Ռուսները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո եւ հատկապես 2021-ի արտահերթ ընտրությանը Հայաստանում մարտի նետեցին ագենտուրային բոլոր ռեզերվները, ավանդական շարասյուններն անբավարար համարելով։ ՌԴ համապատասխան օղակներից համակարգվող մամուլով ու ցանցերով տարածվող քարոզչական աղբի ու ողբի մասշտաբը ուղիղ համեմատական էր Հայաստանի դեմ թուրքերի հետ Մոսկվայի նախաձեռնած ոճրագործությանը։
Թվում է՝ ինչ խնդիր ուներ Մոսկվան Հայաստանում՝ ռուսական մանդատով իշխանություն-ընդդիմություն, գերակշռող ռուսանպաստ քաղաքական դաշտի, մամուլի ու քաղաքագետ-փորձագետների հոծ զանգվածի, բնակչության ռուսասեր հատվածի առկայությամբ։ Պատասխանը մեկը կարող է լինել՝ Հայաստանի պետության, հայկական գործոնի, հայկական իրավունքների իրական կշիռը եւ Մոսկվայի գոյաբանական խնդիրը Հայաստանում։ Գլխավոր խնդիրը հայերին ռուսական հոգեբանական ծուղակում պահելն է թուրքական սպառնալիքով, եւ ամենակարեւորը՝ հայերը հանկարծ չգիտակցեն իրենց իրական կշիռն ու դերը։ Դրա համար էլ գործի են դրվել բոլոր ռեզերվները՝ կվն-ի ու շոու բիզի խեղկատակներից, պրոֆեսիոնալ մատնիչներից մինչեւ նախկին նախագահներ։
Երեւանյան փողոցներում ծավալվող ռուսանպաստ ընդդիմության աննպատակ ու անուղի երթերը, ամեն երկրորդ բառը՝ «թուրք» (պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգները կբացատրեն՝ ինչու), երեւանյան վարչակազմի «խաղաղ դարաշրջանի» ողորմելի «հայեցակարգն» ուղղված են դրան։ Պակասում էր վերջին շտրիխը՝ հետխորհրդային ռուսահայաստանի «հիմնադիր նախագահի» խոսքը, որը հնչեց երեկ, Կրեմլի զգուշացմանը ներդաշնակ՝ մեկ է, ով էլ լինի իշխանության, ստորագրելու է կապիտուլյացիան, ինչքան շուտ՝ այնքան լավ, այլ ճանապարհ չկա։
Ահա եւ ամբողջը։
Հայաստանն իրականում չի պարտվել, պարտվածը ռուսահայաստանն է՝ իր 30 տարի իրար հաջորդող «վերնախավերով», որոնք ընդունակ չեն գտնվել եւ խնդիր էլ չունեին ձեւավորել Հայաստանի ազգային-պետական ինքնիշխան հայեցակարգերն ու Հայաստանի դերը աշխարհում, ինչը պետության գոյության ու զարգացման պայմանն է։ Երեւանյան փողոցներում տեղի ունեցողը ռուսահայաստանի հոգեվարքն է՝ լաոյի սրտաճմլիկ երգի ու «խաղաղ դարաշրջանի» անզորության ներքո։