ չմիջամտեց պատերազմին, որովհետեւ Ռուսաստանը Ղարաբաղը համարում էր Ադրբեջան, եւ զորք ուղարկեց միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը խնդրեց»։
«Սպիտակ թուղթ»-ը Ռուսաստանի նախագահի խոսքը մեջբերելիս նույնպես որևէ հղում չի անում, և անհասկանալի է մնում, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը ի՞նչ կոնտեքստում, ուղիղ ինչ է ասել և երբ է դա ասել։ Հավանաբար, խոսքը 2020 թվի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի հարցազրույցի մասին է, որից մեջբերում է անում «Ազատություն» ռադիոկայանը․ «Պուտինը ասում է. «Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսնակյունից Ադրբեջանի տարածք է»։ Այդուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը պարբերաբար շեշտում է, այսօր էլ շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում»։
Եվ իրոք, եթե Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչո՞ւ որևէ երկիր պետք է ճանաչի։ Իսկ ինչո՞ւ չի ճանաչել։ Ահա այն գլխավոր հարցը, որը դեր խաղաց նաև պատերազմի ու Արցախի Շուշիի և Հադրութի շրջանների կորստի մեջ։
Այսպես՝ 1988 թվի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզի մարզսովետը որոշում ընդունեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին, Հայաստանի ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետագայում, հետևելով միջազգային ընդունված փաստաթղթերին Սովետի փլուզման շեմին 1991-ի սեպտեմբերի 2–ին Ղարաբաղն իր անկախությունը հռչակեց, և Սովետի փլուզումից հետո այն հաստատեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, որին Ադրբեջանը պատասխանեց պատերազմով։
Արցախի ժողովուրդը՝ մեծից փոքր, գյուղացի և քաղաքացի, միակամ էին ու են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը հռչակվել է անկախ պետություն, կառուցել են պետական բոլոր հաստատությունները և իրենք հետևողականորեն տանելու են առաջ Արցախի միջազգային ճանաչումը։
Սակայն Հայաստանի քաղաքական դաշտում 1988-ին ձևավորված միասնական դիրքորոշումը Հայաստանի անկախությունից հետո սկսեց փլուզվել։
Այսպես՝ 1988-ի Հայաստանի ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր որ բազմահազարանոց հանրահավաքներում վանկարկում էր՝ «Պայքար պայքար մինչև վերջ», քանի Ղարաբաղը դուրս չի եկել Ադրբեջանի կազմից, մեր պայքարը շարունակվելու է։ Սակայն ընդամենը երեք տարի անց, Հայաստանի նախագահ դառնալով, Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն փոխեցին իրենց դիրքորոշումը և ամեն կերպ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտության հասնելու համար պատրաստ եղան զիջումների գնալ մինչև վերջ՝ մինչև Արցախը Ադրբեջանի կազմի մեջ թողնելը։
Եթե ցնորքներից խոսենք, ապա 1988–ից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը հասավ այնպիսի կետի, որ անհնար դարձավ Ադրբեջանում հայկական որևէ բնակավայրի գոյությունը, և Լիպարիտյանի գաղափարը՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարությունը հենց ցնորք է, կամ էլ եթե ցնորք չէ, ապա այդպիսի ինքնավարություն հնարավոր է առանց հայ բնակչության։
Մեր աչքի առաջ եղավ Լիպարիտյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մոդելը։ Ինչո՞ւ դատարկվեցին ու հայաթափվեցին հայկականության բնօրրան Հադրութը, Շուշին. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի Հադրութի, Շուշիի ու մյուս շրջանների գյուղերի այն հայերին, որ չէին թողնել իրենց տները, չէին փախել, ադրբեջանցիները սպանեցին (տես՝ «Գենադի Պետրոսյան․ ճակատագրական վերադարձ Մադաթաշեն» հաղորդումը, թե ինչպես Մադաթյանը չի լքում Ասկերանի շրջանի Մադաթաշեն հայրենի գյուղը, և ադրբեջանցիները, նրան բռնելով, մորթում են ու սպանության տեսագրությունը տարածում համացանցում։ «Մարիա Ասրիյան․ ապրել՝ եղբոր դաժան սպանության ցավը սրտում» հաղորդումը, որ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Յուրի Ասրյանին ադրբեջանցիները գլխատում են[2])։
Հայկական ծագումով՝ ռուս պատմաբան Օլեգ Այրապետովը (Олег Айрапетов) ասում է․ «Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո՝ մինչև երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունը, եթե ամփոփենք արդյունքները, կստացվի, որ Հայաստանը մտավ պատերազմի մեջ որպես միասնական ժողովուրդ, որպես հայեր, իսկ այս քսան տարիներին նրանք բաժանվեցին «ղարաբաղցիների» և «հայաստանցիների», իսկ Ադրբեջանը պատերազմի մեջ մտավ որպես անմիաբան ժողովուրդ, նրանք նախիջևանցիներ էին, կիրովաբադցիներ, թաթեր, լեզգիներ և այլն։ Աւնենալով միասնական թշնամի՝ ի դեմս հայերի, նրանք միավորվեցին և դարձան միասնական մեկ ազգ»։
Այսպիսով՝ Արցախն ուներ միասնական քաղաքական դիրքորոշում, իսկ Հայաստանում միասնական դիրքորշումը փլուզվեց, երկփեղկվեց, որի արտահայտությունը եղավ այն, որ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, նույնիսկ պատերազմում հաղթանակը չնպաստեց Արցախի անկախության ճանաչմանը, քանի որ իշխանության ղեկին էին անձինք, որոնք դեմ էին այդ անկախությանը։ Այդ անձանցից մեկը, այդ քաղաքականություն մշակողներից մեկն էլ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյաննն էր։ Եվ եթե Հայաստանն ունենար 1988-ի միասնական դիրքորոշումը, ապա Արցախի անկախությունը կճանաչեր 1991 թվին կամ 1994-ին՝ հաղթանակից անմիջապես հետո, և Մադրիդյան սկզբունքները ոչ թե 2007-ին կընդունվեին, այլ 1994–1995-ին, և շատ ավելի նպաստավոր ձևակերպումներով Հայաստանի ու Արցախի համար, իսկ Արցախի անկախությունն էլ կճանաչվեր շատ երկրների կողմից։
Եվ եթե Լիպարիտյանը Արցախի անկախությունը անիրատեսական ու պատրանքային է որակում, ապա այն անիրատեսական դարձնողներից մեկը ինքն է։
Վերադառնալով Ռուսաստանի դիրքորշմանը. այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, թե իրենք եթե Ղարաբաղը հանձնող լինեին՝ կհետևեին Լավրովի պլանին («Դուք կարծում եք, որ հանձնել ենք Ղարաբաղը։ Հայաստանի հասարակությունն էլ նույն մոտեցումն ու կարծիքն ունի, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկը ուզում էր հանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ՝ «Լավրովի պլանը»), Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչեւ 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետեւյալը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ – ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտացոլող եւ իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։ Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեն: Այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության չեն արժանացել, միևնույն ժամանակ չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։ Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում ՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով»[5]։
Այսպիսով՝ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը կյանքի կոչվելու դեպքում ինքը կընդուներ Ղարաբաղի անկախ կարգավիճակի հնարավորությունը, և որ Հայաստանի կողմից բանակցությունները տապալելու արդյունքում է պատերազմը սկսվել։
«Սպիտակ թուղթը» Ռուսաստանին ուղղակիորեն մեղադրում է պատերազմին համաձայնություն տալու մեջ. «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը սանձազերծելու մասին որոշումը, ըստ էության, կայացվել է Թուրքիայի կողմից եւ համաձայնեցվել Ռուսաստանի հետ»։ Թեև այս նախադասությունը դրված է մասնակից մտավորականների բաժնում (կրկին հիշեցնենք՝ գիրքը չի հայտնում, թե նրանցից ով կամ ովքեր են սա ասել), բայց ոչ միայն փորձ չի արվում հերքելու, այլև հեղինակներն այն ծանոթագրել են՝ «հիմնավորելու» համար այս պնդումը. «Այն արագությունը, որով Ռուսաստանը կարողացավ տեղակայել իր խաղաղապահ ուժերը՝ սարքավորումների հետ, կարող է վկայել պատերազմի մասին վաղ, նախնական տեղեկացվածության եւ առաքելությանը պատրաստ լինելու մասին»:
Բայց փաստերը այլ բան են ասում, պատրերազմից մոտ մեկ ամիս առաջ ՀԱՊԿ-ը նախազգուշացրել է հնարավոր պատերազմի մասին և 2020 թվի սեպտեմբերի 1-ին առաջարկել է սեպտեմբերի 15-ին զորավարժություններ անցկացնել, ինչը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից (ՀԱՊԿ-ի փաստաթուղթը այստեղ, իսկ այդ թեմայով վերլուծությունը այստեղ)։
Ռուսաստանն ինչո՞ւ պետք է համաձայնություն տար մի պատերազմի, որի արդյունքում Հարավային Կովկաս էր մխրճվելու իր գլխավոր հակառակորդը, եթե չասենք թշնամին՝ ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի։
Այսպիսով՝ «Սպիտակ թուղթ»ը քողարկված հակառուսական քարոզչություն է անում, և, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրում երկիրը Ռուաստանից ավելի մեծ կախման մեջ գցելու համար։
Այսպես՝ «Սպիտակ թուղթը» ասում է, որ 1998-2008 շրջանում. «Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է դառնում, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, հայտնվում է ավելի թշնամական տարածաշրջանային միջավայրում եւ մեծանում է նրա կախվածությունը Ռուսաստանից»:
Ճիշտ հակառակը, անկախության 30 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան՝ ի դեմս վարչապետ Էրդողանի, նամակ գրեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկելով համագործակցություն սկսել, ևպատասխան ստացավ, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել առանց նախապայմանների։ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը Իրաքում, որին դեմ էր Ռուաստանը։ Ապա, 2006 թվին գործարկվեց Իրան-Հայաստան գազատարը՝ որպես այլընտրանք ռուսական գազին։
4-րդ հիվանդություն՝ «թշնամի թուրքի» կարծրատիպը
«Սպիտակ թուղթը» ասում է. «Գործուն կերպով պայքարել «թշնամի թուրքի» կարծրատիպային կերպարների դեմ»։
Ինչպե՞ս պետք է պայքարեն այս «կարծրատիպի» դեմ, ցեղասպանություն վերապրած սերունդներին համոզեն, թե ձեր պապերին թուրքե՞րը չեն կոտորել, ձեր ունեցվածքը թուրքե՞րը չեն խլել, թուրքե՞րը չեն ապրում ձեր տներում, ձեր հայրենիքն ու մշակույթը թուրքե՞րը չեն բնաջնջել, Թուրքիա՞ն չի շրջափակել Հայաստանը, թուրքերի եղբայր ադրբեջանցինե՞րը 1918, 1920, 1988, 1991 թվերին ցեղասպանության չեն ենթարկել Բաքվի, Շուշիի, Նախիջևանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Մարաղայի հայերին։ «Սպիտակ թղթի» հեղինակները թուրքից ավելի թո՞ւրք են ներկայանում, որ վստահ են, թե «թշնամի թուրք»-ը կարծրատիպ է։ Լավ, իշխանությունն իրենք են, Լիպարիտյանը, ու ամեն օր Հանրայինով քարոզում են թուրքի դրական կերպարը, բայց ինչպե՞ս ե համոզելու հենց նոր Արցախից եկած 32 հազար փախստականներին, Հադրութի իր տունն ու հարազատին կորցրած հադրութցուն, Արցախում ամեն պահ ադրբբեջանցու նշանառության տակ երկյուղով ապրող հայրենակիցներին, որ թուրքը թշնամի չէ։
Սակայն տեսնենք, թե արդյո՞ք «Սպիտակ թուղթը» զերծ է այլ պատրանքներից։
«Սպիտակ թուղթը» առաջարկում է Հայաստանը դարձնել չեզոք երկիր։
«Հայաստանը կարող է եւ պետք է լրջորեն մտածի չեզոքության վրա հիմնված արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մշակման առավելությունների մասին, որոնք, սովորաբար, զարգացել են Վրաստանի ու Ադրբեջանի հետ որոշակի ժամանակահատվածում։ Այսպիսով՝ Հայաստանի եւ նրա հարեւանների անվտանգության՝ ենթադրյալ ու իրական սպառնալիքները կնվազեն: Ճիշտ հանգամանքների ներքո նման մոտեցումը կարող է նաեւ աջակցություն ստանալ տարածաշրջանի երեք հիմնական հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության կողմից»։ Եվ, իհարկե, չմոռանալով, որ ռուսական բազաները պետք է հանվեն Հայաստանից. «Չեզոքության հասնելու գործընթացը կպահանջեր ինչ-որ պահի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դուրս բերել ռուսական ռազմաբազան»։
Եվ, որպես չեզոք երկրների օրինակ, բերում է եվրոպական երկրները՝ Ֆինլանդիան, Շվեյցարիան, Ավստրիան և այլն։ Իսկ թե ինչպե՞ս պետք է պաշտպանվի Հայաստանի անվտանգությունը, «Սպիտակ թուղթը» ասում է, որ եվրոպական չեզոք երկրների բանակները կպաշտպանեն. « Հատուկ բազմակողմ հարաբերություններ կարող են ստեղծվել անվտանգության ոլորտում՝ Եվրոպայի չեզոք պետությունների (Իռլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Ավստրիա) հետ»։
Նախ՝ Հայաստանի չեզոքություն նշանակում է հրաժարվել Արցախը պաշտպանելուց։
Բայց նաև մեծագույն ցնորք է Մերձավոր Արևելքը պատկերացնել որպես Եվրոպա՝ իր չեզոք պետություններով։ Մի տարածաշրջան, ուր հակամարտությունները եռում են, անընդհատ ինչ-որ հրեշավոր խմբավորումներ են ստեղծվում, ինչպիսին Իսլամական պետությունն է, որոնք «չեզոք» են փնտրում, որ ոչնչացնեն, ինչպես Սիրիայի քրիստոնյաներին ու Իրաքի եզդիներին ցեղասպանության ենթարկեցին։ Ի՞նչ էին արել նրանք, երևի աշխարհի ամենաչեզոք ժողովուրդներն էին, որ, անպաշտպան մնալով, սրի քաշվեցին։ Որտեղ Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերականգնելու հովերով է տարված, իր սահմաններից դուրս «չեզոք» դաշտ է փնտրում, որ ներխուժի, ինչպես Սիրիա ներխուժեց ու հաստատեց այնտեղ արդեն իր կրթական սիստեմը՝ իր գրաված բնակավայրերում դպրոցներում Թուրքիայի պատմություն են անցնում։ Այս տարածաշրջանը երևակայել որպես խաղաղ ու համերաշխ Եվրոպա, Հայաստանն էլ՝ Շվեյցարիա կամ Ավստրիա, նաև պատկերացնել, թե այդ չեզոքությունը շվեդական զորքը պիտի գա, պաշտպանի, երա՞զ է, ցնո՞րք, թե՞ թմրանյութ, վտանգների նկատմամբ Հայաստանի ժողովրդի զգոնությունը թուլացնելու թմրանյութ։
Տարածաշրջանում չեզոքությունը կախված չէ որևէ պետության ցանկությունից, Հարավում Սիրիայի դիրքերը թուլանում են, ներխուժում է Թուրքիան, Արևմուտքում՝ Կիպրոսում, Հունաստանի դիրքերն են թուլանում, ներխուժում է Թուրքիան, նույնիսկ հեռավոր Լիբիա է ներխուժում։ Նույնն էլ Հարավային Կովկասում, Ռուսաստանի ազդեցությունը վերացնելով՝ նրա տեղը գրավելու է Թուրքիան։ Եթե Լիպարիտյանը Այդաբիրյանն ու Փափազյանը շատ են ուզում Հայաստանը չեզոք լինի, ոչ թե Հայաստանին պետք է համոզեն, այլ Թուրքիային, որ չներխուժի հարևան երկրներ։
Բայց «Սպիտակ թուղթ»-ի համար տարածաշրջանի թիվ մեկ պրոբլեմը Հայաստանն է, Հայաստանին անվանում է տարածաշրջանի «խռովարար» և առաջարկում, որ «նա ոչ մեկին պատերազմ չի հայտարարում եւ չի վարում պատերազմի քաղաքականություն ոչ մեկի հետ»: Կարծես Հայաստանն է այս 30 տարիների ընթացքում պատերազմներ սկսել, պե՞տք է, արդյոք, հիշեցնել, որ արցախյան երկու պատրեազմում էլ նախահարձակ է եղել Ադրբեջանը։
Ընդհանրապես, «Սպիտակ թուղթը» եթե ընթերցի տարածաշրջանից գաղափար չունեցող մեկը, կեզրակացնի, թե տարածաշրջանում պատերազմ հրահրողն ու անկայություն բերողը Հայաստանն է, նրա հարցերը լուծես, «չեզոքացնես», տարածաշրջանը Եվրոպա կդառնա։
Կրկին ցնորքներին անդրադառնանք։
«Սպիտակ թուղթ»-ի մյուսը հեղինակը Ռոբերտ Այդաբիրյանըcourrier.am-ին տված հարցազրույցում ասում է.«Իմ տեսլականը Հարավային Կովկասի պետությունների ֆեդերացիան է, շրջան, որտեղ կդադարենք միմյանց ծեծել, և որտեղ մենք կլինենք բավական խելամիտ, որ յուրաքանչյուրը՝ իր ընդունակություններից ու միջոցներից կախված, համագործակցի մյուսների հետ։ Մի հին բարեկամ ասաց ինձ, որ «այսօրվա ուտոպիաները վաղվա իրականությունն է»։ Ինչո՞ւ մի գեղեցիկ օր այսպիսի միությունը հնարավոր չէ» ։
Սա մի արևմտյան հայացք վերևից, որտեղից Հարավային Կովկասը երևում է որպես ինչ-որ վայրենի աշխարհ, որտեղ վայրենի ցեղերն իրար ծեծում են անհասկանալի պատճառով, հավանաբար՝ որսի մսի համար, չկա զոհ ու դահիճ, չկա արդար կողմ, բոլորը նույն վայրենին են։ Նույնիսկ Հարավային Կովկասից անտեղյակ մեկը քարտեզին նայի, գլխի կընկնի, թե որ ժողովուրդն է կուչ եկել սարերում, և որոնք են նվաճողները։ Բայց նույնիսկ պարզ քարտեզն այդ գոռոզ դիրքում գտնվող անձին չի կարող համոզել, որ վայրենիների անհասկանալի կռիվ չէ այնտեղ։
Եթե գաղափարական բանավեճերը պետք է տարվեն «ցնորական», «անիրատեսական» բառապաշարով, ապա Այդաբիրյանի ասածը հենց այդ ցնորականն ու անիրատեսականն է։ Նա հռետորական հարց է տալիս ինչո՞ւ հնարավոր չէ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ֆեդերացիան։ Բայց այդ հարցը հռետորական չէ և ունի հստակ պատասխան՝ Եվրոպան կարողացավ ստեղծել Եվրամիություն առաջին հերթին այն պատճառով, որ Գերմանիան ճանաչեց իր կողմից իրականացված ցեղասպանությունը ու փոխհատուցեց ու մինչև հիմա փոխհատուցում է զոհերի սերունդներին, իսկ այս տարածաշրջանում որևէ միություն հնարավոր չէ, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն ճանաչել իրենց կողմից իրականացված ցեղասպանությունները, ոչ միայն չեն ճանաչել։ Հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ զոհերը չեն «ներում» կամ «հաշտվում» նրանց հետ՝ Հայաստանի սպառողական հասարակության մի ահագին մասը պատրաստ է հանուն բաց սահմանների մոռացության տալ ցեղասպանությունն էլ, Արցախից էլ հրաժարվել, այլ որ թուրքական պետությունները կարող են կրկին ցեղասպանություն իրականացնել և իրականացնում են, որ նրանց՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումն է թուրքական գերիշխանություն հաստատել ամբողջ տարածաշրջանում։ Այդաբիրյանը ծաղրո՞ւմ է, թե՞ լուրջ է ասում, որ Ադրբեջանը, Թուրքիային թողած, Հայաստանի հետ պետք է ֆեդերացիա ստեղծի, թե՞ այդ ֆեդերացիայում Թուրքիան էլ է պատկերացնում։ Բայց, կարծես, այդ մասին չի խոսել։ Բայց եթե Այդաբիրյանը հավատում է, որ ուտոպիաները իրականություն են դառնում, ապա ինչո՞ւ ավելի լայն ուտոպիաներ չշարադրել՝ Աշխարհը մի մեծ ֆեդերացիա՝ առանց սահմանների ու հակամարտությունների, թե՞ ուտոպիան միայն հայերի վրա պետք է աշխատեցնել, իսկ չստացվելու դեպքում էլի մեղադրել հայերին՝ տե՛ս, մի հայ դեռ հիշում է 1915 թիվը ու թույլ չի տալիս՝ ֆեդերացիան իրականանա։
Այդաբիրյանի ուտոպիային հակադրենք մեկ այլ ուտոպիա, որ մի օր Ադրբեջանն ու Թուրքիան դադարեն հակահայ քաղաքականություն վարել, հայերին բնաջնջելու ծրագրեր մշակել և ընդունեն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ինքնորոշվելու իրավունքը ու ճանաչեն իրենց կողմից կատարված ցեղասպանությունները։ Ի՞նչ կասի նրա հին ընկերը այս ուտոպիայի մասին, այսօրվա այս ուտոպիան վաղվա իրականությո՞ւնն է, թե՞ ոչ։
Դեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպում ունենալուց հետո Ժիրայր Լիպարիտյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանի մտքին, թե՝ ի՞նչ հարաբերություններ հաստատես մի հարևանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, պատասխանեց․ «Արծվիկ Մինասյանն ապրել է Հայաստանում, մորթվե՞լ է: 30 տարի ասում է, որ մորթվելու ենք, մորթվե՞լ ենք»:
Սա ուղղակի ծաղր է ադրբեջանցիների ձեռքով բոլոր զոհվածների ու նրանց հարազատների նկատմամբ՝ սկսած սպա Գուրգեն Մարգարյանից, որին կացնահարող Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ազատություն ստացավ ու հերոսացվեց, մինչև վերջին՝ 44-օրյա պատերազմի զոհերը, մանավանդ՝ Հադրութի ու Շուշիի խաղաղ բնակիչների սպանությունները։
«Սպիտակ թուղթը» Հայաստանի Հանրապետություն պետության գաղափարը տեսնում է միայն այդ տարածքում բնակվող անձանց շահերի բավարարման մեջ, այսպես՝ գրում է.
«Կառավարությունը եւ քաղաքական ուժերը չպետք է ազգային օրակարգը շփոթեն պետության օրակարգի հետ։ «Ազգը» ներառում է բոլոր հայերին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, ինչ վարչակարգերի ու կառավարությունների ներքո են ապրում։ Պետությունը տարածքայնորեն սահմանված միավորում է՝ հստակ սահմանված բնակչությամբ, որի անվտանգության ու բարեկեցության համար պետությունը պատասխանատու է միջազգային իրավունքներով ու պարտականություններով։ Պետությունն ունի կառավարություն, որը պատասխանատու է իր ժողովրդի առջեւ եւ նրա համար։ Պետության ու ժողովրդի, որի համար այդ պետությունը պատասխանատու է, կենսական շահերը չպետք է թուլացվեն, նույնիսկ՝ տապալվեն, փորձելով դա հաճելի դարձնել սփյուռքյան համայնքներին»։
Տարօրինակ է։ Ինչո՞ւ։ Նախ՝ եթե այս գաղափարը ասում է Հայաստանի քաղաքացին, բանավեճ է ծագում՝ հետևյալ հարցերով՝ իսկ սփյուռքահայերի, Արցախի ու Ջավախքի, Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների հայության իրավունքներով ո՞ր պետությունը պիտի հետաքրքրվի, եթե ոչ՝ հայկական։ Ինչպե՞ս է լինում, որ, օրինակ, Իտալիայի պետությունը շահագրգիռ է սփյուռքում բնակվող իտալացիների շահերով, Հունաստանի պետությունը՝ հունական Սփյուռքով, իսկ Հայաստանի պետությունը պետք է այնքան ամփոփվի իր տարածքի ներսում, որ միայն իր ներսի բնակչների շահերը հետապնդի, մի պետություն, որը ստեղծվելիս իրեն հռչակում էր ամբողջ աշխարհի հայերի պաշտպանը, և մի ժողովուրդ, որի գերակշիռ մասը դրսում է բնակվում։ Հաջորդը՝ ազգը քաղաքական միավոր է, եթե ազգի մի մասի շահերը հակասում են մյուս մասի՝պետության մեջ բնակվողների շահերին ապա ազգը կիսվեց, դարձան երկու, երեք ազգ։ Ուրեմն «Սպիտակ թուղթը» ոչ թե պետք է «ազգ» հասկացությունը օգտագործի, այլ էթնոս, և այդ էթնոսի մեջ «Սպիտակ թուղթը» գրքի հեղինակները ներկայացնում են Հայաստանի այն քաղաքական շրջանակներին, որոնք 29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի սահմաններից դուրս որևէ գաղափար, հետաքրքրություն չեն տեսնում, եթե գաղափարական անուն տանք՝ սա լոկալ նացոնալիզմ է (տես՝«Մեծ դավաճանություն. երբ էթնոսը տարանջատվում է երեք քաղաքական ազգի»)։
Բայց այս խոսքը գրում են սփյուռքահայերը, որ պետք է ենթադրել, որ այլևս սփյուռքահայի որևէ գաղափար, իղձ չունեն, որ հայկական պետությանը հորդորում են հրաժարվել Սփյուռքի, սփյուռքահայերի իրավունքներից ու իղձերից, նաև՝ Արցախի ժողովրդի իրավունքներից։
Այսպիսով՝ «Սպիտակ թուղթի» տեսլականում Հայաստանը որևէ վերանձնային գաղափարից զուրկ, իրենց խոսքով ասած՝ «վեհ գաղափարներից» հրաժարված, սպառողական հասրակության մի տարածք է, որտեղի բնակիչները միայն եսասիրաբար իրենց նյութական շահի մասին պետք է մտածեն և այդ շահի համատեքստում, հրաժարվելով արդարություն, հիշողություն, հայրենակից հասկացություններից, այդ տարածքը փռեն թուրքական պետությունների առաջ։ Եթե այս գաղափարին էլ անուն տանք, ապա այն մաքուր նոր ազատականությունն է, որն առաջ են տանում ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ Հայաստանին դրդելով «հրաժարվել «պատմական կաղապարներից» (ԱՄՆ նախագահ Թրամփի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հորդորն էր Հայաստանի բնակչությանը), Արցախի ժողովրդին թողնել բախտի քմահաճույքին, Հայ դատից հրաժարվել, Ռուաստանին հեռացնել տարածաշրջանից և երկիրը փռել թուրքական պետությունների առաջ։
Բայց ազգային ու պետական շահերի հակադրությունը ինքնին թակարդ է, որ թյուր կարծիք է ստեղծում, թե նա, ով առաջարկում է ազգային շահը մի կողմ դնել հանուն պետության, իսկապես մտահոգ է Հայաստանի Հանրապետության և նրա տարածքում ապրող ժողովրդի, որ մեծ մասամբ հայ են, ճակատագրով։ Անհնար է, որ Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական վերլուծության հեղինակները ոչ մի պարբերությամբ չանդրադառնային, թե ինչ սպառնալիք է կախված Հայաստանում բնակվող այն անձանց գլխին, որոնք միայն հայ են ՝անկախ նրանից՝ ուզում են թուրքերի հետ հաշտվել, թե՝ չեն ուզում, որ Ադրբեջանը տասնամյակներ հակահայ, ֆաշիստական քաղաքականություն է մշակել, սերունդներ կրթել հայերին վերացնելու մոլուցքով։ Ադրբեջանում հայը որևէ ծագմամբ օրենքից դուրս է, ոտքը հայտնվի Բաքվի օդանավակայանում՝ կալանավորվում է։ Օլեգ Այրապետովը այն հարցին՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրվի, հնարավո՞ր