Օրերս Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն տարածեց՝ կապված «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հատուցում. կոռուպցիա-2» ֆիլմի առնչությամբ: Ֆիլմի դրվագներից մեկն ակտիվորեն քննարկվում է նաեւ համացանցում: Խոսքն այն դրվագի մասին է, որ հերոսներից մեկն իր նկարը պատկերել է խաչված Հիսուսի փոխարեն: Դրվագի մասով հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն, ըստ որի՝ «Այն նսեմացնում եւ վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցին, հակասում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 1-ի «Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» որոշմանը»:
Այո, դիտողի մոտ առաջին հայացքից խիստ բացասական ազդեցություն է թողնում դերասանի նկարը խաչված Հիսուսի նկարի փոխարեն տեսնելը: Սակայն այն հասկանալու համար պետք է դրվագն ամբողջությամբ տեսնել ու հասկանալ: Իրականում ֆիլմի հեղինակները ոչ թե նպատակ են ունեցել ծաղրել Հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեական հավատքը, այլ ծաղրել այդ հավատքը ծաղրողներին, հավատքի քողի տակ իրենց սրբադասող սրբապիղծներին: Ֆիլմի հերոսն ԱՄՆ-ում բնակվող, կեղտոտ փողերով հարստացած, սրբություններ չճանաչող մեկն է, ինչպես ինքն է ասում՝ «Քրիստոսի տանջանք է կրել, մինչեւ այդքան բանի է հասել»: Ու քանի որ շատ փող ունի, իրեն իրավունք է վերապահում իր նկարը դնել Հիսուսի նկարի փոխարեն ու ոմանց ստիպել երկրպագել ու պաշտել իրեն՝ որպես փրկչի: Երբ համացանցում ակտիվացան քննարկումները՝ կապված այս տեսարանի հետ, դերասան Սոս Կարապետյանը հանդես եկավ լայվով եւ բացատրեց, որ ինքը ծաղրել է այն մարդկանց, ովքեր փողով հայրենիք են վաճառում, փողով սրբանում են, փողի դիմաց ամեն ինչի պատրաստ են: Եվ, իրոք, այդպիսի կերպարներն իրական են, ապրում են մեր կողքին: Թե կոնկրետ ում են նկատի ունեցել ֆիլմի հեղինակները, չի նշվում:
Բայց մենք ունենք մեր տարբերակները. հիշենք, թե տարիներ առաջ Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերն ինչպես էր ցնցել շատերին: «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի պատկերով էր: Աբովյանը կառուցել էր սույն եկեղեցին եւ, հավանաբար, ցանկացել իրեն նույնպես դասել սրբերի շարքը: Մեկ այլ մեծահարուստ՝ Կարեն Կարապետյանը, ով ֆինանսական ներդում է ունեցել Մայր Աթոռի վերականգնման գործում, իր «սրբապատկերը» թողել է Մայր Աթոռի պատերի ներսում: Մի մեծահարուստ, ով ընտրությունից ընտրություն «բարեգործ» է դառնում, մեկ-երկու կիլոգրամանոց օգնության փաթեթների համար մի ամբողջ հաղորդաշար է նկարահանում, որտեղ իրեն աստվածացնում ու մեծարում են, համեմատվում է փրկչի հետ: Ու դա՝ օլիգարխի հեռուստաընկերությամբ, շուրջօրյա ռեժիմով: Մի խոսքով, այս ֆիլմի հերոսն իրական է, ապրում է մեր կողքին, եւ ֆիլմի հեղինակները հենց նրանց են ծաղրում, ոչ թե մեր հավատքը: Իսկ եթե հիշենք, թե ինչպես էր Փաշինյանը խոսում Հիսուսի անունից, ինչպես էր Աննա Հակոբյանը ոտքը ոտքին գցած եւ ոչ պատշաճ հագուստով նստել կաթողիկոսի կողքին, ինչպիսի արշավ սկսվեց 2018-ից հետո Հայ առաքելական եկեղեցու դեմ, ապա պարզ կլինի, թե ով կամ ովքեր են ծաղրում քրիստոնեական հավատքը:
Հանձնաժողում բարձրացված մյուս հարցը. «… Հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի՝ հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիան» է: Այո, ֆիլմում ներկայացվում են նաեւ հանցաշխարհի բարքերը՝ բացասական լույսի ներքո: Հերոսների բառապաշարը երբեմն անթույլատրելի ժարգոնային է, ինչպես հայաստանյան շատ հեռուստասերիալներում: Բայց մի բան զավեշտալի է՝ Նիկոլի «հարուստ» բառապաշարը լսած ազգին վախեցնում եք հանցաշխարհի բառապաշարի տարածմա՞մբ։ Լո՞ւրջ…
Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչու ՀՌՀ-ն ամեն ինչ անում է, որ կասեցնեն այս ֆիլմի ցուցադրումը: Ֆիլմը ներկայացնում է օտար փողերով Հայաստանում իշխանության եկած սուտ հեղափոխականներին, ովքեր եկել ու սեփականության կռիվ են տալիս «հետհեղափոխական» Հայաստանում, ովքեր իրենց կոռուպցիոն կանոններն են թելադրում գործարարներին:
Խոսվում է «Հայաստան» համահայակական հիմնադրամի «կորած» փողերի, դավաճանությունների մասին, որը բերեց 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտին: Այս ֆիլմում շատերը կարող են իրենց տեսնել՝ Ջաբրայիլի հրամանատարը, ով պարտությունից եւ իր զինվորներին զոհաբերելուց հետո ողջ է մնացել ու արժանացել Մարտական խաչի, բոլոր այն պարտված գեներալները, ովքեր Արցախի հողերը տվեցին ու չպատժվեցին, Եռաբլուրը մեծացնողները, Լոսի քիսո-հասոները, որոնք քարոզչություն են անում Քրիստոսի անունից, բոլոր ֆեյքերին ֆինանսավորողները: Այստեղ իրենց կարող են տեսնել իջեւանցի ոստիկանապետը՝«Երեւան քաղաքի գողը՝ միլիցու շորերով», իրավապահ համակարգի աշխատողները, ովքեր անցնում են մարդկային ու բարոյական բոլոր գծերը: Այստեղ «ներկա» է Հայաստանի նախագահը, ով իրեն՝ սխալ, Նիկոլին՝ ճիշտ հռչակեց ու երկրի ղեկը հանձնեց նրան: Այստեղ իրենց կարող են տեսնել գռզոները, դատավորները, ճամբարափոխ նախկինները եւ, իհարկե, նրանց բոլորի շեֆը։ Մի խոսքով, այս ֆիլմի մեջ շատերը կտեսնեն իրենց, ու բնական է, որ կցանկանան կասեցնել այս ֆիլմի ցուցադրումը։