Գարնանը ծառերի եւ թփերի ծաղկումն ու փոշոտումը կարող են որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռինոկոնյունկտիվիտ, պոլինոզ առաջացնել, ինչպես նաեւ դառնալ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ։ Ինչպե՞ս կարելի է թեթեւացնել վիճակն այս խնդիրների դեպքում։ Այս մասին խորհուրդներ է տվել մաշկավեներաբան Յուլյա Անդրեանովան (Ռուսաստան), տեղեկացրել է «Вечерняя Москва»-ն։
«Ալերգիայի հակում ունեցող մարդիկ, պահպանեք ձեր շնչուղիները, խոնավացրեք օդը, փորձեք այս ընթացքում ավելի քիչ օդափոխել ձեր բնակարանը, ավելի քիչ գտնվել փողոցում»,- ասել է բժիշկը։
Նրա խոսքով՝ շնչուղիները պաշտպանելու համար հարկավոր է հատուկ դիմակներ կրել, որոնք պետք է ամուր կպչեն քթին։
Մասնագետը նաեւ նշել է, որ գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնցով կարելի է տարբերել ալերգիան սուր շնչառական վարակներից. ալերգիա ունեցող մարդկանց մոտ ինքնազգացողությունը վատանում է փողոցում գտնվելուց հետո, հատկապես արեւային եւ քամոտ օրերին, ինչպես նաեւ առավոտյան։ Բացի այդ, նրանք, ի տարբերություն սուր շնչառական վարակ ունեցող մարդկանց, ավելի լավ են զգում հակահիստամինային դեղեր ընդունելուց եւ ալերգիայի «սադրիչին» հեռացնելուց հետո։