Ո՞վ է սրում իրավիճակը Հայաստանում, իրավիճակը լիցքաթափելու ամենապարզ քայլն իշխող ուժի կողմից լիդերի փոփոխությունն է․ Վահե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Ո՞վ է սրում իրավիճակը Հայաստանում, իրավիճակը լիցքաթափելու ամենապարզ քայլն իշխող ուժի կողմից լիդերի փոփոխությունն է․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հոդվածում փորձել է պարզել, թե ո՞վ է Հայաստանում սրում վիճակը։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։

Հակառակը. նա, ով քիչ թե շատ հասկանում է իրավիճակը և զգում է իր չափով պատասխանատվություն, պետք է անի ամեն ինչ՝ ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու համար։ Ովքեր մտածում են այսպես՝ բնական դաշնակիցներ են։

Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի անլուրջ գործով երեկ Բագրատ Եսայանին պետք է ձերբակալեն, միջնորդեն կալանավորելու։

Շատ կարևոր է, որ այս հարցն իր ներսում սկսի տալ իշխող ուժը, պետական համակարգը։ Բագրատ Եսայանի շուրջ տեղի ունեցողն անմիջապես մեծացնում է չարությունը ողջ իշխանական թիմի հանդեպ։ Իսկ գուցե որոշումներ կայացնողը հենց դա՞ է ուզում՝ չարության աճ, կոնֆլիկտի անընդհատ սրում։ Գուցե իրեն դա պետք է, բայց ուրիշ ոչ մեկին պետք չէ։

Բագրատի հանդեպ այս անմիտ քայլը բերում է ընդամենը կոնսոլիդացիայի և, մյուս կողմից, ատելության մեծացման՝ նրանց հանդեպ, ովքեր դա անում են և դա հանդուրժում, ըստ այդմ՝ պասիվ կերպով աջակցում։ Սա պե՞տք էր հիմա։

Ո՞րն է իմաստը՝ Չալաբյան Ավետիքի նման կիրթ մարդուն կալանավորելու։ Չկա որևէ բանական բացատրություն։ Դա մեկ հոգու գլխում ծնված գաղափար է։ Բայց այդ մեկը դրանով վտանգում է երկրի ներքին մթնոլորտը և հարվածի տակ դնում իր իսկ թիմակիցներին։

Ո՞րն է իմաստը՝ մյուս տղերքին կալանավորելու. ոչ մի։ Երբ կարմիր բերետավորները փողոցի խուժան կռվի պահվածք են դրսևորում, դիմացինին կալանավորելու բարոյական իրավունք և ընդունելի բացատրություն չկա։ Մանթաշյան Նարեկին, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղա է, սադիստի նման պահում եք բանտում, որ ի՞նչ։ Մյուս բոլոր ջահելներին, որոնցից շատերը կռվի մասնակից, ազնիվ տղաներ են, ո՞րն է իմաստը պահելու կալանքի տակ՝ մեծացնելով նրանց աջակիցների չարության դոզան։

Այս պրոցեսում յուրահատուկ կարևորություն է ձեռք բերել դատավորների դերը։ Բացի պարզապես արդարադատության օղակում իրենց դերը կատարելուց, այն դատավորները, որոնք չեն ընկնում քաղաքական ճնշումների ազդեցության տակ, իրենց պահում են որպես մասնագետ ու մարդ, իրենց քայլերով օգնում են զսպել, մեղմել լարվածությունը։ Ամեն հերթական ապօրինի կալանքի դիմումի մերժումով նրանք օգնում են զսպել չարության խորացումն ու իրենց որոշումով բուֆերի դեր են ստանձնում՝ հանրային սրվող տրամադրությունների միջև։

Նոյեմբերի 9-ը չունի դատաիրավական լուծում։ Դա այդ հարթությունից դուրս է։ Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել հետևյալը. 43 օր «հաղթում ենք» պետական քարոզից հետո մի օրում, բոլորից թաքուն, այդ թվում՝ ժողովրդից և թիմակիցներից, ստորագրվում է ծանր-ստորացուցիչ փաստաթուղթ։ Հիմա ի՞նչ ենք կարծում, հասարակության կողմից որևէ ռեակցիա չպե՞տք է լիներ։ Այսինքն՝ մի կողմը կարող է խաղալ մի ամբողջ պետության ճակատագրի հետ կամ  միայնակ որոշել՝ պատերազմը հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել, իսկ  մնացածը մատաղացու ճագարի նմա՞ն պահեն իրենց։

 

Վստահ եմ՝ թիմում շատերը գոնե իրենք իրենց հարց տված կլինեին. ինչո՞ւ իրենց առաջնորդը ԱԺ-ի ամբիոնից ասաց ամենաահավոր նախադասություններից մեկը. «Մենք կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։

Սա ասելու բա՞ն էր։ Ու հենց այս միտքը գեներացրեց լարվածության նոր ալիք, չարության նոր մակարդակ։ Հասկանու՞մ եք, թե ինչպե´ս, ի´նչ սրությամբ դա ընկալվեց հասարակության, տասնյակ հազարավոր ընտանիքների կողմից։

Թիմում պետք  է շատ ավելի լուրջ մտածեն այդ մասին։ Իրենց ղեկավարի ամեն ելույթ, ամեն քայլ լարվածության, տագնապի, չարության նոր առիթ է տալիս։ Ոչ մի ժողովուրդ չի դիմանա նման մշակույթի։ Սա լավ բանի չի բերի։

Նորից եմ ուզում շեշտել. բոլոր նրանք, ովքեր մտածում են ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու, քաղաքական ճգնաժամը բացառապես քաղաքական լուծումներով հաղթահարելու ուղղությամբ, բնական դաշնակիցներ են։

Ամենապարզ քայլը, որ կլիցքաթափի իրավիճակը, իշխող ուժի կողմից լիդերի փոփոխությունն է։ Սա էապես կթուլացնի լարվածությունը և կբացի հանդարտ և բազմակողմ երկխոսության դաշտ։

Իսկ մինչ այդ, քանի կատարվում է անօրինականություն՝ մեր ընկերների, ակտիվիստների հանդեպ, պետք է լուրջ կազմակերպել նրանց աջակցությունը։ Մեկ վայրկյան անգամ որևէ մեկը չպետք է զգա, թե ինքը մենակ է։

Կարծում եմ՝ պետք է կազմակերպել ժողովրդական հանգանակություն՝ փաստաբանների և այլ ծախսերի հոգման համար։ Քաղաքացու կոպեկները շատ թանկ են. դրանք, բացի նյութականից, ունեն մեծ բարոյական արժեք։ Մեդիայի բոլոր ռեսուրսներով պետք է ձևավորել ճիշտ հանրային տրամադրություններ։ Պայքարն իսկապես ոստիկանների դեմ չէ։ Քաղաքական իշխանությունն է ուզում, որ այդպես լինի»։