Հունվարի 25-ն այսուհետ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանի համար տոնական է լինելու. Առավոտյան ճիշտ ժամը 08:00-ին ծնվել է նրա դուստրը՝ Միան: «Անծանոթ ու շատ հաճելի զգացողություններ եմ ապրում հիմա»,- Life.panorama.am-ի հետ զրույցում հուզված նշեց Վաչեն:
«Առաջին հանդիպում, առաջին գրկախառնություն, հուզմունք ու անասելի երջանկություն: Մեկ հանդիպումով աշխարհը փոխվեց, նոր իմաստ գտա ամեն ինչում: Երջանիկ եմ, որ այսուհետ զգալու եմ հայր լինելու բոլոր դրսևորումները»,- նկատեց Վաչեն:
Նորաթուխ հայրիկի խոսքով՝ աղջիկն ու կինը՝ Գայանե Մանուկյանն իրենց հրաշալի են զգում. «Փառք Աստծո, թե կնոջս, թե աղջկաս հետ ամեն ինչ նորմալ է: Նրանք իրենց շատ լավ են զգում»,- նշեց նա:
Վաչե Թովմասյանը դեռևս չի ցանկանում դստեր լուսանկարները հրապարակել: Հետաքրքրվելով, թե հայկական ավանդական շատ ընտանիքների նման նախընտրում են փոքրիկին մինչ 40-օրականը մարդկանց հետ չծանոթացնել, պատասխանեց.
«Խնդիրը ոչ այնքան ավանդույթներին հետևելու մեջ է, այլ պարզապես նա դեռ շատ-շատ փոքրիկ է, դեռ վաղ է նրան լուսանկարել: Երբ մի փոքր մեծանա, սիրով մեր փոքրիկին կցուցադրենք բոլորին»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am