Կորոնավիրուսի դարաշրջանում, ինչպես երբեք, շատերն են փորձում ամրացնել իրենց իմունիտետը։ Եվ այդ անհանգստությունը, ինչպես եւ կորոնավիրուսը, ըստ երեւույթին, քրոնիկական բնույթ է կրում։ Բայց պետք է իմանալ, որ, փորձագետների կարծիքով, իմունիտետը կարելի է ամրացնել բազմաթիվ միջոցներով՝ պարզապես օրվա կարգը փոխելով, գրել է Eat This, Not That!-ը։
Քնի ժամանակ օրգանիզմի շատ համակարգեր, այդ թվում եւ իմունային համակարգը, վերալիցքավորվում եւ վերականգնվում են։ Եթե քունը կիսատ է մնում, իմունիտետը կարող է տուժել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի կորուստը կարող է ազդել իմունային համակարգի տարբեր մասերի վրա, ինչը կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների առաջացման։ Այդ խախտումները կարող են վերաբերել COVID-ի եւ գրիպի վիրուսներին ու այնպիսի հիվանդությունների, ինչպիսին են քաղցկեղը, սրտի հիվանդությունները, դիաբետը եւ տկարամտությունը։
Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն սիրտն ու մարմինն է պահում լավ վիճակում, այլեւ նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։ Առողջության ազգային ինստիտուտի տվյալներով՝ ֆիզիկական վարժություններն ամրացնում են իմունիտետը՝ թոքերից եւ շնչուղիներից դուրս բերելով մանրէները՝ արյանը մատակարարելով բուժիչ հակամարմիններ եւ արյան սպիտակ մարմիններ, ինչպես նաեւ դանդաղեցնելով սթրեսի հորմոնների առաջացումը։
Ալկոհոլի չափից մեծ քանակությունը կարող է դատարկել ձեր դրամապանակը եւ քայքայել իմունիտետը։ Օրգանիզմի բոլոր համակարգերը հիանալի վիճակում պահելու համար փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից կամ չափավոր օգտագործել այն, այսինքն՝ երկու գավաթից ոչ ավելի տղամարդկանց եւ մեկից ոչ ավելի՝ կանանց համար։
Քրոնիկական սթրեսը ուղեղին ստիպում է ավելի շատ կորտիզոլ հորմոն արտադրել, որը մի շարք բացասական ֆիզիկական հետեւանքներ ունի՝ ներառյալ իմունիտետի թուլացումը։
Երբ խոսքը իմունային համակարգի ամրացման մասին է, առողջ սնվելն ավելի գործուն միջոց է, քան ցանկացած էկզոտիկ հավելում։ Մրգեր եւ բանջարեղեններ օգտագործելը նշանակում է, որ կստանաք ավելի շատ միկրոէլեմենտներ, որոնք լավ վիճակում կպահեն ձեր իմունիտետը։