Վերջին շրջանում նկատել եմ՝ հետիոտնային այն անցումներում հատկապես, որոնք լուսացույցով չեն կարգավորվում, վարորդները մեծ դժվարությամբ են զիջում անցուդարձ անողներին։ Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ, բայց րոպե առաջ տեղ հասնելու մտքով տարվածները կամ պարզապես հետիոտների հանդեպ քրոնիկ հակակրանք ունեցողները երբեմն անգամ այնպես են սլանում, որ ավտոքեմքենայի թողած քամին ուղիղ երեսիդ է խփում։
Երևույթը վերջերս եմ նկատել, այն բանից հետո հատկապես, երբ վարչապետին սպասարկող ավտոշարասյունը երիտասարդ հղի կնոջ գցեց մեքենայի տակ, ինչի պատճառով երիտասարդ կնոջ ու նրա՝ դեռ չծնված երեխայի կյանքն ընդհատվեց։ Դեպքի առթիվ մինչև օրս ազատությունից զրկված որևէ մեկը չկա, հասարակությունն էլ, ըստ երևույթին, մտածում է, որ եթե վարչապետին ուղեկցող «կորտեժը» կարող է վրաերթ անել ու անպատիժ մնալ, ապա իրե՞նք ինչից վախենան։