է փոխի Ադրբեջանի հակահայ քաղաքականութունը, պատասխանում է. «Չի փոխի։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը քաղաքական ազգ է դարձել հայերի նկատմամբ ատելության հիման վրա։ Դա դաստիարակվել է տասնամյակների ընթացքում։ Հրաժարվել դրանից նույնիսկ հաղթանակած Իլհամ Հեյդարովիչը չի կարող։ Նա չի կարող ասել՝ վերջ, մենք կանգ ենք առնում, մենք արդեն ամեն ինչ արել ենք։ Երբ 30 տարի մի քանի սերունդ մեծացել է այն հավատով, որ՝ այս հողերը մերն են, որոնք գրավել են հայերը՝ Իրիվան թե Ուրուվան, Ուչմիածին, և այդպես շարունակ։ Այո, Ալիևն էլ չի ուզում կանգ առնել, նա բավականաչափ հետևողական է և ակնհայտորեն համն ընկել է բերանը»։
Իսկ Թուրքիայի համար՝ հարցրեք թուրք որևէ առաջադեմ մտավորականի, թե հայն ով է Թուրքիայի պետական քաղաքականության համար, կասեն՝ թշնամի։ Թուրքիայի համշեն մտավորական, ակտիվիստ Ջեմիլ Աքսուն ասում է. «Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները: Դա արտացոլվում է նաև դասագրքերում և խոսվում է նրանց մասին թշնամական արտահայտություններով` հպարտ ենք մենք, որ թուրք ենք, թուրքից լավը չկա, մեր բոլոր հարևանները աչք ունեն մեր հողերին, այս բոլորը դասագրքերում արտահայտվում է: Իշխող գաղափարախոսությունն այն է, որ ովքեր թուրքերեն են խոսում, քաղաքակիրթ են, իսկ մնացած լեզուները համարվում են վայրենի մարդկանց լեզուներ, և այս մոտեցումը ամբողջ ժողովրդի մեջ մտցվում է» (տե՛ս «Ովքեր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները»): Էրդողանը Բաքվի ռազմական հաղթական շքերթին Էնվերին է ոգեկոչում, իսկ Ալիևը Բաքվի կենտրոնում հայ զինվորների խրտվիլակների ցուցահանդես է բացում, իսկ Արցախում էլ արանք են գտնում խաղաղապահների միջից, որ խաղաղ արցախցի բնակչի սպանեն (արդեն երկու հոգու սպանել են)։
Եվ 30 տարվա անկախության պատմությունն էլ է վկայել, որ համազգային գաղափարներով տոգորված գործիչների ղեկավարման տարիներին Հայաստանը տնտեսապես զարգացել է, և անվտանգությունը պահպանվել է, իսկ ամեն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու ձգտող 29 հազար քկմ-ական գործիչների իշխանության ժամանակ՝ Հայաստանը պատերազմի մեջ է մխրճվել ու, հազարավոր զոհեր տալով, պարտվել ու ոչ միայն Արցախի մի մասն է կորցրել, Արցախի պետականությունը կործանել, այլև դեռ Հայաստանի այդ 29 հազար քառ․ կմ-ից է տարածքներ հանձնում, ու չի կարողանում պաշտպանել հենց այդ 29 հազար քառ․ կմ-ի վրա ապրող բնակչությանը, բայց թուրքերի հետ հաշտվելու համար պատրաստ է այդ 29 հազար քառ․ կմ-ից էլ զիջել, երկիրը դարձնել 28, 27….
Ուրեմն ո՞ւմ շահերն է արտահայտում «Սպիտակ թուղթը», արդյո՞ք ներսից հայկական դիմադրությունը թուլացնելով՝ Թուրքիային ու Ադրբեջանին ծառայություն չի մատուցում, իսկ ավելի գլոբալ մասշտաբով՝ ԱՄՆ-ի ծրագիրն է իրագործում՝ Հայաստանն ամեն կերպ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «հաշտեցնելու» միջոցով Ռուսաստանի ռազմական ներկայությունը հեռացնել Հայաստանից, և եթե այդ «ամեն կերպովի» գինը կարող է լինել Հայաստանից հայերի զանգվածային արտագաղթը, Հայաստանը հայերից դատարկելն ու նրանց տեղը թուրքերով բնակեցելը, ապա ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին չի հուզում, նրանք ամեն գնի պատրաստ են իրենց ծրագրերն իրականացնելու համար։