Քվինսլենդի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր էսթետիկ նկատառումներով ծանրություն են բարձրացնում, ենթարկվում են մկանային դիսմորֆիայի զարգացման վտանգին, գրում է News Medical Life Sciences-ը:
Մկանային դիսմորֆիան, որը նաեւ կ«հակադարձ անորեքսիա» կամ «բիգորեքսիա» է կոչվում, բնութագրվում է մոլուցքային մտքերով, հարկադրական վարքագծով եւ մարմնի մասին պատկերացման աղավաղումներով, ընդ որում, դրանով տառապողներն իրենց ավելի փոքր են զգում, քան կան իրականում:
Մարդաբան դոկտոր Մեյր Անդերվուդը եւ Հարվարդի հայտնի փորձագետ Ռոբերտո Օլիվարդիան անցկացրել են առաջին հետազոտությունը, որը թույլ է տալիս ներսից հայացք գցել այս խանգարման վրա:
Դոկտոր Անդերվուդի խոսքով` մկանային դիսմորֆիան առաջին անգամ հայտնաբերվել է բոդիբիլդերների մոտ՝ մարդիկ, ովքեր ամենից հաճախ են տուժում այս խանգարումից:
«Բոդիբիլդինգը հոգեկան առողջության համար վտանգավոր միջավայր է, եւ քանի որ շատ երիտասարդներ են իրենց մարմինը կառուցում` լավ տեսք ունենալու համար, մկանային դիսմորֆիայի զարգացման վտանգը չի կարելի անտեսել»,- նշել է նա:
Մկանների հետ կապված պաթոլոգիական մտահոգությունը կարող է մեծ հոգեկան անհանգստություն առաջացնել, եւ այս հիվանդությամբ տառապողներից շատերը փորձում են ինքնասպանություն գործել:
Թեեւ որոշ կանայք տառապում են մկանային դիսմորֆիայով, տղամարդիկ ռիսկի առանձնահատուկ խմբում են:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բոդիբիլդինգով զբաղվող բոլոր տղամարդիկ իրենց որպես մկանային դիսմորֆիայով տառապող են բնութագրում:
Պարզվել է նաեւ, որ որոշ բոդիբիլդերներ փորձում են հաղթահարել այս խանգարումը` կշռելով եւ չափելով իրենց, լուսանկարվելով եւ կարծիք խնդրելով այլ մարդկանցից:
«Ցավոք, մենք չգիտենք, թե ինչ է «առողջ» կամ «նորմալ» բոդիբիլդինգը եւ ինչով է այն տարբերվում հոգեախտաբանական բոդիբիլդինգից,- ասել է բժիշկ Անդերվուդը:- Բայց բոդիբիլդինգի համայնքի հետ համագործակցությամբ մենք կարող ենք ուղիներ մշակել՝ այս խանգարմամբ մարդկանց օգնելու կառավարել այն եւ, նախեւառաջ, կանխել դրա զարգացումը»: