Թոքաբան Վիկտոր Սաֆոնովը SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է թողնել ծխելը 5 քայլով։
Դեռեւս 10-15 տարի առաջ ծխելը շատ մոդայիկ էր։ Բայց, բարեբախտաբար, մարդու առողջության համար վնասակար այս մոդան անցել է։ Սակայն ոչ բոլոր ծխողներն են հեշտությամբ հրաժարվում ծխախոտից։ Թոքաբանը թվարկել է հինգ քայլ, որոնք կօգնեն թողնել ծխելը:
Մոտիվացիա
Շատ մարդիկ, որոնք թողնում են ծխելը, որոշ ժամանակ անց վերադառնում են այս վատ սովորությանը: Բանն այն է, որ ծխողների մեծ մասն իրականում պատրաստ չէ ընդմիշտ հրաժարվել ծխելուց: Պետք չէ մոռանալ նաեւ նիկոտինի պահանջի մասին, որը շատ դժվար է հաղթահարել։ Սաֆոնովը խորհուրդ է տալիս չթաքնվել ծխելու վնասակարության եւ առողջ ապրելակերպի առավելությունների մասին ընդհանուր արտահայտությունների հետեւում։ Յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր անձնական մոտիվացիան, որը կստիպի հրաժարվել ծխախոտից:
Ծխելուց հրաժարվելու կոնկրետ ամսաթիվ
Խոստումը, որը կապված չէ օրվա կամ իրադարձության հետ, հաճախ իմաստ չունի: Սահմանեք ձեզ համար կոնկրետ ամսաթիվ եւ մինչ այդ օրը սկսեք աստիճանաբար նվազեցնել օրական ձեր կողմից ծխվող ծխախոտների քանակը:
Ռազմավարություն
Մասնագետի կարծիքով՝ կործանարար սովորությունից հրաժարվելու երկու հիմնական ռազմավարություն կա՝ արագ անզիջում եւ երկարաժամկետ մեղմ։ Թե ինչ մարտավարություն ընտրել, կախված է ծխելու ստաժից, մարդու հիվանդությունների առկայությունից, կամքի ուժից եւ այլն։
Դեղորայքային թերապիա
Ծխողը, ոը որոշել է հրաժարվել ծխախոտից, պետք է պատրաստ լինի ոչ միայն բարոյական, այլեւ ֆիզիկական անհարմարության։ Որոշ մարդկանց մոտ գլխացավեր, դյուրագրգռություն, արագ հոգնածություն է առաջանում։ Այս ամենը կարող է հանգեցնել խափանման, եւ ծխելուց հրաժարվելը կավարտվի ձախողմամբ: Այս դժվար շրջանն ավելի հեշտ տանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս դիմել ծխախոտի այլընտրանքներին՝ հատուկ սպեղանիներ, մաստակներ եւ դեղամիջոցներ։
Փոխել «ուշադրության կենտրոնացումը»
Սկզբում մարդը շատ կկարոտի ծխախոտը։ Ուստի նիկոտինային կախվածության դեմ պայքարում հաջողության գրավականը ձեր ուղեղը այլ բանի վրա կենտրոնացնելու ունակությունն է: Նախապես մտածեք, թե ինչով կարող եք փոխարինել ծխելու սովորական ընդմիջումները: Դա կարող է լինել 5 րոպե երաժշտություն լսելը կամ նույնիսկ ավելի լավ՝ 10 րոպե վարժություն անելը, որը ոչ միայն կփոխի «ուշադրության կենտրոնացումը», այլեւ լրացուցիչ առողջական օգուտ կբերի։