Մեքսիկայի նախագահը դատապարտել է արգելապատ կառուցելու ԱՄՆ-ի որոշումը
Advertisement 1000 x 90

Մեքսիկայի նախագահը դատապարտել է արգելապատ կառուցելու ԱՄՆ-ի որոշումը

Մեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին հունվարի 25-ի երեկոյան ազգին հղած տեսաուղերձում հայտարարել է լատինամերիկյան երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին «խոշոր ֆիզիկական պատնեշ» կառուցելու մասին և հայտնել, որ գործընթացը «կսկսվի անհապաղ»:

«Ափսոսանք եմ հայտնում և դատապարտում եմ արգելապատի շինարարությունը շարունակելու ԱՄՆ-ի որոշումը: Ես քանիցս հայտարարել եմ, որ Մեքսիկան չի վճարելու որևէ պատի համար»,-ասել է Պենիա Նիետոն:

Ներկայում Վաշինգտոնում է գտնվում Մեքսիկայի պատվիրակությունը, որը գլխավորում են երկրի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները: ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ նրանց հանդիպումների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: Հունվարի 31-ին պլանավորված է Մեքսիկայի նախագահի այցը հարևան պետություն և նրա հանդիպումը Թրամփի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր