Ուղեղում էպիլեպտիկ օջախների ավտոմատ որոնման ալգորիթմ է մշակվել
Advertisement 1000 x 90

Ուղեղում էպիլեպտիկ օջախների ավտոմատ որոնման ալգորիթմ է մշակվել

Ռուս գիտնականները մշակել են բիոմիմետիկ (իմիտացիոն) տեխնիկա, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով տեղայնացնել էպիլեպտիկ գործունեության օջախները մարդու ուղեղի կեղեւի տարբեր շրջաններում։ Այս մոտեցումը կբարձրացնի էպիլեպսիայի նյարդավիրաբուժական թերապիայի արդյունավետությունը։ Աշխատանքը հրապարակվել է Journal of Neural Engineering ամսագրում, հինգշաբթի հայտնել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ երկրագնդի վրա մոտ 50 միլիոն մարդ տառապում է էպիլեպսիայի տարբեր ձեւերով։ Մոտ 70 տոկոս դեպքերում հնարավոր է հիվանդությունը բուժել դեղորայքով, սակայն երբեմն այն չի բուժվում։ Դրա պատճառով բժիշկները ստիպված են ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ էլեկտրոդներ տեղադրել կամ վնասել ուղեղի այն հատվածը, որտեղ գտնվում է էպիլեպտիկ օջախը:

Վերոնշյալ ինստիտուտի բիոէլեկտրական ինտերֆեյսների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Օսադչին եւ նրա գործընկերները մշակել են ալգորիթմ, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել էպիլեպտիկ ակտիվության օջախների դիրքը՝ հիմնվելով մագնիսական (ՄԷԳ) կամ էլեկտրական (ԷԷԳ) էնցեֆալոգրաֆիայի համակարգերի կամ վիրահատությունից առաջ հիվանդի ուղեղում իմպլանտացված էլեկտրոդների միջոցով հավաքված տվյալների վրա:

Գիտնականները ծրագրի աշխատանքը փորձարկել են ինչպես արհեստականորեն ստեղծված տվյալների, այնպես էլ ՄԷԳ համակարգերի օգտագործմամբ չափումների արդյունքների վրա, ինչպես նաեւ առնետների ուղեղում էլեկտրոդներ տեղադրելուց հետո: Փորձարկումները ցույց են տվել, որ նոր ալգորիթմը հաջողությամբ տեղայնացնում է լիցքերի աղբյուրները, գրում է ՏԱՍՍ-ը։

news.am