Արման Խարազյան. «12 տարեկանից ստիպված եմ եղել աշխատել գործարանում՝ ընտանիքիս օգնելու համար». life.tert.am
Advertisement 1000 x 90

Արման Խարազյան. «12 տարեկանից ստիպված եմ եղել աշխատել գործարանում՝ ընտանիքիս օգնելու համար». life.tert.am

Հաղորդավար Արման Խարազյանին հեռուստադիտողը  ճանաչում է մոտ 4 տարի: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո Արմանը մեկնել է Մոսկվա, որտեղ սովորել է Կառավարման ակադեմիայում: Այնուհետև փորձաշրջան է անցել տեղի բժշկական կենտրոններից մեկում և 9 տարի աշխատել այնտեղ: Այդ ընթացքում աշխատանքի բերումով  համագործակցել է Ռուսաստանի մի շարք հեռուստաընկերությունների հետ:

Հայաստան վերադառնալուց հետո այստեղ էլ է զբաղվել բժշկական մարքեթինգով. վարել է «Բիո ռիթմ» բժշկական հաղորդումը: Այժմ ներկայանում է «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում, որի ժամանակ զրույցներ է ունենում հայտնի մարդկանց հետ:

Tert.am Life-ը հաղորդավարի հետ զրուցել է անցած ճանապարհի մասին:

– Արման, երկար տարիներ զբաղվել եք բժշկական մարքեթինգով: Թեև աշխատանքի բերումով հյուրընկալվել եք մի շարք հեռուստանախագծերի, թվում էր՝ Ձեր գործունեությունը չի առնչվում հաղորդավարական գործին: Ինչպե՞ս ստացվեց անցումը հյուրի կարգավիճակից հաղորդավարի:

 Հեռուստատեսությունում հայտնվելս պատահական է եղել: Երկար տարիներ «21TV» հեռուստաընկերության հետ համագործակցություն ենք ունեցել, հետո հաղորդում պատրաստելու առաջարկ ստացա, որը երկար ժամանակ քննարկում էինք: Սկզբնական փուլում ինքս էլ չէի պատկերացնում՝ ինչպես է դա լինելու. մինչև այդ մտքովս էլ չի անցնել ներկայանալ որպես հաղորդավար:

Երբ հյուրընկալվում ես ինչ-որ հաղորդաշարի, ծանոթ ես թեմային, հարցերի շրջանակին, պատրաստվում ես քո մասով ու չես էլ պատկերացնում, ինչ մեծ աշխատանք է տարվում մինչև հաղորդման նկարահանումը: Ես չէի պատկերացնում, որ դա այդքան ծավալուն աշխատանք է: Պետք է պատրաստվես, «մարսես» թեման, որպեսզի զավեշտալի իրավիճակում չհայտնվես:

– Ի՞նչ ճանապարհ եք անցել «Բիո ռիթմից» մինչև «Բացարձակ արժեք»:

– Բժշկության ոլորտն ինձ հոգեհարազատ էր, քանի որ երկար տարիներ  զբաղվել եմ բժշկական մարքեթինգով և PR-ով, սակայն ունեի մտավախություններ, քանի որ երբևէ չէի եղել եթերում: Նախապատրաստական աշխատանքներից հետո ինձ վստահեցրին, որ կկարողանամ, և հայտնվեցի եթերում: 2 տարի վարեցի «Բիո ռիթմը»: Դրանից հետո առաջարկ ստացա Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման պրոդյուսեր ու ղեկավար Արամ Հարությունյանից վարել «Բացարձակ արժեքը»:

Ինձ համար հետաքրքիր էր այս ձևաչափը, քանի որ պետք է ներկայացնեինք հանրային ճանաչում ունեցող մարդկանց: Այս անգամ հանդես եկա ոչ թե միայնակ, այլ գրող, հրապարակախոս Արմեն Շեկոյանի հետ: Մտածում  էի՝ նրանից սովորելու բան կունենամ: Որոշ ժամանակ միասին վարեցինք «Բացարձակ արժեքը», և հասկացա, որ շատ հարցերի ընկալման հետ կապված սերունդների տարբերությունն այնքան մեծ է, որ անհնար է միասին աշխատելը, և որոշեցի դուրս գալ՝ տեղս զիջելով Արմեն Շեկոյանին:

Որոշ ժամանակ անց նոր առաջարկ ստացա Արամ Հարությունյանից՝ մենակ վարել «Բացարձակ արժեքը»: Համաձայնեցի, քանի որ այստեղ մենակ էի, կարող էի ուղղել այն հարցերը, որոնք ինձ էին հետաքրքիր  ու  նաև նոր սերնդին. հյուրերի համար բացարձակ արժեք համարվող արժեքը հասկանալու իմ ճանապարհն ունեի: Հիմա ինքս եմ հրավիրում հյուրերին, ինչն ինձ համար ավելի հետաքրքիր է:

– Ձևաչափի փոփոխությանը որքանո՞վ էր դժվար ադապտանալը:

– Դժվար չէր, ուղղակի աշխատատար է: Հարցաշարն ինքս եմ կազմում: Եթե ուզում ես խորքային պատասխաններ ստանալ, պետք է ճանաչես հյուրիդ: Դա պատասխանատու գործ  է: Լինում են դեպքեր, երբ զրուցակիցդ չի ուզում խոսել այս կամ այն թեմայով, պետք է ճանաչես նրան, տրամադրես զրույցին, որպեսզի ստանաս այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում եք դու և հեռուստադիտողը:

«Բացարձակ արժեքն» ինձ համար հետաքրքիր է այն առումով, որ հյուրերը տարբեր ոլորտներից են լինում, ես մշտապես ուսումնասիրություններ եմ կատարում, փորձում եմ հաղորդման շրջանակներում իմ հյուրերին բացահայտել այլ կողմերից, որոնց մասին նրանք երբեք չեն խոսել, կամ այդ խոսակցությունները եղել են ասեկոսեների մակարդակով:  Եվ, ամենակարևորը, հարցազրույցի ժանրն այս ֆորմատով  ինձ շատ հետաքրքիր է. ամեն ծրագրից հետո ես ինքս շատ բան եմ սովորում հեռուստատեսության մեջ ամենաբարդ, ամենապատասխանատու այս ժանրի գաղտնիքների, կուլտուրայի մասին:

– Հաղորդավարի կարիերան ենթադրում է նաև հայտնիություն: Ի՞նչ է Ձեզ տվել հայտնիությունը:

– Այս ոլորտն ինձ տվել է ինքս ինձ վրա աշխատելու, ավելիին ձգտելու ստիմուլ: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր հեռուստաէկրանից կողջունեմ հեռուստադիտողին, ինչ այլևս իրականություն է:

Այն մարդկանցից եմ, որոնք սեփական ուժերով 0-ից սկսել են իրենց գործունեության ճանապարհը: 12 տարեկանից ստիպված եմ եղել աշխատել ընտանիքիս օգնելու համար: Գործարանում հաստոցներն էի յուղում: Տարբեր աշխատանքներ եմ արել: Երեկոյան ժամը 7-ին էի ավարտում աշխատանքս` շատ դեպքերում բաց թողնելով դպրոցի դասերը, սակայն  գիտեի՝ ինչու եմ դա անում և սիրով էի անում:

Հիմա ես ունեմ այն, ինչ ունեմ: Հայտնի եմ, թե ոչ, չեմ կարող ասել. ուղղակի իմ իրականացրած աշխատանքի արդյունքում մարդիկ ճանաչում են ինձ…

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր