Վիտամինների անվերահսկելի ընդունումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, կարծում են թերապեւտ Արոն Օսմանովիչը եւ սննդաբան Ելենա Մանովսկան։
Lenta.ru-ին տված հարցազրույցում մասնագետները նշել են, որ մարդը սննդի հետ ստանում է վիտամիններ եւ հանքանյութեր, եթե նա սնվում է ճիշտ եւ հավասարակշռված։ Ճիշտ է, ոչ բոլորը կարող են պարծենալ իդեալական սննդակարգով, ուստի օրգանիզմում որոշակի վիտամինների պակաս կա։
Որոշ հիվանդություններ կարող են հանգեցնել նաեւ վիտամինների վատ կլանման: Դրանք հիմնականում ստամոքսի ու աղիների հիվանդություններն են։ Նման դեպքերում բժիշկը կարող է ընտրել այն դեղամիջոցներն ու վիտամինները, որոնք անհրաժեշտ են տվյալ հիվանդին։
«Որոշ վիտամիններ, այդ թվում՝ A, D, E եւ K, կարող են վտանգավոր լինել: Դրանք ճարպալուծվող են եւ դանդաղ են արտազատվում օրգանիզմից»,-ասել է Արոն Օսմանովիչը։
«Եթե ձեր ամենօրյա սննդակարգը ներառում է մեկ կիլոգրամ թունա, կես կիլոգրամ սունկ, հարյուր գրամ ընկույզ, չորս ավոկադո եւ մի լավ բուռ թարմ մասուր, ապա ձեզ հարկավոր չեն վիտամինային հավելումներ: Եթե ոչ, ապա պետք է հոգ տանել վիտամինային անբավարարության կանխարգելման մասին»,- իր հերթին ասել է Մանովսկան։
Նրա խոսքով, ոչ բոլոր վիտամիններն են լավ ներծծվում օրգանիզմի կողմից, դրանց արդյունավետ «աշխատելու համար» անհրաժեշտ են որոշակի պայմաններ։
«Վիտամին D-ն վատ է ներծծվում լեղապարկի հետ կապված խնդիրների եւ վիտամին K2-ի պակասի դեպքում: Վիտամին C-ն ոչնչացվում է ջերմային մշակմամբ։ B խմբի վիտամիններն ավելի քիչ են ներծծվում սթրեսի, շաքարախտի, ալկոհոլի օգտագործման ժամանակ»,-ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ մաշկը, եղունգները եւ մազերը օրգանիզմի համար առաջնային դեր չեն խաղում, հետեւաբար վիտամինների պակասի դեպքում առաջինը հարվածում է դրանց։
«Կան նշաններ, որոնց միջոցով բժիշկը կարող է հասկանալ, թե որ տարրերն են բացակայում օրգանիզմում»,-ասել է Մանովսկան: «Գունատ մաշկը վկայում է վիտամին B12-ի պակասի մասին, չոր մաշկը՝ B, A, C վիտամինների պակասի մասին: Վաղաժամ կնճիռներն առաջանում են վիտամին E-ի պակասով: Եղունգները կոտրվում են երկաթի եւ սիլիցիումի պակասից»,- ասել է նա։