Բրիտանացի գիտնականներն այն կարծիքին են, որ անհանգստության զգացողությունը և ընկճախտը կարող են մեծացնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը, տեղեկացնում է BBC-ին:
Գիտնականներն Անգլիայում և Ուելսում ուսումնասիրել են ավելի քան 160 հազար մարդկանց առողջական վիճակը, որոնք սկզբնապես բացարձակ առողջ են եղել: Հետազոտության ավարտին գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն մարդկանց մոտ, որոնք հակված են եղել տագնապալի ու ճնշված վիճակի, մեկ երրորդով ավելացել է քաղցկեղային տարբեր հիվանդություններից, մասնավորապես, աղիների, շագանակագեղձի, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահանալու վտանգը:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում. միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ ավելի ստույգ պատճառահետևանքային կապի հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ուռուցքային հիվանդությունները հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից մեկն են ամբողջ աշխարհում:
Քաղցկեղով հիվանդանալու նոր դեպքերի ավելի քան 60 տոկոսը գրանցված է Աֆրիկայի, Ասիայի և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրներում: