Նոր սերունդն ավելի առողջ է ու խոցելի
Advertisement 1000 x 90

Նոր սերունդն ավելի առողջ է ու խոցելի

Եթե մեկ տասնամյակ առաջ հնարավոր էր մեկ-երկու տարվա տարբերությամբ գուշակել, թե այս կամ այն մանկահասակ աղջիկը քանի տարեկան է, այսօր, հատկապես մայրաքաղաքում, կարելի է տեսնել հարդարված մազերով, երկար, նախշազարդ եղունգներով, բարձրակրունկ կոշիկներով, որոշակի դիմահարդարմամբ օրիորդիկների: Իսկ ամեն տեսակի մանկական գեղեցկության մրցույթներն արդեն «հաճելի» ավանդույթ են. անմիջապես չոչից հետո, երբ երեխաները նոր-նոր սկսում են քայլել, ծնողները հանկարծ որոշում են, որ օրորոցից մի կերպ իրենց մոտ հասնող մանուկներն արդեն կարող են հանգիստ քայլել նաև պոդիումով: Այս երևույթը թերևս կարիք ունի հոգեբանի մեկնաբանության, ինչի մասին էլ զրուցեցինք կլինիկական հոգեբան, Հոգեբույժների և հոգեբանների ընկերության հոգեբանական ծրագրերի տնօրեն, ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության կուրսի ղեկավար ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

 

– Թերևս ոչ մեկիս աչքից չի վրիպել նախադպրոցական և դպրոցական տարիքի աղջիկների արտաքինը` հարդարված մազեր և տարիքով կանանց հատուկ այլ ատրիբուտներ: Շփվելով հիմնականում մեծահասակների հետ` ի՞նչ եք կարծում, նրանք այսօր ի վիճակի՞ են դաստիարակել նորմալ սերունդ:

– Գիտե՞ք, երբեմն որոշ երեխաներ միայն արտաքինից են երեխաներ, բայց նրանց հագուստի ոճը, սանրվածքը ավելի շատ 30-ն անց տիկինների է հիշեցնում: Ամեն դեպքում, չպետք է մոռանալ, որ բոլոր երեխաներն էլ սիրում են կրկնօրինակել մեծահասակներին և, առաջին հերթին` իրենց մայրիկներին, ինչը միանգամայն բնական է: Ինչ վերաբերում է նորմալ սերնդի դաստիարակությանը, կարծում եմ, որ մարդիկ այսօր ավելի բաց ու ազատ են նոր մոտեցումների և մեթոդների հարցում, սակայն մենք, ասես, ամբողջովին հրաժարվել ենք նախկինից և չունենք նոր գաղափարախոսություն: Յուրաքանչյուր ծնող յուրովի է փնտրում իրեն հուզող հարցերի պատասխանը:

– Իսկ որքանո՞վ է ճիշտ մանկական գեղեցկության և պարի մրցույթների տարածումը:

– Նկատել եմ մանկական պարային մի խումբ, որում ընդգրկված երեխաներն էրոտիկ էլեմենտներով հագեցած շարժումներ են կատարում: Այդ պարերում, թվում է, ուսուցիչների էրոտիզմն է արտահայտված: Եթե նման մրցույթները չեն համապատասխանում տվյալ տարիքային շրջանին, առնվազն ծիծաղելի են, երբեմն` վիրավորական, իսկ հիմնականում` անընդունելի: Իհարկե, հնարավոր չէ արգելել նմանատիպ բոլոր մրցույթները: Միայն թե լավ կլինի, որ դրանց կազմակերպիչները մնան այդ տարիքային շրջանակներում, որպեսզի չհայտնվեն անհեթեթ ու հիմար վիճակում:

– Շատ հայ տղամարդիկ պարծենում են, որ իրենց որդիներին, առաջին բառերը թոթովելու պահից, «մայրիկ», «հայրիկ» բառերի փոխարեն, սովորեցնում են հայհոյանքներ` համարելով, որ դա առնականության, ուժի ցուցադրություն է:

–  Հոգեբանության լեզվով դա վերբալ կամ բառացի` ագրեսիայի տարբերակ է: Ուղղակի չպետք է մոռանալ, որ այդ նույն հայհոյանքներն օրերից մի օր կարող են ուղղվել հենց ծնողներին: Սա այնպիսի նուրբ հարց է, որ հասարակությունն ինքը պետք է աստիճանաբար դրան հասնի: Հնարավոր չէ հոգեբանների կամ ինչ-որ զրույցների միջոցով այդ ընկալումները փոխել: Դա ինքնագիտակցությամբ, կրթությամբ կարգավորվող հարց է:

– Արևմուտքում երեխան ազատ է այն աստիճան, որ կարող է դատի տալ անգամ հարազատ ծնողներին: Հայաստանում երեխաները, որպես կանոն, կաշկանդված են, քանի որ անընդհատ լսում են ծնողների` «սա կարելի է», «սա չի կարելի» արտահայտությունները: Անընդհատ ծնողական խրատի տակ մեծանալը երեխաների ազատությունը սահմանափակո՞ւմ է, թե՞ նպաստում դաստիարակությանը:

– Հոգեբաններն այս հարցում միշտ նույն մոտեցումն ունեն: Արգելելու փոխարեն՝ կարելի է ասել.«Իմ կարծիքով, դա այնքան էլ լավ չէ, բայց դու պետք է որոշես»: Սա առաջին հերթին նշանակում է` պատասխանատվությունը թողնել երեխային: Վերջինս այդ դեպքում կարող է ավելի զգույշ, հաշվարկված կամ հավասարակշռված կայացնել իր որոշումը: Երեխան ինքնահաստատման ճանապարհին սիրում է հակասական ուղիով գնալ, որի պատճառով նա կարող է դիմել հասարակության կողմից անթույլատրելի արարքների, ձեռք բերել վատ սովորություններ` թմրանյութի օգտագործում, ծխախոտի  չարաշահում: Եվ այս ամենն իրականում ուղղված է մեծերին ցույց տալու սեփական Ես-ի կայացման ճիգը, ինչին ծնողը կամ հասարակությունը ոչ թե ներողամտաբար է վերաբերվում, այլ ագրեսիվ: Հետո զարմանում ենք` ինչո՞ւ երեխան դարձավ հանցագործ: Թշնամաբար տրամադրվելով երեխայի ոչ թե արարքի, այլ անձի նկատմամբ, մենք հաճախ շփոթում ենք այդ երկու տարբեր խնդիրները, ինչն էլ ծնողի և երեխայի միջև կոնֆլիկտներ է առաջացնում:

– Նկատելի է, որ Հայաստանում ծնող-երեխա հարաբերությունը մի տեսակ դիստանցված է: Երեխան չի վստահում ծնողին կամ վախենում է վստահել, քանի որ համոզված չէ, որ ծնողի արձագանքը կլինի համարժեք:

– Ես գիտեմ աղջիկների, որոնք այնքան են վստահում իրենց մորը, որ դա կյանքում բարդությունների առաջ է կանգնեցնում, քանի որ մեծանալով՝ մնացել են մայրիկի 13-ամյա աղջնակները, որոնք մշտապես ունեն մոր կարիքը: Սակայն եթե երեխան պատանեկան կամ հետպատանեկան շրջանում է, չի կարող ծնողների հետ կիսել իր դժվարությունները, որովհետև ծնողների պահանջներն ու բարոյական չափանիշները միշտ չէ, որ ընդունելի են պատանու կամ երիտասարդի համար: Պատանեկան տարիքից սկսած` երեխաները պետք է ունենան որոշակի գաղտնիքներ, որոնք ծնողներին ասելն ամենևին էլ պարտադիր չէ:

– Թեպետ ձգտում ենք ինչ-որ չափով մոտենալ եվրոպական չափանիշներին, այնուամենայնիվ, Հայաստանում շատ աղջիկներ չեն կարողանում տանից դուրս գալ` առանց ծնողների թույլտվության: Ինչի՞ կարող են հանգեցնել նման սահմանափակումները:

– Դրանք, ի վերջո, հանգեցնում են անցանկալի ու անսպասելի պոռթկումների: Այդ աղջիկները հարմար առիթով փորձում են ազատվել ընտանիքից: Ցավալին այն է, որ նրանք հարմարվում են այդ իրավիճակին ու ապրում արտաքին աշխարհից կտրված: Հնարավոր է, որ հետագայում նրանք այդպես էլ ինքնուրույնություն ձեռք չբերեն: Հեթանոսական, գեղջկական թե 20-րդ դարասկզբից եկող այդ սովորույթները պատճառ են դառնում մի շարք այլասերությունների: Աղջիկը կարող է ունենալ երկակի կյանք. մեկը` ծնողի ուզած, մյուսը` իր ուզած ձևով: Նրա մոտ մի դեպքում՝ կարող է լինել հիասթափություն, դեպրեսիա և անգամ ինքնասպանության ցանկություն, մյուս դեպքում` վրեժխնդրություն ծնողների նկատմամբ: Այդ պատճառով ծնողներին խորհուրդ եմ տալիս՝ չափը չանցնել անգամ արգելքների ու վիրավորանքների մեջ, որոնք հղի են բազում անցանկալի, հաճախ` ճակատագրական հետևանքներով:

– Հայրերի ու որդիների խնդիրը մարդկության պատմության տարիքին է: Լինելով ավագ սերնդի ներկայացուցիչ, նշեք ձեր և այս սերնդի տարբերությունը` մասնագիտորեն:

– Նոր սերնդի հաճելի առավելություններից մեկն այն է, որ երիտասարդներն իրենց հույսը հիմնականում դնում են իրենց վրա: Ես հիացած եմ մեր երիտասարդության ինքնատիպությամբ, ինքնուրույնության ձգտումով: Նոր սերունդն ավելի առողջ է ու ավելի խոցելի, քանի որ ավելի բաց է: Այս առումով` վտանգները գուցե ավելի շատ են նրանց համար: Չէ՞ որ այսօր նարկոմանիան, խաղամոլությունն ավելի են տարածված:

Հարցազրույցը` Մերի Առաքելյանի

«3Միլիոն»



Նման նյութեր